Հայաստանյան մանկատները բավարար ֆինանսավորում չեն ստանում. միջոցները բավականացնում են միայն երեխաների սննդամթերքին եւ հագուստին

Հայաստանյան մանկատները բավարար ֆինանսավորում չեն ստանում. միջոցները բավականացնում են միայն երեխաների սննդամթերքին եւ հագուստին
Հայաստանյան մանկատները բավարար ֆինանսավորում չեն ստանում. միջոցները բավականացնում են միայն երեխաների սննդամթերքին եւ հագուստին
Հեղինակ MediaLab

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 8 մանկատների շուրջ 940 երեխաների (360-ը` մասնագիտացված մանկատներում) խնամքը կազմակերպելու համար պետությունը տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ է տրամադրում բյուջեից:
Մասնագետները, սակայն, պնդում են, որ այդ գումարները քիչ են, և պետությունը չի հոգում երեխաների` կրթություն ստանալու եւ առողջությունն ապահովելու իրավունքները, ինչպես նաեւ չի կազմակերպում նրանց հանգիստը:

Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը պետությունից տարեկան ստանում է 135 մլն դրամ, որի մեջ ընդգրկված է փափուկ գույքի, դեղորայքի, երեխաների հագուստի, սննդի ու այլ անհրաժեշտ պարագաների ծախսը: Այս մանկատանը ներկայում խնամվող 95 երեխաների 70 տոկոսը ֆիզիկական ու մտավոր արատներ ունեն:

Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասում է, որ իրենց մանկատանը բավարարում է սննդի ու դեղորայքի համար նախատեսված գումարը, սակայն հագուստի ու կոշկեղենի համար պետությունը յոթ անգամ պակաս գումար է տալիս:

Այս մանկատանը պետությունը թերանում է օգնել նաեւ մանկական տակդիրների հարցում. բյուջեով նախատեսված հիգիենիկ պարագաների շարքում 70 հաշմանդամ երեխաներին տրամադրվում է տարեկան 1300 տակդիրի գումար, մինչդեռ մանկատանն օգտագործում են տարեկան 2500-ից ավելի տակդիր:

«Մեզ մոտ կան սայլակավոր երեխաներ, գիշերամիզությամբ տառապող մանուկներ, որոնց համար խիստ անհրաժեշտ է օրական գոնե երկու անգամ տակդիր օգտագործելը», – նշում է Մկրտչյանը:

Մանկատան հովանավորները տարբեր են. Մկրտչյանն ասում է, որ շատերն են ցանկություն հայտնում բարի գործ անել երեխաների համար: Օրինակ` վերջերս 300 հազար դրամ է փոխանցել հայաստանցի գործարար Կարեն Վարդանյանը. այդ գումարի մի մասով արդեն որոշել են հեռախոսի վարձը մուծել:

«Մենք երեխաներին այստեղից թույլ ենք տալիս հեռախոսով շփվել ծնողների հետ: Դրա համար պետությունը նախատեսել է ամսական 30 հազար դրամ, բայց վերջում ահռելի գումար է ստացվում` 95 երեխայից որ մեկին թույլ տաս շփվի ծնողի հետ, որ մեկին` ոչ: Չենք կարող զրկել, որովհետեւ երեխա-ծնող կապի համար է ծառայում», – նշում է Մկրտչյանը:

Այդուհանդերձ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը հազիվ է ծայրը ծայրին հասցնում. տնօրենը խնդիրների մեծ ցանկ է կազմել ու պատրաստվում է ներկայացնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին:

«Գուցե այդ խնդիրները լուծում կստանան», – հույս է հայտնում Մկրտչյանը` թվարկելով ցանկում տեղ գտած խնդրանքները`լուսավորության ցանցի մոնտաժում, նկուղում օդափոխության համակարգի մոնտաժում, 1-ին մասնաշենքի տանիքի հիմնովին փոփոխում, դահլիճի մանրահատակի հիմնովին վերանորոգում, ավտոբուսի ձեռքբերում, պատճենահանման սարք, երկու համակարգիչ ու այսպես շարունակ:

