Իշխանությունը ձգտում է, որ հենց ՀԱՊԿ-ում կայացվի Հայաստանի դուրս գալու մասին որոշում, որ  պատասխանատվությունն ընկնի ՀԱՊԿ-ի վրա. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Ալմաթիում ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովում կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի ղեկավարությունից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի հետ կապերի հեռանկարի վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ու, ըստ ձեզ, հստակ պատասխան հնչելո՞ւ է հայկական կողմից։ 

– Սա ավելի շատ ուղերձ էր, որն ակնկալում է Հայաստանի հստակ դիրքորոշումը։ Հստակ ձևակերպումը տալիս են, որ չնայած փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանը մնում է կազմակերպության անդամ՝ իր բոլոր պարտավորություններով հանդերձ, բայց միաժամանակ, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանի գործընկերությունը կրճատվել է: 

Նրանք հույս են հայտնում, որ Հայաստանը սեղմ ժամկետներում հստակ դիրքորոշում կհայտնի, որպեսզի իրենք էլ իրենց դիրքորոշումը հստակեցնեն։ Հիմա ակնկալվում է, որ նման հարցադրման պատասխանը չպետք է ուշանա, կարծում եմ, որ նման ուղերձ-հայտարարություններին պետք է շատ արագ պատասխանել, ու Հայաստանը, եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը պաշտոնապես կհայտարարի իր դիրքորոշումը։ 

Եթե դիտարկենք այն, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգում չի դրել այդ ռազմաքաղաքական կառույցից դուրս գալու հստակ հեռանկար, ապա պետք է ինչ-որ լղոզված պատասխան ուղարկի։ Չեմ կարծում, թե այնպիսի բեկումնային հայտարարություն հնչեցնի, որով կասի, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է գալիս այդ կառույցից։ 

Մենք գիտենք, որ մինչ այս Հայաստանը ներկայացրել է ոչ այնքան ճշգրիտ ու պատշաճ հայտարարություն՝ ասելով, որ սառեցնում է հարաբերությունները կառույցի հետ: Նման իրավաքաղաքական հասկացություն, հիշեցնում եմ, չկա, դա առհասարակ լղոզված պատասխան էր, ինչը նաև այդ կառույցի գործընկերներն են հասկանում։ Այս ուղերձով նրանք փորձում են Հայաստանից ավելի իրավաքաղաքական դիրքորոշում լսել։ 

– Իսկ հայկական կողմն ինչո՞ւ հստակ պատասխան չի տալիս։

– Որովհետև անձամբ Փաշինյանը չգիտի, թե հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալու են, թե չէ, ու դրա համար չունի պատասխան, այս մասին ինքը ասել է լրագրողներին։ Սա եզակի դեպքերից է, երբ երկրի ղեկավարը չգիտի, թե առհասարակ Հայաստանի արտաքին վեկտորն ինչպիսին պետք է լինի։ 

Կարծում եմ, որ, այդուհանդերձ, իշխանությունը գիտակցում է, որ դա այն կառույցն է, որից եթե դուրս ես գալիս, դառնում ես արտադաշինքային երկիր, հետևաբար Հայաստանը այլ ռիսկերի առաջ է կանգնելու, ու քանի որ այս պահին չկա փոխարինող այլ ռազմաքաղաքական դաշինք, որը Հայաստանին գրկաբաց կընդունի ու կապահովի անվտանգությունը, իհարկե, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը կատարյալ է գործում, իշխանությունն ընդամենը ժամանակ է ձգում ու փորձում է ինքը ՀԱՊԿ-ից ավելի շուտ ճշգրիտ ձևակերպում ստանալ առ այն, թե ո՛րն է Հայաստանի պետական սահմանը, որոնք արտաքին վտանգից պետք է պաշտպանի ՀԱՊԿ-ը, այսինքն՝ այստեղ կա փոխադարձ բումերանգային տրամաբանություն։ 

– Պարո՛ն Կարապետյան, բայց նույն ՀԱՊԿ-ն այդ հարցին պատասխանել էր անցած անգամ, երբ Հայաստանի կողմից նման հարց էր հնչեցվել, հիմա եթե կառույցից հստակ պատասխան է հնչեցվել, Հայաստանի իշխանության ակնկալիքը ո՞րն է։

– Ելնելով այդ հանգամանքից՝ ստացվում է, որ ՀԱՊԿ-ը, այո՛, շատ ճիշտ եք, կոնկրետ պատասխանել է, այս պարագայում գնդակը Հայաստանի դաշտում է, մենք պետք է մեր պատասխանը տանք կոնկրետ այդ ուղերձին։ Բայց, կրկնում եմ, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն անգամ չգիտի, թե ի՛նչ խնդիրներ է ստեղծելու ՀԱՊԿ-ից դուրս գալը, ու ի՛նչ խնդիրներ է ստեղծում առհասարակ մնալը։ 

«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ-հայտարարությանը հստակ պատասխան չտրվի, Հայաստանի առաջ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու կոնկրետ հարց է դրվելու։ Կարծում եմ, որ ինչ-որ տեղ իշխանությունները հենց դրան էլ ձգտում են, որ հենց ՀԱՊԿ-ում կայացվի Հայաստանի դուրս գալու մասին որոշում, որ հետագայում ողջ պատասխանատվությունը ընկնի ոչ թե իրենց վրա, այլ՝ ՀԱՊԿ-ի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am