«Խնդիրը կուսակցական չլինելու պահանջն էր, որին ես չէի համապատասխանում». Հերիքնազ Տիգրանյան

Լուսանկարը՝ CIVILNET

Ազգային ժողովի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի` Հակակոռուպցիոն կոմիտեի (կառույցը ստեղծվելու է Հատուկ քննչական ծառայության հիման վրա -խմբ.) նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի նշանակման մասին որոշումը:

Այդ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

ԱԺ խորհրդի որոշման պատճառների մասին «Մեդիալաբը» մեկնաբանություն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանից:

Տիկի՛ն Տիգրանյան, Ազգային ժողովի խորհրդի այս որոշման պատճառը ո՞րն է, ի՞նչ խնդիր է առաջացել:

– Կենսագրական տվյալների առումով է թյուրիմացություն եղել: Ազգային ժողովի կայքէջում թարմացված չեն եղել իմ կենսագրական տվյալները: Թեկնածությունս առաջադրելու ժամանակ իմ համաձայնությունն են հարցրել, ես տվել եմ՝ չխորանալով չափորոշիչների մեջ, որոնք անհրաժեշտ են մրցութային խորհրդի անդամ նշանակվելու համար:

Այդ չափորոշիչները վաղուց աչքաթող էի արել՝ ենթադրելով, որ առաջադրող մարմինը, որը «Իմ քայլը» խմբակցությունն է, դրանք ստուգել է՝ մինչև թեկնածությունս առաջադրելը: Առաջադրող մարմինը կենսագրականս նայել է Ազգային ժողովի կայքում, որտեղ ներառված չէր 2020 թվականի վերջի տեղեկությունը, որ ես դարձել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Իսկ այս փաստի ուժով ես չէի կարող լինել մրցութային խորհրդի անդամ:

Միակ խնդիրը դա՞ է եղել:

– Այո՛, միակ խնդիրը անկուսակցականության պահանջն էր, որին ես չէի համապատասխանում, քանի որ 2020 թվականի ամռան վերջին-աշնան սկզբին ես արդեն կուսակցական էի դարձել, բայց ԱԺ կայքէջում կենսագրական տվյալների թարմացում չէր եղել:

Այս հարցի հետ կապված տարբեր մեկնաբանությունների եմ հանդիպում, որ փորձում էին ապօրինաբար անցկացնել թեկնածությունը և այլն: Նման որևէ միտում գործընթացի մեջ չի եղել, ընդամենը առաջադրման ժամանակահատվածը համընկել է քարոզարշավի պիկին, երբ ավելի շատ զբաղված էինք քարոզարշավով, ինչի հետևանքով էլ մրցութային խորհրդի թեկնածու դառնալուն վերաբերող պահանջները վրիպել են մեր աչքից:

Սա ընդամենը անուշադրության հետևանք է, ոչ թե ցանկացած գնով իմ թեկնածությունն անցկացնելու, շատ աբսուրդային են նման մեկնաբանությունները:

Տիկի՛ն Տիգրանյան, Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ աշխատանքների վերաբերյալ որոշակի թերահավատություն կա, ոմանք նշում են, որ սա հերթական անարդյունավետ կառույցն է լինելու: Ի՞նչ կասեք այս բնորոշումների վերաբերյալ:

– Միանշանակ՝ ո՛չ: Չգիտեմ՝ ինչու են սկսել քննադատել մի բան, որը դեռ չի էլ ձևավորվել, ընդամենը ստեղծվել է օրենսդրական հիմքը, որի մեջ չկան այդպիսի մեխանիզմներ, որոնք հիմք կտան կասկածելու, որ այն անարդյունավետ գործող մարմին կլինի:

Այն կլինի մասնագիտացված միասնական իրավական մարմին, որը կքննի կոռուպցիոն հանցագործությունները, ինչը հակակոռուպցիոն պայքարի բաղադրիչներից մեկն է:

Ես շատ ավելի լավատես եմ, որ այս կառույցը իր գործիքակազմով ավելի հաջող կլինի և իր գործառույթներն արդյունավետ կիրականացնի: Ձախողման հիմքեր ամենևին չեմ տեսնում:

Հակակոռուպցիոն պայքարի մասին եք խոսում, ձեր քաղաքական ուժն էլ բազմիցս նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում որևէ զիջում չի լինելու, բայց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել նաև մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, այն կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում:

– Նախագծի մասին լսել եմ ԶԼՄ-ներից, նախագծին ծանոթ չեմ, հետևաբար, չեմ կարող որևէ բան ասել այդ մասով: Այդ որոշման հիմնավորումները չգիտեմ և որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am