Իշխանություն-Եկեղեցի առճակատումն ուղիղ սպառնալիք է այս պահին Հայաստանի անվտանգությանը. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Եկեղեցի-իշխանություն հարաբերություններում ակնհայտ լարված մթնոլորտ է, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։

– Կարելի է ասել, որ Եկեղեցու կողմից խրախուսվող այս քաղաքական ակցիան աննախադեպ է Հայաստանում, նախկինում երբեք որևէ իշխանության ժամանակ Եկեղեցին նման քաղաքական ակտիվություն չի դրսևորել։ Ընդհանուր առմամբ եթե վերցնենք վերջին դեպքը, երբ քաղաքական ակտիվություն ենք նկատել Եկեղեցու կողմից, եղել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների նախօրեին, երբ Կաթողիկոսը կարծես թե փորձել էր հանդիպել առաջին նախագահի հետ, դրանից հետո՝ հաջորդող 16 տարիների ընթացքում, Եկեղեցին քաղաքական դաշտում որևէ էական ակտիվություն չի դրսևորել, իսկ թե ինչի՛ հետ է կապված այդ ակտիվությունը, կա մի քանի վարկած։ 

Վարկածներից մեկն այն է, որ որոշ եկեղեցականներ, ոչ բոլորը, որոշել են, որ կարելի է նման գործընթացի միջոցով քաղաքական հայտ ներկայացնել և մասնակցել քաղաքական որոշումների կայացման գործընթացին: Դա, օրինակ, կարող է կապված լինել նրա հետ, որ նոր իշխանությունը քաղաքական որոշումները ընդունում է, կարելի է ասել, միանձնյա, և Եկեղեցու դերակատարումը 2018-ից հետո անչափ նվազել է։ 

Կա վարկած, որ Եկեղեցին դրսի ուժերի թելադրանքով կամ ներսում հինգերորդ շարասյան որոշ ներկայացուցիչների թելադրանքով է այս գործընթացի մեջ մտել։ Կա վարկած, որ Եկեղեցու ղեկավար որոշ շրջանակներ են այս գործընթացը հարուցել, ու կա ևս մեկ վարկած, որ անձամբ մեկ մարդ իր վրա է վերցրել պատասխանատվությունը ու ինքնուրույն է որոշել նման գործընթաց իրականացնել, խոսքը Բագրատ Գալստանյանի մասին է։ 

Վարկածներից բոլորի դեպքում էլ իշխանություն-Եկեղեցի առճակատումն ուղիղ սպառնալիք է այս պահին Հայաստանի անվտանգությանը, ու ցանկալի կլիներ, որ իշխանությունները կարողանային Եկեղեցու հետ հաշտության ինչ-որ եզրեր գտնել։ 

Դա իհարկե չի նշանակում, որ հաշտության եզրերը պետք է պայմանավորել Եկեղեցու դերի մեծացմամբ քաղաքական որոշումների կայացման գործընթացում, որովհետև քաղաքական որոշումների կայացումը պետական իշխանության գործն է, առավելևս, այս ծանր ճգնաժամային աշխարհում, որ կա։ 

Ներքաղաքական հարցերում իշխանությունն ու Եկեղեցին գոնե պետք է ինչ-որ կոնսենսուս պահպանեն միմյանց միջև, գոնե իրար խնդիրների մեջ չխառնվելու առումով, թեև կարելի է նշել, որ դրա հավանականությունը, հաշվի առնելով այն իրավիճակը, որ արդեն կա, բավական փոքր է: Կա նաև բավական մեծ հավանականություն, որ այս առճակատումը կարող է լուծվել կողմերից որևէ մեկի մոտ էական փոփոխությունների հաշվին, իսկ ավելի կոնկրետ նշենք, որ կա որոշակի հավանականություն, որ Մայր Աթոռում որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Իհարկե, խոսքն առաջին հերթին Կաթողիկոսի փոփոխության մասին է, ինչը կարող է հարթել այս պահին առկա հակադրությունը։

– Այդ նախադրյալները տեսնո՞ւմ եք Վեհափառ Հայրապետի փոփոխության համար։

– Հիմնական նախադրյալն այն է, որ փաստացի իմ նշած բոլոր տարբերակների դեպքում էլ այս ակցիան նախաձեռնողները իշխանության որոշակի մաս ստանալու իրենց նպատակը ձախողել են, թեև գուցե այլ նպատակներ, կապված անձնական շահերի հետ, իրացրել են, բայց այդ նպատակը կոնկրետ ձախողել են, ինչը նշանակում է, որ Եկեղեցին, եթե ամեն ինչ այսպես շարունակվի ու այսպես վերջանա, շատ ավելի մեծ հետընթաց է արձանագրելու քաղաքական դաշտում մասնակցության առումով, քան ուներ մինչ այս գործընթացը սկսելը, ինչը, կարծում եմ, չի գոհացնի Եկեղեցու ղեկավար հատվածին, ու դա կարող է բերել ներեկեղեցական որոշակի ճգնաժամ, ինչն էլ կարող է ի վերջո բերել իմ նշած փոփոխությանը:

Առավելևս, որ ի տարբերություն 2018-ի իրադարձությունների, երբ կար ինչ-որ մի խումբ, որ պահանջում էր Կաթողիկոսի հրաժարական, իշխանությունը դեմ էր, իսկ այս ամենից հետո, կարծում եմ, իշխանությունը դեմ չի լինի նման փոփոխության, ու այն ուժերը, որոնք Եկեղեցու ներսում կնախաձեռնեն նման փոփոխություն, հավանաբար կունենան Հայաստանի ներկա իշխանությունների աջակցությունը։ 

