ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փակ շուկայի կամարները լավ վիճակում չգտնվելու պատճառով «ինքն իրեն» քանդվել են, մինչդե մասնագետներն հավատացնում են, որ դա անհնար է:
«Ես չեմ քանդում: Դա 52 թվականի կառույց է: Սեյսմիկը տվել է թղթերը, որ հետնամասը լավ վիճակում չէր, ինքն իրան քանդվել է: Մենք էլ վերականգնելու ենք՝ ամբողջությամբ»,- լրագրողներին ասել է Ալեքսանյանը:
Նա նշել է, որ նույն տեղում կրկին շուկա է լինելու. «Կամարներն էլ ենք վերականգնելու: Այդտեղ շուկա է լինելու, մի քանի հարկ էլ փորում ենք, որ ավտոկանգառ սարքենք: Ես իմ կյանքի մեջ միշտ սարքող եմ եղել: Վերցրեք Ծերեթելին, «տրամվի կռուգը», հիշո՞ւմ եք ինչ վիճակում էր»:
Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նախորդ տարի «Մուլտի Գրուպ» ընկերությունից գնել էր Երևանի Փակ շուկան: Իսկ մի քանի օր առաջ բուռն «շինարարական» աշխատանքները մեծ քննարկումների եւ քննադատությունների առիթ են հանդիսացել:
Ճարտարապետ Գարեգին Եղոյանը հավաստիացնում է, որ փակ շուկայի կամարները ինքն իրեն չէին կարող քանդվել, որովհետեւ կառուցված են եղել երկաթ բետոնից, իսկ պատերը՝ քարից:
«Պարզապես իրենք անգրագետ հողային, շինարարական աշխատանքներ են արել, որից հնարավոր է թուլացել են կամ վնասվել այդ կամարները, բայց չէին կարող իրենք իրենց քանդվել, քանի որ այդ դեպքում դոմինոյի սկբունքով իրար ետեւից պետք է բոլոր կամարները միանգամից քանդվեին»,- ասում է Եղոյանը «Մեդիալաբին»:
Անհայտ է մնացել նաեւ, թե որտեղ են տարել փակ շուկայի՝ թուջից ձուլված դարպասը, որը նույնպես ապամոնտաժել են:
«Ելնելով այսօրվա վիճակից՝ կարծում եմ, որ խնամքով չեն վերաբերվել նույն դարպասի հարցում եւ վնասել են նաեւ դա: Մյուս կողմից շատ զարմանալի է, որ իրենք առանց նախագծի հողային աշխատանքներ են իրականացրել: Եթե այդտեղ պետք է կառուցվեր նաեւ նկուղային հարկ ավտոմեքենաների կայանտեղիի համար, ապա պետք է հողային քանդումները նախագծով ու խնամքով կատարեին»,- նշում է ճարտարապետ Եղոյանը:
© Medialab.am