Լռության մեջ պարողները. լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները ՝ շփման նոր ձեւերի եւ տրամադրությունների մեջ

Լռության մեջ  պարողները. լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները ՝  շփման նոր ձեւերի եւ տրամադրությունների մեջ
Լռության մեջ պարողները. լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները ՝ շփման նոր ձեւերի եւ տրամադրությունների մեջ

«Մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս…». թվերը մտքում հաշվելով ու ծափ տալով` իրար հետևից նույն պարային շարժումներն են կատարում շարք կազմած 11 աղջիկ:
Նրանք զգում են իրենց կատարած յուրաքանչյուր շարժման ռիթմը, թռիչքներից ու արագ պտույտներից ոգևորվում են, ժպտում միմյանց, իսկ մատների նազանքից ու պարային շարժումներից հնչում է երաժշտություն, որն իրականում չկա, բայց նրանց նայելիս լսում ես:
Արդեն 5 տարի է՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատն ունի հայկական պարի խումբ, որտեղ հաճախում են լսողության խնդիրներ ունեցող աղջիկներ:
23-ամյա Մարիա Պետրոսյանը, ով այս տարի Հայաստանում խուլերի գեղեցկության մրցույթում գրավել է առաջին տեղը, արդեն 4 տարի պարի խմբակ է հաճախում, 5 տարի՝ մնջախաղի:
«Չեմ լսում, բայց սիրում եմ պարել: Տանը նստեմ` ի՞նչ անեմ, ավելի լավ է գամ այստեղ, պարել սովորեմ, զբաղվեմ: Դե, դպրոցն ավարտելուց հետո մեզ՝ խուլերիս, աշխատանքի չեն ընդունում՝ մեկնաբանելով, որ մեզ հետ չեն կարող շփվել: Բայց ես նույնիսկ գրելով կարող եմ խոսել ու աշխատել»,- ասում է Մարիան ժեստերի լեզվով:

Այս տարի հուլիսին նա առաջին անգամ մասնակցելու է Պրահայում անցկացվող խուլերի միջազգային գեղեցկության մրցույթին:

«Այնտեղ աշխարհի տարբեր տեղերից խուլեր են գալու՝ տարբեր մշակույթներից ու տարբեր ժեստերի լեզուներով: Ինչ-որ բան մենք կսովորենք նրանցից, ինչ-որ բան նրանք՝ մեզնից,- ասում է Մարիան: – Շատ եմ ուզում ընդգրկվել տասնյակի մեջ ու հաղթել, դա երազանքս է: Բայց եթե չհաղթեմ, ուրախ եմ, որ այնտեղ հայկական դրոշը կբարձրացնեմ»:

Մարիան պարին զուգահեռ ծաղիկների ձևավորմամբ ու նկարչությամբ է զբաղվում և մեծ ցանկություն ունի աշխատելու դիզայներական ձևավորման ոլորտում:

Խուլերի միությունում գործում է նաև մնջախաղի խումբ, որտեղ հաճախում են ավելի քիչ թվով աշակերտներ: Խումբը միակն է Հայաստանում, որի սաները տոներին մի քանի մետրանոց ոտնափայտերի վրա դիմակահանդեսային հագուստներով շրջում են Երևանում:

31-ամյա Արմինե Սմբատյանը, ով 12 տարի զբաղվում է մնջախաղով և 5 տարի` պարով, նշում է, որ այս ինքնագործ խումբը միմյանց հետ շփվելու, տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն է տալիս:

«Մնջախաղն արվեստի այն տեսակն է, որը ոնց որ հատուկ խուլերի համար ստեղծված լինի: Այնտեղ խոսելու բան չկա, ամբողջը ցույց ես տալիս»,- ժպտալով ասում է Արմինեն, ով մնջախաղի ներկայացումներով հանդես է եկել Լեհաստանում ու Իրանում:

Նա սովորել է Զեյթունի լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, ապա ոսկերչություն սովորել ու մի քանի տարի ոսկերչությամբ զբաղվել:

«Վերջին շրջանում վրացական հացի փռում էի աշխատում, հիմա փակել են, էլ չեմ աշխատում: Այնտեղ սկզբում ինձ ասեցին՝ օրական 3000 դրամ կվճարեն, բայց խաբեցին, աշխատելիս սկսեցին 2000 դրամ տալ»:

Արմինեն մեկ ցանկություն ունի, որ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան բարձրագույն կրթություն ստանալ:

