Սարգսյանը՝ Պաղեստինի Պետության ճանաչման մասին. Շատերը ճիշտ են կարծում, որ սա Թուրքիայի առաջարկն էր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն աշխարհաքաղաքական այս իրավիճակում։

– Շատերին անհասկանալի է թվում՝ ի՛նչ քայլի գնացին Հայաստանի իշխանությունները, որովհետև երբ մենք առաջինը ունեցել ենք ու ունենք Արցախի խնդիր, տեսել ենք, թե ի սկզբանե ո՛նց են Հայաստանի իշխանությունները վերաբերվել Արցախի ճանաչման խնդրին, այդ ներքին սարսափը, որ անընդհատ եղել է։ Տարիներ շարունակ ասում էին՝ եթե Ադրբեջանը փորձի պատերազմել՝ կճանաչենք, մինչև ԵԱՀԿ գագաթնաժողովներում, հիշում եմ, Սերժ Սարգսյանը դրա մասին խոսել է, բայց կյանքը ցույց տվեց, որ սրանք այն իշխանությունները չեն, այսօր Հայաստանն այն երկիրը չէ, որն իր վրա վերցնի նման քայլեր։ 

Արցախի ֆոնին է այս ամեն ինչը հետաքրքիր, եթե դա չլիներ, ապա ընդհանրապես կարելի էր չխոսել էլ, որովհետև այնպիսի վիճակ է, որ տարբեր երկրներ ճանաչեցին Պաղեստինը, շատ երկրներ էլ չեն ճանաչել, խնդիրն անընդհատ ՄԱԿ-ի ամբիոնում է, այսինքն՝ ստեղծվել է նոր իրավիճակ աշխարհում, երբ նորից ռեանիմացվեց այդ խնդիրը, տասնամյակներ ոչ մի կերպ լուծում չէր գտնվում Պաղեստինի խնդրին, ոչ մեկին դա չէր հետաքրքրում, հիմա նորից հետաքրքրեց։ 

Հայաստանի դիրքորոշումն այս վիճակում առավել հետաքրքիր է, երկիր, որը սարսափած է «ճանաչում» բառից, հանկարծակի այդ քայլին է գնում։ Պարզ երևում է, որ ինչ-որ ուրիշ պետությունների հետ են համաձայնության եկել, դա Հայաստանից եկած քայլ չէ, շատերը ճիշտ են կարծում, որ սա Թուրքիայի առաջարկն էր։ Թուրքիայի համար սկզբունքային հարց է դարձել Իսրայելի հետ հարաբերություններում այդ հարցը, Ադրբեջանի ամբողջ հույսն էլ Իսրայելն է, Թուրքիան կուզենար, որ Ադրբեջանն էլ ճանաչեր Պաղեստինը։ Հեռախոսազրույց էր, չէ՞, եղել Էրդողանի ու Փաշինյանի միջև, երևի թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին նման քայլ են արել, նեղ մտածել են, առիթ է, քայլ են արել, հարաբերություններ են ստեղծում։ 

– Բայց հարաբերություններն այս քայլով կկարգավորվե՞ն։

– Չէ, ես երեկ տեսա հակառակը, ի՛նչ պետք էր այդ նույն օրը Արցախի ներկայացուցչությունում նման աղմուկ սարքել ինչ-որ մեքենայի համար։ Պարզ երևում էր, որ այդ գործողությունն անմիջապես կապված էր Պաղեստինի ճանաչման հետ, որ հանկարծ Ադրբեջանը չմտածի, որ զուգահեռ Արցախի խնդիրն էլ է ակտուալանում։ Էժանագին ինչ-որ բան հիշեցին, թե մեքենա են տարել, սա էր ամենաանդուրը, երբ առավել համոզվում ես, որ այս ամեն ինչը ծառայություն մատուցելու, կեղծ հարաբերություններ ստեղծելու քայլ էր, ոչ ավելին։ Անկյուն մտած վիճակում քաղաքականություն է վարվում, կարծում եմ, որ այս քայլից առաջ որևէ մեկը չի էլ մտածել ոչ մի բան, կոնկրետ պահի որոշում է։ 

