«Սա հանուն քաղաքապետի չէ, հանուն անարդարության է, մարդիկ անարդարությունը տեսնում են ու չեն կարողանում հանդուրժել». Վահե Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը

Պարո՛ն Գևորգյան, ֆեյսբուքյան ձեր գրառմանն ի պատասխան՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով, ըստ էության, հերքում են ձեր ասածները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Հո գրելով չէ․ նախ գրել են, որ քաղաքական որոշում է, հետո չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունի Հրաչ Սարգսյանը, որի մասին հիշատակել են այդ հայտարարության մեջ։ Երկրորդը, որ գրել են՝ նվազագույն ձայներն ապահովել են, ընդդիմության ձայներով է այդ քվեարկության արդյունքն ապահովվել։

Շարունակում եք պնդել, որ ձեր գրառումը ճիշտ է, իսկ տարածած հայտարարությունը

– Դա միայն ես չեմ գրել, դա գրել է նաև Գրիգոր Երիցյանը, դրանից տեղյակ է գրեթե ողջ քաղաքապետարանը, դա գործընթաց էր։ Մանրամասն ու ամենայն ճշգրտությամբ եմ գրել, ինչ գրել եմ։ Կրկնում եմ, որ իրենք առաջնորդվում են նեղ կուսակցական շահով ու վրեժխնդրությամբ, բնականաբար, իրենք չեն ասի այս մասին, բայց ես այլ պատճառ չեմ տեսնում։

Պնդում են, թե ուզում էինք լավ ավտոբուսներ բերել, իսկ ո՞ւր են փաստերը, լավը կար՝ լավը բերեիք, որտե՞ղ է արձանագրված նման առաջարկ՝ բանավոր կամ գրավոր։

Անձնական վրեժխնդրության մասին եք ասում, կա՞ն դրանց հիմքերը, Հայկ Մարությանն իր քայլերով դրա առիթը ստեղծե՞լ է։

– Դե, հարաբերությունները լարված են քաղաքապետի հետ, պարզ չէ՞ արդեն։ «Վրեժխնդրություն» գուցե չակերտավոր ասեմ, բայց լարվածությունը կա, չէ՞, ամեն դեպքում ու հիմա հասել է իր գագաթնակետին։

Ձեզ համար տեսանելի եղե՞լ են այդ լարվածության հիմքերն ու պատճառները։

– Իրենք ասում են, որ ՔՊ-ից դուրս գալն է պատճառը, բայց հիմա իրենց այս պահվածքը տեսնելով՝ ես լրիվ հասկանում եմ, թե ինչու է դուրս եկել, ու ինչու են մարդիկ դուրս գալիս։ Իրենք արդյոք մտածե՞լ են, թե ինչո՛ւ են մարդիկ դուրս գալիս, չէ՞ որ պետք է նման որոշման համար մարդը պատճառ ունենա։

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են դուրս գալիս։

– Իրենց այս պահվածքի պատճառով։ Մարդիկ այս ճնշումներին ենթարկվելով, ես ենթադրում եմ, դա իրենցից պետք է ճշտեք, չեն ուզում մնալ, որովհետև, ի վերջո, ընտրված մարմին են ու կարող են միայն խմբակցությունից դուրս գալ, ոչ թե մանդատները վայր դնել։ Ի՞նչ է հիմա կատարվում քաղաքապետի շուրջը, իրենց այս ամբողջ արշավը՝ կեղծ լուրերով, Քոչարյանի հետ կոֆե է խմել և այլն, և այլն։ Ամեն ինչ շատ ակնհայտ է, էլի։

Համակարծի՞ք եք, պարո՛ն Գևորգյան, որ եթե քաղաքապետը կապերը խզել է իշխող թիմի ներկայացուցիչների հետ ու չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, ապա պետք է հեռանա։

– Դա անհեթեթ մեկնաբանություն է, որովհետև «Իմ քայլը» ձևավորվել է հեղափոխությունից անմիջապես հետո, դա ՔՊ չէ, դա «Իմ քայլը» դաշինք է, որը ստեղծվել է հենց այդ օրերին, ու մարդիկ իրենց ձայնը տվել են հեղափոխության գաղափարին, ինչ-որ մեկը գնացել, ձա՞յն է տվել «Քաղաքացիական պայմանագրին»։

Իշխող թիմի ներկայացուցիչներն ասում են, որ Հայկ Մարությանին ընտրել է ավագանին, այլ ոչ թե ժողովուրդը, հետևաբար ավագանին էլ կարող է նրան հեռացնել։