– Պարո՛ն Ղևոնդյան, նշեցիք շարժման բոլոր պատճառները, այսինքն՝ բացառո՞ւմ եք Բագրատ Սրբազանի ասած այն գլխավոր ու միակ պատճառը, ըստ իրենց, որ սա ապօրինի սահմանազատման ու սահմանագծման ու աշխատանքները դադարեցնելու համար ձևավորված շարժում է։

– Գործընթացն իսկապես սկսվել է այն կարգախոսով, որ այն նախաձեռնվում է սահմանազատումը կասեցնելու համար, ունեցել է երկու պահանջ՝ առաջինը հենց դա է, իսկ երկրորդը՝ իշխանության փոփոխություն։ 

Պետք է նշել, որ երկու դեպքում էլ հաջողության հասնելու համար ընտրված մարտավարությունը թե՛ միտումնավոր, թե՛ չիմացության պատճառով ընտրվել է այնպիսին, որը հաջողության հասնելու տեսական շատ փոքր շանս ուներ, իսկ գործնականում ՝ ոչ մի շանս չուներ, որովհետև ցանցային տեխնոլոգիան, որը փորձ է արվել ընտրել, ենթադրում է տարբեր ուղղություններով հիբրիդային հարձակումներ իշխանության վրա, որը կբերի որոշակի փոփոխությունների, իսկ դրա համար անհրաժեշտ է մարդկային ռեսուրս։ 

Հաշվի առնելով, թե ինչպիսի մարդիկ են ներգրավված այս գործընթացում՝ թե՛ երևացող, թե՛ ստվերային, ես կարծում եմ, որ այդ մարդկանց մեջ եղել են շատերը, որոնք ունեն հաշվարկելու այդ գիտական հիմքը ու հասկացել են հենց սկզբից, որ այդպիսի հնարավորություններ գործնականում չկան ընդհանրապես, ու հենց ամենասկզբում այդ մասին տեղեկացրել են այս շարժման քաղաքական առաջնորդին:

Եթե նա դրանից հետո շարունակել է գնալ նույն ուղիով, ապա ենթադրելի է, որ նպատակները եղել են բոլորովին այլ, որովհետև, ինչպես նշեցի, կան նպատակներ, որոնք իրացվել են՝ բարձրացնել աղմուկ ու ցույց տալ ինչ-որ կենտրոնների, որ գործողություն են իրականացնում, փորձել հավաքագրել ու հասկանալ, թե ինչ մարդկային ռեսուրսի են տիրապետում այսօր։ Եթե այս նպատակներն իրացվել են ու իրացվում են ու եթե շարունակում են այս ճանապարհով ընթանալ, ուրեմն այն նպատակը, որն իրացնելու հնարավորությունը ի սկզբանե ակնհայտ էր, որ չկա, այդ նպատակը հիմնականը չի եղել։ 

– Այսինքն՝ հակառակ շարժման առաջնորդի ու կողմնակիցների պնդման, որ շարժումն ավարտվելու է իշխանության հեռացումով միայն, դուք կարծում եք, որ, ընդհակառակը՝ Եկեղեցում կատարվող փոփոխությունները կկարողանան դադարեցնել այս շարժումը, ճի՞շտ եմ ձեզ հասկանում։

– Խնդիրը հետևյալն է, եթե իմ նշած նպատակները հայտարարվեին այս գործողությունը սկսելուց առաջ, ապա նույնիսկ այն մարդկանց թիվը, որը կա, ու, հավանաբա,ր ինչ-որ դոնորների հնարավոր չէր լինի ներգրավել, ու ակնհայտ է, որ անհրաժեշտ էր այնպիսի մի նպատակ հայտարարել, որ կհետաքրքրեր ավելի շատ մարդկանց՝ թե՛ դոնորների ու թե՛ ակցիաների մասնակից մարդկանց, ու նման նպատակ է, հաշվի առնելով, որ կա որոշակի հիասթափություն իշխանությունից, իշխանափոխությունը։ 

Ինչո՞ւ սահմանազատման նպատակը տրանսֆորմացվեց իշխանափոխության նպատակի, որովհետև սահմանազատման նպատակն իրենով չէր կարողանում հավաքագրել այնպիսի թիվ, որը հնարավորություն կտար գոնե այնպիսի աղմուկ բարձրացնել, ինչպես հիմա են անում։ Ու տեսնում ենք, որ մանիպուլյացիաների միջոցով փորձ է արվում ցուցադրել մարդկանց մեծ թիվ ու այլ գործողություններ, երբ իրականում դրանք չկան։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ հնարավոր լինի ցանկացած միջոցներով ավելի մեծ աղմուկ բարձրացնել, թե դրա տակ ինչ կա, դա այնքան էլ էական չէ, որովհետև ի վերջո իրացվում են այն նպատակները, որոնք հայտարարվում են, այլ՝ ի սկզբանե դրված նպատակները, որոնց մասին չի բարձրաձայնվել։ 

Կապված եկեղեցում փոփոխության հետ․ խնդիրն այն չէ, թե ինչպես կավարտվի այս քաղաքական ակցիան, այլ՝ այն, որ սրա հետևանքով առաջացել է Եկեղեցի-իշխանություն ճգնաժամ, ու այդ ճգնաժամի հանգուցալուծումը ենթադրում է ինչ-որ փոփոխություն, որը հավանական է, որ տեղի կունենա Եկեղեցում, բայց դա կապել այս քաղաքական ակցիայի հետ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այս ակցիան կարող է ավարտվել վաղը, իսկ այդ փոփոխությունը լինի մի քանի ամիս հետո։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am