Այն, որ Եկեղեցին է գլխավորում այս շարժումը, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարած ներքին քաղաքականության հետևանքն է. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անհնազանդության ակցիաներն արդեն անցկացնում է նաև Երևանում, հնչել է վարչապետի հրաժարականի պահանջը, ու նաև խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին է հայտարարվել։ Նախ ձեր գնահատականն եմ խնդրում շարժման մասին, և որքանո՞վ եք հավանական համարում, որ անվստահություն հայտնելու գործընթացը իրականություն կդառնա, եթե նկատի ունենանք այն, որ ընդդիմությունը չունի բավարար թվով մանդատներ։

– Գործընթացը նոր է սկսվել, ու դժվար է ընդհանուր գնահատել այն, բայց մի քանի բան ակնհայտորեն կարող ենք արձանագրել։ Առաջինն այն է, որ հանրության լայն ու բազմազան շերտեր էին ներգրավված մայիսի 9-ի հանրահավաքին, ու այն հանգամանքը, որ իշխանական թևից անընդհատ լսում ենք, թե ռուսական գործակալներն են, պատերազմ են ուզում կամ հրահրում և այլն, բնականաբար, չեմ բացառում, որ նման շերտեր էլ կան: Այնտեղ կան մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ բազմիցս ցույց են տվել իրենց քաղաքական պատկանելությունը, բայց բոլորին այդ որակումը տալը սխալ է, որովհետև այդտեղ կան ակնհայտորեն այլ քաղաքական օրակարգերով ու պատկերացումներով մարդիկ։ 

Շատ ակնհայտ է, որ հանրության լայն շերտերն են դժգոհ, ու այդ շերտերը կարողացան համախմբվել, սա վերջին շրջանի համար հանրային կոնսոլիդացիայի քիչ հանդիպող դեպք էր, սա շարժման առաջին ողջունելի փաստն է։ 

Երկրորդ բանը, որ տեսանք, Բագրատ Սրբազանի հռետորական արվեստն է, որով կարողանում էր կառավարել ամբոխին, ինչը ևս դրական է։ Բայց տեսանելի են նաև բացերը՝ քաղաքական օրակարգի բացակայությունը, հստակությունների բացակայությունը։ Կոպիտ եթե ասեմ՝ նրանք փողոցը լավ չեն պատկերացնում, դրա համար էլ հիմա ակնհայտորեն երևում է, որ դժվարություններ ունեն: Նույն տեխնոլոգիաները, որոնք եղել են 2018-ին, հիմա այդպես պարզ տրամաբանությամբ օգտագործելը հաջողություն չի ունենալու։ 

Կարծում եմ, կազմակերպիչները շուտով կհասկանան այդ բացերն ու որոշակի քայլերի կդիմեն, եթե դա նրանց հաջողվի ու ավելի լայն կոնսոլիդացիա ապահովեն, ապա ավելի ունակ մարդկանց, ավելի փորձառուների ներգրավմամբ էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն։ 

Ինչ վերաբերում է իմփիչմենթի գործընթացին, մենք տեսել ենք խորհրդարանի այսպես կոչված ընդդիմադիր հատվածի գործունեության պոտենցիալը, ու զուտ քանակապես չեն կարող այդ գործընթացը կյանքի կոչել, իրենց անհրաժեշտ են ՔՊ-ից մարդիկ։ Դա անլուծելի հարց չէ, բայց ովքեր պետք է լուծեն այդ հարցը, կասկածում եմ, որ նրանք կարող են, այս պահին չեն կարող անել դա։ 

Իմփիչմենթը տարբերակներից մեկն է, որի մասին հայտարարել են, ու եթե չանեն, դա արդեն ձախողում կլինի, չի բացառվում, որ այլ տարբերակներ էլ լինեն: Եթե այդ նույն պատգամավորներն ուզում են ինչ-որ կարևոր բան արած լինել, ապա կարող են պարզապես մանդատները վայր դնել, ու այլ բովանդակությամբ քաղաքական գործընթացներ սկսվեն երկրում։ Ամեն ինչ ընթացքից է կախված։ 

– Որ ասում եք, թե անհնարին չէ, որ ՔՊ-ից անհրաժեշտ թվով պատգամավորներ միանան գործընթացին, այսինքն՝ այդ վստահությունն ունե՞ք, որ ինչ-որ պահի իրենք դեմ են գնալու իրենց քաղաքական առաջնորդին։

– Այդ մարդիկ քանիցս ապացուցել են, որ կարող են հանգիստ դեմ գնալ իրենց հռչակած սկզբունքներին, չեք մոռացել, չէ՞, որ իրենք եկել են ժողովրդավարության և այլ կարգախոսներով, իսկ հիմա ամենաոչժողովրդավար գործունեությունն են ծավալում, մարդկանց սպառնում են, ուսանողներին սպառնում են։ Եթե նրանք կարողանում են շատ հանգիստ իրենց սկզբունքների վրայով անցնել, ապա ի՛նչն է խնդիրը, որ իրենք դեմ քվեարկեն, համաձայնություն ստանալն ընդամենը բանակցությունների խնդիր է։ Նայած ինչ կառաջարկեն իրենց, համենայնդեպս, ՔՊ-ի պատգամավորները քաղաքականապես սկզբունքային մարդիկ չեն ու շատ հանգիստ կարելի է նրանց հետ առևտուր անել։

– Բայց խմբակցությունից վստահեցնում են, որ անգամ կես ձայն չեն կարող իրենցից տանել։

– Դե խոսում են, էլի։

– Պարո՛ն Սահակյան, իսկ համաձա՞յն եք այն կարծիքներին, որ Եկեղեցին չպետք է նման քայլ աներ, որ սա անընդունելի է, որ Եկեղեցու գործը չէ քաղաքական հարցերին խառնվելը։

– Նախ այն հանգամանքը, որ Եկեղեցին է գլխավորում այս շարժումը, նույնպես Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած ներքին քաղաքականության հետևանքն է։ Երբ հետևողականորեն հեղինակազրկում էին բոլոր քաղաքական գործընթացները, ոչնչացնում էին կուսակցությունները, հեղինակազրկում էին մարդկանց, բա ի՞նչ էին ուզում։ Իրենք Դոգ են աճեցրել, ու այսօր նա քաղաքապետարանի ընտրություններում որոշիչ ազդեցություն է ունեցել, եթե հայհոյախոսության արքան կարող է քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, ապա ինչո՞ւ Եկեղեցին չի կարող ունենալ, ո՞վ է ասում, որ արգելված է, մարդկության պատմության մեջ էլ են եղել նման դեպքեր։ Մեր Եկեղեցին առաջին անգամ չէ, որ պետություն է ներկայացնում ու պահպանում, լավ օրից չէ, որ դրանով ինքն է զբաղվում, բայց ունենք այն, ինչ ունենք, ու դրա հետ պետք է առերեսվել։

– Իշխանությունն այս շարժմամբ իսկապե՞ս անհանգստացած է։

– Իհարկե անհանգստություն ունի։ Ամենաբարձր մակարդակով առաջին օրը չասացի՞ն, որ այստեղ «ԿԳԲ-ի գործակալներ ու նարկոբարոններ է տեսնում», եթե անհանգիստ չլիներ, վերաբերմունք չէր դրսևորի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am