«Ինստիտուտներում թող մեզ համար հատուկ ֆակուլտետ լիներ, ո՞նց է` արտասահմանում բոլոր խուլերն ընդունվում են ինստիտուտ, համալսարան, կարողանում են գրագետ խոսել, մասնագիտություն ձեռք բերել: Ես շատ կուզեի հաշվապահական կամ համակարգչային կրթություն ստանալ կամ լրագրող աշխատել, մարդկանց հետ հարցազրույցներ վարել»,- ասում է Արմինեն:

Նա պատմում է, որ առաջ խլության պատճառով շատ էր ամաչում. «Տրանսպորտում ձայն չէի հանում, օրեր էին լինում, որ մինչև վերջին կանգառը գնում էի՝ ամոթից ձայն չհանելով, հետո ոտքով հետ էի դառնում: Իսկ հիմա չեմ ամաչում, ձեռքով կպնում եմ վարորդին, ասում եմ՝ կանգնեք՝ որտեղ ինձ պետք է: Ու եթե ինչ-որ բան էլ չեմ հասկանում՝ գրելով եմ մարդկանց դիմում ու հասկացնում»:

Հասարակության մեջ տարբեր խնդիրների բախված այս երիտասարդները սիրով են գալիս պարի ու մնջախաղի պարապմունքների:

16 տարեկան Մերի Ղազարյանը, ով մի քանի ամիս է՝ հաճախում է խուլերի միության հայկական պարի խումբ, մինչև 9-րդ դասարանը սովորել է սովորական միջնակարգ դպրոցում լսողության խնդիր չունեցող երեխաների հետ:

Ժեստերի լեզուն նոր է սկսել սովորել, բայց ընկերների հետ հաղորդակցվելու առումով ոչ մի խնդիր չունի:

«Դպրոցում մի քիչ դժվար էր: Ճիշտ է, լավ ընկերուհիներ ունեի, բայց շատ է եղել, որ նրանք բոլորը խոսել են, շփվել միմյանց հետ, ես մենակ եմ մնացել, խոսքով չեմ կարողացել շփվել նրանց հետ»,- ասում է Մերին:

Նրա մայրը նշում է, որ սկզբում դասերը պարապել է սուրդոթարգմանչի հետ, ինչը բավական հեշտացնում էր աղջկա ուսումը, բայց բարձր դասարաններում դժվարանում էր, քանի որ առարկաները շատ էին:

«Շատ կուզեի կահույքի դիզայնով զբաղվել: Տանը հին աթոռ ունեինք, որը ձեռքով ես եմ մշակել: Տանը չեմ սիրում մնալ, ուրախ բաներ եմ սիրում ու անընդհատ ակտիվություն»,- ժպտալով ասում է Մերին՝ լողի, հեծանիվի ու բրեյք դանսի սիրահարը:

Հայաստանի խուլերի միության մշակույթի պալատի տնօրեն Լյովա Մկրտչյանը՝ պարի խմբի հիմնադիրը, անվարձահատույց իր ողջ եռանդն ու ուժը ներդնում է աղջիկներին հայկական ազգային պարեր սովորեցնելու համար:

«Նրանց հաշվելով եմ սովորեցնում պարել, հետո միանում են երաժիշտները, երաժշտության ռիթմը բռնացնելով` փորձում ենք, որ ելույթներ ունենանք»,- ասում է 45 տարվա պարուսույց Մկրտչյանը, որը նույնպես լսողության խնդիր ունի:

Նա հայտնի պարուսույց Վանուշ Խանամիրյանի աշակերտն է եղել և համերգներով շրջագայել է նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներով: Մկրտչյանը դժվարանում է խմբում նաև տղաների ներգրավել, քանի որ բոլորը գնում են աշխատանքի՝ ապրուստի համար գումար վաստակելու:

Աղջիկների մեծ մասն էլ գալիս է մարզերից՝ Թալինից, Աբովյանից, Արտաշատից:

«Մենք նույնիսկ երեխաներին տրանսպորտի գումար ենք տալիս, միայն թե գան, որովհետև քիչ են խմբում: Բայց մեծ սիրով ու հաճույքով ենք պարապում նրանց հետ, որ խումբը շարունակի ելույթներ ունենա,- ասում է Մկրտչյանը՝ հավելելով,- հոկտեմբերին մեր խուլերի միավորման 80-ամյակն է, և մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք համերգի: Մեկնելու ենք նաև Մոսկվա համերգի, որտեղ խուլերի միավորման 100-ամյակն է»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

© Medialab.am

«ԱնՁայն» ֆիլմը՝ Փիրուզա Խալափյանի