Նախագիծը հաշվի չի առնում, թե մեկ ժամի կրճատումը ինչ ազդեցությունը կունենա գործատուների վրա՝ տնտեսական դժվարին պայմաններում. Թավադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը

– Պարո՛ն Թավադյան, ի՞նչ նշանակություն է ունենալու տնտեսության համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է օրական աշխատաժամանակը 8 ժամից դարձնել 7 ժամ, շաբաթական տևողությունը՝ 40 ժամից 35: Փոխնախարարը հայտարարել է, որ այս փոփոխությունը «կյանքն ավելի լավը կդարձնի»:

– Այս պահին պոպուլիստական հերթական հայտարարություններից է, որը միտված է քաղաքական միավորներ շահելուն, սրանից զատ այդ նախագծի մեջ որևէ հստակ բան չկա, որովհետև այդ նախագծում դեռևս նշված չեն հստակ հաշվարկներ, թե դա ի՛նչ տնտեսական արդյունք կարող է ունենալ, ինչպե՛ս կարող է օգուտ տալ գործարարներին, աշխատողների քանի՛ տոկոսն է այս նախագծի շրջանակներում լինելու: 

Այլ հարցեր ևս կան, օրինակ՝ հաշվի չի առնվում ոչ նորմավորված ժամանակ ունեցող մարդկանց աշխատաժամանակը, այս նախագիծը նրանց վերաբերելո՞ւ է, թե՞ ոչ: Օրինակ՝ մարդիկ կան, որոնք քսանչորս ժամ աշխատում են, որից հետո երկու օր հանգստանում են, ինչպե՞ս է այս խմբի վրա անդրադառնալու այս նախագիծը, կամ կան մարդիկ, որոնք այլ ռեժիմով են աշխատում: 

Բերվում է նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին մարդկանց շատ ավելի հեշտ է հեռավար աշխատել, բայց ասպեկտներ կան, որոնք հստակ պահանջում են մարդու ֆիզիկական ներկայությունը, օրինակ՝ բժիշկներ, ավտոբուսի վարորդներ, սուպերմարկետներում աշխատողներ: 

Եթե սուպերմարկետն այս պահին աշխատում է շուրջօրյա, ու, ենթադրենք, ունի վեց աշխատող, որոնցից երկուսը ութ ժամվա ընթացքում հերթափոխով են աշխատում, ու կարողանում է օրվա ընթացքում շուրջօրյա աշխատանք ապահովել, ապա յոթ ժամի դեպքում ստացվելու է, որ երեք ժամ պակասելու է, որտեղի՞ց է այդ ժամը լրացնելու, ստիպված կամ ավելացնելու է աշխատավարձերը հավելյալ աշխատանքի համար, կամ յոթերորդ աշխատող է ընդունելու: 

Այս նախագիծը հաշվի չի առնում՝ ի՛նչ հստակ ազդեցություն կարող է ունենալ այդ մեկ ժամի կրճատումը գործատուների վրա այն պայմաններում, երբ իրական տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, ինչի մասին փաստում է այն հանգամանքը, որ դեպի ԵԱՏՄ արտահանումը կրճատվել է մոտ 17 տոկոսով, իսկ դեպի ԵՄ 25 տոկոսով հարկահավաքությունն է կրճատվել: 

Հարցն այն է, որ այս պայմաններում այս նախագիծը, ինչպես նաև անհուսալի վարկառուների ներման վարքագիծը, ի դեպ, այս պահին, եթե նայենք, ապա աշխատավոր հասարակության մեջ 18-65 տարեկան բնակչության 15 տոկոսը անհուսալի վարկառու է: Այս երկու նախագիծն էլ առաջին հերթին կրում է պոպուլիստական բնույթ, որը միտված է գալիք ընտրություններում քաղաքական միավորներ շահելուն:

– Ստացում է, որ այս փոփոխությամբ էական ազդեցություն չի՞ լինելու տնտեսության վիճակի, մարդկանց կյանքի բարելավման վրա:

– Դրանց համար հստակ հաշվարկներ են պետք, որոնք այս նախագծում ներկայացված չեն: Իհարկե շատ աշխատողներ կան, որոնք ուրախ կլինեն այս որոշման ընդունումից, որովհետև գնում են գործի, կոպիտ ասած, կոֆե խմելու համար: Պետական շատ աշխատողներ այս կարգավիճակում են, նրանք կշահեն: 

Բայց սա այն հարցն է, որում պետությունն անելիք չունի, պետությունը պետք է խառնվի միայն այն պարագայում, որ թույլ չտա գործատուին շահագործել աշխատողին, այլ պարագաներում չպետք է խառնվի: Սա զուտ գործատուի ու աշխատողի փոխհարաբերության տիրույթում է, երբ գործատուն ինքը պետք է որոշի՝ որ աշխատողի հետ ի՛նչ հաստիքաժամանակով է աշխատում, որովհետև, կրկնեմ, կան մասնագիտություններ, որոնք ֆիզիկական հստակ ներկայություն են պահանջում, կան հաստիքներ, որոնք հեռավար կարող են լինել: 

– Այսինքն՝ այս նախագիծը չի՞ նպաստելու տնտեսության որակի բարելավմանը, պարո՛ն Թավադյան:

– Այս պահին նախագծում չկա հստակ հաշվարկների վրա հիմնված նման արձանագրում, ընդհանուր բառերով ներկայացված է, որ սա կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության համար, բայց չկան հստակ հաշվարկներ ու օրինակներ:

Կան որոշ եվրոպական պետությունների օրինակներ, բայց կարելի է ենթադրել, որ տվյալ եվրոպական պետությունները ևս այդ փոփոխությունն արել են՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Նույնիսկ եթե այդ նկատառումով չի արվել, մենք եվրոպական պետությունների այդ փուլում չենք, որ այդքան ավելացված արժեք կերտած լինենք, այդքան արտադրական կապիտալ ունենանք, որ կարողանանք մեզ թույլ տալ մեկ ժամ քիչ աշխատել: Այս նախագիծն օգուտ կլինի միայն նրանց, որոնք աշխատավայրում զբաղված են ժամավաճառությամբ:

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am