«Փաշինյանի վերջնական հաղթանակը հին ռեժիմի նկատմամբ մոտ է, և դա հասկանում են խորտակվող նավից արագ հեռացողները». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Փաշինյանի վերջնական հաղթանակը հին ռեժիմի նկատմամբ մոտ է, և դա հասկանում են խորտակվող նավից արագ հեռացողները». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Փաշինյանի վերջնական հաղթանակը հին ռեժիմի նկատմամբ մոտ է, և դա հասկանում են խորտակվող նավից արագ հեռացողները». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր երեք ՀՀԿ-ականների հայտարարարությունն ի աջակցումն Նիկոլ Փաշինյանի։ Սա խա՞ղ է, թե՞ իսկապես ՀՀԿ-ն հասկացավ, որ այլ ելք չկա։

– Ես կարծում եմ, որ սա կարող է կապիտուլյացիայի սկիզբը լինել: Բացառված չէ նաև, որ ՀՀԿ-ի կողմից բարդ դավադրության պլանի մի մաս է: Քանի որ պատկերը դեռևս ամբողջական չէ, չեմ ուզում վստահ պնդումներ անել և կարծիքներ հայտնել, բայց պետք է նկատի ունենալ, որ Արման Սահակյանն իր բնույթով հանրապետական չի էլ եղել: Այլ հարց է, որ որոշակի առանձին անձանց հետ անձնական և ֆինանսական կապեր ունի կամ ունեցել է, բայց դա նրան նվիրյալ հանրապետական չի դարձնում: Այդ պատճառով նրա հանգամանքը չեմ կարող դիտարկել որպես ՀՀԿ-ի տեսակետ: Մեկ այլ բան է Կոստանյանի պարագան: Պետք է ևս մեկ-երկու օր սպասել: Կարծում եմ՝ շատ բան կպարզվի:

– Պարո՛ն Մարտիրոսյան, մենք հիշում ենք, թե ինչպես ոչ վաղ անցյալում Գևորգ Կոստանյանը տրամագծորեն հակառակն էր պնդում՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված։ Ավելին, ասում էր՝ բա էլ ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը վարչապետ։ Ի՞նչ փոխվեց, ըստ Ձեզ։

– Փոխվեց կոնյունկտուրա: Փոխվեց իրականություն: Եթե վաղը Հանրապետականը կամ նրա նոր տարբերակը ռևանշ իրականացնի, Կոստանյանը նույն բանը հին նորերի մասին կարող է ասել: Փաշինյանի վերջնական հաղթանակը հին ռեժիմի նկատմամբ առավել քան մոտ է այլևս թվում, և դա հասկանում են պարտվողները, ու ոմանք փորձում են խորտակվող նավից արագ հեռանալ: Ես հուսով եմ, որ ով էլ փախչի՝ այդ նավի նավապետները կմնան նավի վրա և կսուզվեն նրա հետ: Կարծում եմ՝ նոր պետությունը պետք է խեղդի երեք հին նավապետներին էլ՝ նրանց ջրասույզ անելով իրենց իսկ ստեղծած հրեշի հետ միասին:

– Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ փոխվեց ՀՀԿ-ականների, ԲՀԿ-ականների և ՀՅԴ-ականների դիրքորոշումը:

– Նախ՝ փոխվել է առանձին պատգամավորների դիրքորոշումը: Դա՝ ՀՀԿ-ի մասով: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այլ խնդիր են: ՀՀԿ-ում ամենայն հավանականությամբ սկսել են հասկանալ, որ իրենց հույսը, որ Փաշինյանը հրաժարական չի տալու՝ մեծ շանսեր ունի չիրականանալու: Ժողովրդական բողոքի մեծ ալիք բարձրացավ հրաժարականի գաղափարի դեմ, և դա նշանակում էր, որ հրաժարականի պարագայում ժողովուրդը կարող է ինքնուրույն գործողությունների գնալ, կամ որ այդ ճնշման ներքո Փաշինյանը կարող է արդեն ամբողջությամբ ժողովրդին թողնել ԱԺ-ն լուծարելու գործընթացը:

Իսկ դա մի սցենար էր, որտեղ թավշին և հանդուրժողականությանը կարող էին փոխարինել անհանդուրժողությունն ու կախաղանի պարանը: Իսկ ՀՀԿ-ին արդեն այս նոր իրավիճակում ձեռնտու է գոնե բանակցությունների միջոցով ստանալ նվազագույնը, բայց չգնալ մի ռիսկի արդյունքում, որով նախքան իրենց կողմից իրենց հնարավոր վարչապետին ընտրելը՝ կարող էին տեսականորեն ենթարկվել համաժողովրդական ինքնադատաստանի: Կարծում եմ՝ հրաժարականի դեմ բարձրացած ալիքն ու անհամաձայնությունն էին, որ թե՛ էլ ավելի ուժեղացրեցին վարչապետի դիրքերը և թե՛ ցույց տվեցին ՀՀԿ-ին, որ իրենց համար ավելի վատ սցենար կարող է իրականանալ, քան այն, ինչ անգամ իրենք էին հաշվարկել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն պարզ և սթափ հաշվարկ կատարեց: Դա երևաց Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից և այդ երկրորդ հանդիպման ժամանակ ստորագրված հուշագրից: ԲՀԿ-ն ամենայն հավանականությամբ հեղափոխության ճանապարհին խոչընդոտ չի լինի: Դրանով նրանք ապահովեցին իրենց քաղաքական վերապրման հնարավորությունը և իրենց տեսանկյունից ճիշտ հաշվարկ կատարեցին: Դա ճիշտ հաշվարկ է նաև մեր տեսանկյունից: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, իսկ ՀՅԴ ասելով ես նկատի չունեմ ազնիվ շարքային դաշնակցականներին, այլ այդ հարգելի կուսակցության՝ իրենց կուսակցության սկզբունքները լքած հայաստանյան ղեկավարներին, ապա նրանք շարունակելու են գործել ՀՀԿ-ի հետ միևնույն շահերի ճամբարում, մինչև իրենք էլ ՀՀԿ-ի հետ կապիտուլյացիայի չգնան:

– Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ արտահերթ ընտրություններից առաջ նախ հանրաքվե պետք է իրականացվեր:

– Եթե որևէ այլ մեթոդով անցկացվում է ԱԺ ընտրություն, եթե դա հաստատ երաշխավորված է դառնում, ապա ինձ համար հանրաքվեն կարևոր չէ: Եթե ես լինեի որոշումներ ընդունողը, ես հանրահավաքում կցրեի Ազգային ժողովը, և աշխարհում ոչ ոք ինձ դրա համար չէր մեղադրի: Ցրելուց հետո նոր ընտրություններ կհրավիրեի, և դրանք կլինեին ամենալեգիտիմը Հայաստանի պատմության մեջ, և ամենալեգիտիմ խորհրդարանը կձևավորվեր: Ես առաջարկել եմ ցրելու տարբերակներ, այդ թվում և՝ հանրաքվեի:

Ուրախ եմ, որ վարչապետն ինքը մոտ է արդյունավետ տարբերակ գտնելուն: Ուրախ եմ, որ կարծես թե հրաժարվում է հրաժարականի մտքից, և որ ներքին թշնամու ճամբարում կարծես այլևս խուճապ է սկսվում դրա արդյունքում: ԲՀԿ-ի՝ հուշագրի ստորագրումից հետո Հանրապետականի գործը շատ է բարդացել: Այս իրավիճակում անտեղի եմ այլևս համարում գոնե այս մի քանի օրերին անհանգստանալը: Պետք է հետևենք և տեսնենք, թե իրադարձություններն ինչպե՛ս են զարգանում:

Ամեն պարագայում, իմ տպավորությամբ՝ ժողովրդական ուժերի վերջնական հաղթանակը հեռու չէ այլևս: Պետք է հետևել վարչապետի քայլերին և իհարկե շարունակել սատարել նրան: Սա շատ կարևոր հանգրվան է, որը հաղթահարելիս անհրաժեշտ է շարունակել նրան ցուցաբերվող լիակատար աջակցությունը: Ինչպես տեսնում ենք, հրաժարականի դեմ հանրային պահանջի ձևավորումը այդպիսի աջակցության մի մեխանիզմ էր, որը քաղաքական դաշտում որոշակի կարևոր դերակատարում թերևս խաղում է, որովհետև ՀՀԿ-ին և շրջապատին մեսիջ հղեց, որ ժողովուրդը չի ցանկանում անգամ Սահմանադրությամբ իրենց որևէ շանս տալ և հրաժարականի հարցում պատրաստ է համազգային սատարում վայելող վարչապետի որոշումը բողոքարկել: Հեղափոխության օրերից հետո ևս մեկ անգամ ես հպարտ եմ մեր ժողովրդով:

Մանե Հարությունյան

MediaLab.am