– Պարո՛ն Սարգսյան, իսկ ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Հայաստանի այս քայլը։

– Եթե դու քաղաքական գիծ չունես արդեն, ապա դու ոչինչ չես որոշում, ուրիշներն են որոշում, արդեն բախտի հարց է, թե ո՛նց կնայեն ու ի՛նչ կանեն ուրիշները, նույն Թուրքիան ո՛նց կվերաբերվի, կարող է օգտագործի ու ավելի վատ վիճակի մեջ դնի Հայաստանին։ Խնդիրն այն է, որ դա քաղաքական գիծ չէ, եթե քաղաքական գիծ լիներ, ապա կարելի էր մտածել, թե իրադարձությունները ոնց կզարգանան, հիմա պետք է նստած սպասես, թե ո՛նց կվերաբերվեն քեզ։ 

– Կարծում եք, եթե 2020 թվականի պատերազմի ժամանակ ինչ-որ պետություններ Հայաստանի իշխանությանն ասեին, ապա կճանաչեի՞ն Արցախի Հանրապետությունը։

– Չէ՛, Հայաստանում առաջին օրվանից Արցախի խնդրի վերաբերյալ եղած սարսափն այն աստիճան էր, որ եթե ամբողջ աշխարհն էլ ասեր՝ ճանաչեք, չէին ճանաչի։ Ես հիշում եմ, որ դեռ առաջին իշխանություններն ասում էին, թող ուրիշները ճանաչեն, մենք վերջում կճանաչենք։ Այդ սարսափը, պրիմիտիվ մոտեցումն անվտանգության հարցերին ի սկզբանե էին դրված Հայաստանում, դրա համար էլ մենք տեսանք այս զարգացումները, բոլոր նրանք, ովքեր այս այլանդակությունները բերեցին մեր գլխին, մեկ փաստարկ էին բերում՝ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ճանաչեր, ուրիշ ձև կլիներ, բայց մեկ է, Հայաստանը տեղից չի շարժվել, հակառակը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց։ Դրա համար էլ այս քայլը, պարզ երևում է, որ ինքնուրույն չէ, էլ չեմ ասում, թե ինչպես է խոսել Էրդողանը, ո՞վ գիտի՝ կարող է ուլտիմատում է ներկայացրել։

– Համակարծի՞ք եք հնչող կարծիքներին, որ այս քայլով Հայաստանի դիրքը բարձրացավ, որ մուսուլմանական երկրներն արդեն այլ կերպ են վերաբերվելու Հայաստանին։

– Դե հիմա ամեն բան կարող է լինել, դուք կարող եք միլիոն դոլարի կորուստ անել տասը դոլարի դիմաց։ Ամեն բան այլ կլիներ, որ Հայաստանը նման գիծ տաներ՝ նոր պետությունների ճանաչման գիծ, եթե դու ունենաս ռազմավարություն՝ ո՛նց ես վերաբերվում նման խնդիրներին, այլ բան է, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը որևէ ռազմավարություն չունի այս խնդրում։ Նույն այդ իսլամական պետություններից քանիսն են ճանաչել Պաղեստինը՝ ես չգիտեմ, եթե բոլորը ճանաչած լինեին, միայն մի Հայաստանի խնդիր լիներ տարածաշրջանում, էլի կարելի էր մտածել, բայց իրականում չկա նման բան, Ադրբեջանն անգամ չի անում դա, խնդրեմ, թող անի։ Բոլորն իրենց նեղ շահի հետևից են գնում, ճիշտը դա է, իսկ Հայաստանը՝ ուրիշի, լավ կլիներ Հայաստանն էլ այդպես աներ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am