«Անվտանգություն և առաջընթա՞ց». Ըստ վերլուծաբանի՝ «ՀՀԿ-ն փորձում է Պուտին-պարտիա-Ռուսաստան շրջանակներում անվտանգության հարց լուծել»

«Անվտանգություն և առաջընթա՞ց». Ըստ վերլուծաբանի՝ «ՀՀԿ-ն փորձում է Պուտին-պարտիա-Ռուսաստան շրջանակներում անվտանգության հարց լուծել»
«Անվտանգություն և առաջընթա՞ց». Ըստ վերլուծաբանի՝ «ՀՀԿ-ն փորձում է Պուտին-պարտիա-Ռուսաստան շրջանակներում անվտանգության հարց լուծել»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

-Պարոն Մեհրաբյան, ՀՀԿ-ն ընտրություններին գնում է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Մենք վերջին տարիներին նկատել են անվտանգության բաղադրիչի թուլացում, ի՞նչ պետք է ակնկալել առաջիկայում:

-Նախ  ճիշտ են անում, որ անվտագությունը բերում են առաջին պլան, որովհետև այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: Հայաստանի անվտանգության առաջ կանգնած են սպառնալիքներ, որոնք հաղթահարված չեն: Բայց այդ սպառնալիքների շարքում՝ որպես առաջնահերթ, ես նշեի այն քաղաքականությունը, որը տարվում է անվտանգության ոլորտում: Այդսիսի քաղաքականությամբ մեր անվտանգության սպառնալիքները ոչ թե նվազում են, այլ դառնում են ինքնին սպառնալիք:

-Հիմա նույն ՀՀԿ-ն, որը վարել է նման քաղաքականություն, գրեթե նույն կազմով խոստանում է լուծել անվտանգության խնդիրը: Դա հնարավո՞ր է, այդ ուժն ի վիճակի՞ է նոր քաղաքականություն վարել այդ ոլորտում:

-Ի վիճակի է, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց այն անցած ճանապարհը, որ մենք տեսնում ենք, դա ճանապարհ էր, որը մեզ ցույց տվեց հետևյալը՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքները ոչ թե հաղթահարվեցին, այլ բազմապատկվեցին: Իսկ բազմապատկվեցին վարած քաղաքականության պատճառով ու հետևանքով:

-Եթե անդրադառնանք կոնկրետ դեպքերի, ի՞նչ օրինակներ ունենք վերջին տարիներին, որոնց հետևանքով  թուլացել է Հայաստանի անվտանգությունը:

-Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառավարումը, որը սերտորեն կապված է Հանրապետական կուսակցության հետ, դա այլ կերպ, քան քաղաքական կատաստրոֆա համարել հնարավոր չէ: Այն տարիները, որոնք գալիս են Ռոբերտ Քոչարյանից հետո, դրանք կորցված տարիներ են մի պարզ պատճառով, որովհետև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգությունը, ցավոք սրտի, չահաղթահարվեց և մինչև հիմա կախված է մեր պարանոցին, թույլ չի տալիս, որ մենք շարժվենք առաջ: Վերջին տարիներին մենք տեսանք այդ քաղաքականության ամբողջ հետևանքները, երբ մեր երկաթգիծը, ամբողջ գազամատակարարման համակարգը հայտնվեց ռուսների ձեռքում, հետո բենզինի մոնոպոլիան հայտնվեց ռուսներին ձեռքում: Ավելին, ստորագրվեցին պայմանագրեր, որոնցով մենք չենք կարող երրորդ կողմին դիմել առանց ռուսների հետ համաձայնեցնելու, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր էներգետիկ մատակարարումները: Դրան գումարվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ի կատաստրոֆան: Եվ դրա էլ գումարվեց ապրիլյան պատերազմը: Այսինքն՝ այդ ամեն մի ընդհանուր շղթայի առանձին օղակներ են:

-Առանց անվտանգության համակարգերի հարցում քաղաքականության փոփոխություն կատարելու, առանց դուրս գալու ներկա համակարգերից, ինչպիսին, օրինակ, ՀԱՊԿ-ն է, հնարավո՞ր է լիարժեք ապահովել Հայաստանի անվտանգությունը:

-Ես այս հարցում ինչ-որ առումով ոչ կոռեկտ թեզ եմ ուզում առաջ բերել: Այնպես, ինչպես Սովետական միության մեջ մնալով Հայաստանն այլևս հնարավորություն չուներ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայությանը բնաջնջումից և սպառնալիքներից, այնպես էլ այս նեոսովետի մեջ մնալով՝ գալու է մի օր, որ Հայաստանն ի զորու չի լինի պաշտպանել Ղարաբաղը: Ոնց որ այն ժամանակ գործընթաց հայտարարվեց, Խորհրդային միության կազմից դուրս գալու գործընթաց, հիմա էլ պետք է գործընթացի մեկնարկ տրվի: Մենք հասկանում ենք, որ դա ժամանակ, մեծ ջանքեր ու տևական աշխատանք էր պահանջում, բայց այն ժամանակ գործընթացը մեկնարկեց և ավարտվեց հաջողությամբ: Հիմա էլ պետք է մեկնարկ տրվի, և դրանից հետո մենք կգանք ու կհասնենք մեր վերջնահանգրվանին, որպեսզի կարողանանք վարել քաղաքականություն, որը բխում է մեր շահերից, ոչ թե մեզ պարտադրեն քաղաքականություն, որն ուղղակի հակասում է մեր շահերին:

Անկախության գաղափարն էլ հենց առաջին օրվանից չէր, որ ծագեց: Սկզբում մարդիկ Լենին-պարտիա-Գորբաչով էին ասում, որից հետո եկան այն համոզման, որ ոչ Լենինը, ոչ պարտիան, ոչ էլ Գորբաչովը չեն կարող ապահովել մեր անվտանգությունը, արդեն առաջ եկավ անկախության գաղափարը: Հիմա այսօր ՀՀԿ-ն, իմ պատկերացմամբ, փորձում է Պուտին-պարտիա-Ռուսաստան շրջանակներում անվտանգության հարց լուծել, բայց այնուամենայնիվ այդ անվտանգություն բառի առկայությունն իրենց լոզունգում արդեն իսկ ցույց է տալիս, որ այստեղ պրոբլեմ կա: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայինվ մենք այդ էվոլյուցիայի, ընդ որում շատ արագ էվոլյուցիայի ականատեսը կլինենք:

-Այսինքն՝ հույս կա, որ քաղաքականության փոփոխությո՞ւն կլինի:

-Ի վերջո եկեք դրական համարենք, որ այս հարցը դառնում է առաջնահերթություն, նույնիսկ մտնում է այդ լոզունգային բառակապակցության մեջ: Սա գոնե հռետորաբանության մեջ սկսել է համարվել առաջնահերթություն: Հետևաբար, կա ընկալումը, որ այստեղ մենք ունենք խնդիր: Բայց մյուս կողմից էլ մենք պետք է փաստենք, որ սա մնում է զուտ որպես լոզունգ և ոչ ավելին, քանի դեռ այն չի ամրապնդվում կոնկրետ գործողություններով ու քաղաքական որոշումներով և այդ որոշումներից բխող քաղաքական քայլերով, որոնք կբերեն Հայաստանի անվտանգության համակարգի բարձրացմանը, այլ ոչ թե երկիրը կդարձնեն այսօր տիրող իրավիճակի պատանդը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am