Մինչդեռ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Ռազմավարական ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունը, որ ուսումնասիրում է` ինչպես են կառավարության կողմից սահմանված սննդի եւ հագուստի օգտագործման վերաբերյալ չափորոշիչները կիրառվում մանկատներում, հերքում է, որ մանկատներին բավարար չափով ֆինանսավորում չի հատկացվում:

«Այսօր պետք է ասեմ, որ դրանց կիրառումը գտնվում է բավարար մակարդակի վրա: Բայց պետք է ասեմ, որ խնդիրներ կան, որովհետեւ մենք ամեն ամիս, ամեն օր կատարելագործվում ենք», – նշում է վարչության պետ Հայկ Մուրադյանը` մանրամասնելով, որ խնդիրները բացառապես օրենսդրական բնույթի են:

«Այն պայմանները, որոնք ստեղծել է պետությունը, բավարարել են նմանատիպ երեխաների կրթադաստիարակչական, հոգեբանական ու սննդի հետ կապված խնդիրները հոգալու համար: Իհարկե, այստեղ խնդիր կա, որովհետեւ այդ ծախսը բավականին հեռու է 100 տոկոսանոց կամ կատարյալ լինելուց: Բայց, եկեք հաշվի առնենք, որ հանրապետությունում, հատկապես սահմանամերձ գյուղերում, կան ընտանիքներում ապրող երեխաներ, որոնք թերսնվում կամ վատ են ապրում, քան երեխաները, որոնք ապրում են մանկատներում: Հավաստիացնում եմ, որ համակարգի խնամքի կենտրոններում այսօր սնունդը եւ հագուստը բավարար մակարդակի վրա են գտնվում, որպեսզի երեխաներն աճեն լիարժեք», – վստահ է Մուրադյանը:

Սփյուռքահայ բարեգործ Արազ Արթինյանը, ով 2009-ից մանկատան երեխաների բուժման համար ծրագրեր է իրականացնում, պնդում է, որ մանկատներում երեխաների խնամքը սարսափելի մակարդակի վրա է գտնվում:

«Խնդիրն այն է, որ մանկատներում տեսածս ինձ ուղղակի հունից հանեց. երեխաներն այստեղ ուղղակի ապրում են, առանց համապատասխան բուժօգնություն, կրթություն ստանալու: Այսինքն` նրանց ուղղակի կերակրում են եւ վերջ, իսկ որ տարիներով, ասենք, սրտի արատ ունեցող երեխան այդ ախտորոշմամբ ապրում է կամ խուլ է, ու դրա համար ոչինչ չի արվում, որեւէ մեկին չի մտահոգում: Մինչդեռ մանկատան երեխաների բուժումը պետությունն իրականացնում է անվճար»,- ավելի վաղ Panorama.am-ին իր տպավորություններն է պատմել Արազ Արթինյանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դժվարությամբ է պատմում` ինչ տեսարան է իր առջեւ բացվել Գյումրու «Երեխաների տուն» մասնագիտացված մանկատանը, որտեղ ապրում են զարգացման խնդիրներ ունեցող երեխաները.

«Անձամբ եմ տեսել, որ այդ մանկատան գոնե երկու խմբում հաշմանդամ երեխաները առանց տակդիրի էին, եւ մեզ ասացին, որ պետության տված գումարները տակդիրներ գնելու համար նախատեսված չեն»:

Ծնողական խնամքից զուրկ մնացած այս երեխաների իրավունքների պաշտպանությունը պատգամավոր Բախշյանը հրատապ խնդիր է համարում եւ Ազգային ժողովի սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացնելու է Երեխայի իրավունքների պաշտպանի ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Թեպետ խնդիրը բազմիցս բարձրացվել է ու անտեսվել, մեկ անգամ էլ կփորձենք», – նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)