«Սա խրոնիկական, բայց լավ հիվանդություն է, որից չես ուզում բուժվել». Էքստրեմալ սպորտաձեւերի սիրահարները` երեւանյան փողոցներում

«Սա խրոնիկական, բայց լավ հիվանդություն է, որից չես ուզում բուժվել». Էքստրեմալ սպորտաձեւերի սիրահարները` երեւանյան փողոցներում
«Սա խրոնիկական, բայց լավ հիվանդություն է, որից չես ուզում բուժվել». Էքստրեմալ սպորտաձեւերի սիրահարները` երեւանյան փողոցներում

Արագություն, էքստրիմ, բարձր հուզականություն, ոգեւորված բացականչություններ….ավտոմեքենաների մրցաշարը իրական զգացողությունների տոն է դարձել Երեւանում երիտասարդների՝ հատկապես տղամարդկանց համար:
Արցախի փողոցում երկաթե արգելապատնեշների հետեւում շուրջ 402 մետր երկարության վրա շարք կանգնած տղամարդիկ, երիտասարդ տղաներն ու իրենց հեծանիվներով այս ու այն կողմ վազվզող երեխաները ուշադրությամբ հետեւում են Երեւանում ամեն տարի անցկացվող ավտոմեքենաների մրցարշավին:
«STR» ակումբի եւ «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի համատեղ կազմակերպմամբ անցկացվող այս մրցույթին մասնակցում էին 50-ից ավել վարորդներ, որոնց մեջ ծանրաքարշ մեքենաների դասում մասնակցում էին վարորդներ նաեւ Վրաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ուրկրաինայից, Ռուսաստանից, Պարսկաստանից:

«2005-ից մենք կազմակերպում ենք նման մրցումներ: Այսօր շատ վարորդներ կան, ովքեր գիշերները դուրս են գալիս փողոց եւ անկարգություններ անում: Մենք փորձում ենք վարորդին փողոցից սպորտային դաշտ բերել, ուր նա կարող է գալ, մրցել եւ հաճույք ստանալ»,- ասում է «STR» ակումբի տնօրեն Արսեն Մանուկյանը:

Մրցույթին վարորդները մասնակցում են 6 դասում՝ 1-4 եւ ավել լիտրի պարունակությամբ շարժիչի հզորություն ունեցող մեքենաներով, որոնցից հաղթող է ճանաչվում 18-ը:

Հաղթող է ճանաչվում նա, ով 402 մետրը հատելով, առաջինն է անցնում վերջնագիծը:

«Մեզ մոտ հիմնականում սիրողական մակարդակի է, չնայած նաեւ լուրջ պատրաստվածություն ունեցող մասնակիցներ էլ կան, ինչպես նաեւ ռալլի մրցաձեւում Հայաստանի չեմպիոններ»,- նշում է «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Ավտոմեքենաների մակնիշների, տեխնիկական պատրաստվածության, արագության եւ հաղթելու հնարավորությունների մասին բուռն քննարկումները մրցմանը ներկա ավտոսիրահարների միջեւ ավելի էր ոգեւորում մասնակիցներին, որոնք մեքենայի արագությունը զարգացնելով ձգտում են առաջինը հատել վերջնագիծը եւ վայելել հաղթանակի բերկրանքը:

38-ամյա Գեւորգ Հայրապետյանը իր «BMW 320» մակնիշի մեքենայով, որը կատարելագործված է մինչեւ 2,8 լիտրի շարժիչի հզորության վարելու համար, արդեն երկրոդ տարին է ինչ հաղթում է հայաստանյան մրցարշավում՝ 3-րդ դասում (3-4 լիտր)՝ զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը:

«15 տարի է՝ զբաղվում եմ այս ամենով: Ի տարբերություն չարորակ ուռուցքի` սա բարորակ ուռուցք է, խրոնիկական անբուժելի, բայց լավ հիվանդություն, որից դու չես ուզում բուժվել»,-ժպտալով ասում է Հայրապետյանը:

Հայրապետյանը մրցումներ է մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, Ռուսաստանում, իսկ իր մեքենան՝ մրցույթների համար կատարելագործել է հենց ինքը:

«Մեզ մոտ թեեւ մրցումները սիրողական մակարդակի են, սակայն քիչ-քիչ անցում են կատարում դեպի պրոֆեսիոնալիզմ,-ասումէ նա: -Հաղթանակի համար կարեւոր է ոչ միայն վարորդի պատրաստվածությունը, այլեւ մեքենայի տեխնիկական կարող վիճակը: Այն մեքենաները, որոնք քաղաքում առօրեայում օգտագործվում են, ոչ մի արդյունքի գրեթե չեն հասնում մրցումներում: Իսկ այն մեքենաները, որոնք հաղթում են այստեղ, պատրաստված են հատուկ այս մրցաձեւի համար»:

Նա նշում է, որ գրեթե բոլոր մասնակիցներն էլ իրար ճանաչում են, գիտեն, թե ով քանի տարվա փորձ ունի ու ինչ մակնիշի մեքենա է վարում, եւ տարբեր թիմերից լինելով հանդերձ, ընկերներ են:

Մասնակիցներից ոմանք նշում են, որ մասնակցում են զուտ լիցքաթափվելու, «ադրենալին» ստանալու համար.

«Սակայն երբեք քաղաքում վարելիս չեմ չարաշահում արագությունը, քանի որ ընտանիքիս հետ եմ լինում ու անվտանգության կանոնները պահպանում եմ»,- ասում է 41-ամյա Արայիկ Գայայանը, ով մասնակցել է մրցումների նաեւ ԱՄՆ-ում:

Հայաստանյան մրցապայքարում հատկապես առանձնանում էր ծանրաքարշ մեքենայով միջին տարիքի մի կին՝ 56-ամյա Պեպա Ալեքսանդրովան՝ Բուլղարիայից, ով ծանրաքարշ մեքենաների դասում զբաղեցրեց 4-րդ տեղը:

«36 տարի ես մեքենա եմ վարում եւ վարորդ եմ աշխատում ավտոտրանսպորտային մի ընկերությունում,-«Մեդիալաբին» ասում է Ալեքսանդրովան:-Բեռնատարով եկել եմ Բուլղարիայից՝ապրանք տեղափոխելու եւ իմանալով մրցումների մասին, որոշեցի մասնակցել: Բուլղարիայում երիտասարդ տարիքում նույնպես նման մրցումների մասնակցել եմ»:

Ավտոմեքենաների մրցապայքարի ավարտին 18 հաղթողներ ստանում են մեդալներ եւ պատվոգրեր, իսկ մեկ միլիոն դրամը՝ եզրագիծը հաջողությամբ հատելուց հետո բաժանվում է բոլոր հաղթողների միջեւ:

© Medialab.am