«Հայ հասարակությունն այսօր բախվում է նոր, ամոթալի երևույթի». «Parada»-ի շուրջ մտահոգությունները գնալով թեժանում են

«Հայ հասարակությունն այսօր բախվում է նոր, ամոթալի երևույթի». «Parada»-ի շուրջ մտահոգությունները գնալով թեժանում են
«Հայ հասարակությունն այսօր բախվում է նոր, ամոթալի երևույթի». «Parada»-ի շուրջ մտահոգությունները գնալով թեժանում են

Միասեռականների մասին հայտնի «Parada» ֆիլմի երևանյան ցուցադրության խափանման շուրջ մտահոգությունները դեռևս շարունակվում են: Այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված հայտարարությամբ հանդես է եկել Երևանի մամուլի ակումբը՝ հրապարակային միջոցառումների անցկացման խոչընդոտումը գնահատելով որպես «կարծիքների արտահայտման իրավունքի կոպիտ խախտում»:
«Հայ հասարակությունն այսօր բախվում է նոր, ոչ նվազ ամոթալի երևույթի՝ բազմազանության և անձնական ազատության հիմնախնդիրների շուրջ տեղեկատվության տարածման արհեստական սահմանափակման։
Անկախության նվաճումից և երկրի զարգացման ժողովրդավարական ուղու ընտրության հռչակումից 20 տարի անց հայկական պետականությունը, պարզվում է, ի զորու չէ իր քաղաքացիներին պաշտպանել անհանդուրժողականությունից և այլատյացությունից։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ցուցադրումը չեղյալ հայտարարող դահլիճների տնօրինությունների «վախվորածությունը»: Այս առնչությամբ հնարավոր չէ չհիշել սույն թվականի ապրիլին իրավապահ մարմինների անգործությունը՝ ինչ-որ մեկին «անհաճո» ֆիլմերի ցուցադրման համար դահլիճ տրամադրած Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դեմ ագրեսիվ վերաբերմունքի դրսևորման ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Երևանի մամուլի ակումբն անթույլատրելի է համարում պետական և հանրային կյանքի կազմակերպման եվրոպական նորմերին հետևել ձգտող իշխանության կողմից թողտվությունը այն մարդկանց ու խմբերի հանդեպ, որոնք իրենց իրավունք են վերապահում արգելել, սպառնալ, բռնություն կիրառել, մյուսներին պարտադրել իրենց պատկերացումներն առ այն, թե ի´նչն է կարելի և ի´նչը՝ ոչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի դեսպանատան կազմակերպած «Parada» ֆիլմի ցուցադրությունը, ըստ կազմակերպիչների, խափանվեց, քանի որ ճնշման հետևանքով «Կոնգրես» հյուրանոցը հրաժարվեց ցուցադրման նախաձեռնությունից:

Ֆիլմի ցուցադրության նպատակն էր Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու, և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ քայլ կատարելը:

Ի դեպ, ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր դեռևս հոկտեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, սակայն «Հայազն» միությունը բողոքի ակցիա անցկացրեց Գերմանիայի դեսպանության առջև, և ֆիլմի ցուցադրությունը հենց այդ ժամանակ էլ չկայացավ:

Այս թեմայով «Մեդիալաբին» ավելի վաղ տված հարցազրույցում, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, ԼԳԲՏ-ների նկատմամբ անհանդուրժողականությունը դրսևորվում է հենց ղեկավար մարմինների կողմից, երբ որոշ կուսակցությունների անդամներ հրապարակավ հանդես են գալիս խտրականություն քարոզող ելույթներով և, իրենց դիրքորոշումը հայտնելով, ուղերձ են ուղարկում հանրությանը:

«Մեր երկրի տնտեսական աղետալի վիճակի, կոռուպցիայի, ընտրակաշառքների, սոցիալական անապահով վիճակի և դատական իշխանությունների բացերի վերաբերյալ ահազանգերն անուշադրության են մատնվում, բայց ուշադրությունը սևեռվում է անկարևոր խնդիրների վրա: Սա այն թեման չէ, որը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Մեր երկրում ավելի կարևոր են մենաշնորհը, արագաղթը, բանակում սպանությունները, իսկ իշխանությունները մարդկանց բնազդային զգացմունքների վրա են խաղում` թիրախ դարձնելով ԼԳԲՏ-ներին, կրոնական կազմակերպություններին, քաղաքական այլախոհներին ու իրավապաշտպաններին և, վհուկների որս կատարելով, դրանով սնում են մարդկանց ուղեղները»,- ասել էր Սաքունցը:

Նա նշել է, որ սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը պարզապես շեղում են կարևոր խնդիրներից:

© Medialab.am