– Ֆորմալ առումով ճիշտ է, բայց քաղաքապետը առաջնային մանդատ ստացած քաղաքապետ է, այսինքն՝ մարդիկ ընտրության գնալիս հաշվի են առնում առաջին համարի թեկնածուին: Գաղտնիք չէ, չէ՞, չեն ասում՝ ավագանի ընտրեք, հետո կասենք՝ ով է լինելու քաղաքապետը, այսինքն՝ մարդիկ իրենց ուղիղ ընտրությունն արել են: Եթե ուրիշ մարդ լիներ առաջին համարում, կարող է 82% քվե չստանային, 60 քանիս ստանային։ Բայց ասել, որ ավագանին է ընտրում քաղաքապետին, ուղղակի մանիպուլյացիա է, ֆորմալ առումով, բնականաբար ճիշտ են ասում, բայց մարդիկ ընտրություն անում են առաջին համարին հաշվի առնելով։

Պարո՛ն Գևորգյան, այս գործընթացն ի՞նչ ազդեցություն է ունենալու քաղաքի կառավարման համակարգի վրա։

– Այս ամենը քաղաքի վրա միմիայն բացասական ազդեցություն է ունենալու։

Քաղաքապետի նոր թեկնածուի հետ ի՞նչ հույսեր եք կապում։

– Ճիշտն ասած, չեմ ուզում որևէ բան ասել, եթե նա համաձայնել է այս ամենին, բան չեմ կարող ասել, իր ընտրությունն է, համենայնդեպս, մարդիկ իրեն չեն ընտրել։

Հայկ Մարությանի աշխատանքը ձեզ գոհացնո՞ւմ է։

– Համեմատության մեջ, հնարավորության սահմաններում եթե դիտարկեմ՝ այո՛, գոհ եմ, բնականաբար, թերություններ կան, բայց ինձ թվում է՝ ես չպետք է ասեմ այն ակնհայտ համակարգային փոփոխությունները, որոնք եղել են։

Իշխանության նախկին ներկայացուցիչներից ոմանք ասում են, որ Հայկ Մարությանի դեմ սկսված այս գործընթացը նրա համար է, որ միայն Մարությանն է հավատարիմ մնացել հեղափոխության արժեքներին։ Համաձա՞յն եք։

– Միակը՝ չգիտեմ, բայց այն, որ քաղաքապետարանն անհամեմատելի հեղափոխական արժեքների կրող է՝ միանշանակ է։ Բայց, կարծում եմ, որ այս արշավի պատճառը ոչ լոյալ լինելն է, երբ քաղաքապետը չունի վերադաս, նա առանձին մարմին է, որը չի ենթարկվում ոչ մեկի։

Որպես ավագանու անդամ՝ ձեզ հաջողվե՞լ է իրականացնել ձեր ծրագրերն ու նպատակներն այս ընթացքում, պարո՛ն Գևորգյան։

– Նախընտրական այն ծրագրերը, որոնք գրվել են, գրեթե բոլոր ծրագրերին մեկնարկ է տրված, ահագին մասը ավարտին է հասցվել, մնացած մասի համար էլ դեռ երկու տարի կա, ու, միանշանակ, հասցնելու ուղենիշները դրված են։

Նոր քաղաքապետի հետ հե՞շտ կլինի աշխատել։

– Ես չեմ կարծում, թե այդքան միանշանակ է, որ Մարությանին հեռացնելու են, որովհետև այս գործընթացը չունի լեգիտիմություն, դա միայն ֆորմալ քվեարկելով չէ, կա ժողովրդական ճնշում, շատ մեծ համաձայնություն, դա բոլորն են տեսնում, ամբողջ համացանցով, այդ արձագանքն ակնհայտ է։

Կարծում եք, որ մարդիկ հանուն քաղաքապետի կընդվզե՞ն։

– Սա հանուն քաղաքապետի չէ, հանուն անարդարության է։ Մարդիկ այդ անարդարությունը տեսնում են ու չեն կարողանում հանդուրժել։

Ձեր բնորոշմամբ՝ անարդարության դեմ դուրս կգա՞ն մարդիկ։

– Հեղափոխության ժամանակ էլ մարդիկ դուրս եկան փողոց՝ անարդարությունից ելնելով, այս պարագայում, չգիտեմ՝ ով ու որքան մարդ դուրս կգա, բայց այն ցասումն ու անհամաձայնությունը, որ կա այս գործընթացի հանդեպ, ակնհայտ են։

Կարծում եք, որ մեծամասնությանը, այնուամենայնիվ, չի՞ հաջողվի պաշտոնանկ անել Հայկ Մարությանին։

– Եթե հանրության բավարար ճնշումն ապահովվի՝ չի հաջողի, բայց եթե անգամ հաջողի, ապա այդ պայմաններում աշխատելն իրենց համար լինելու է մղձավանջ։

Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը ո՞րը կարող էր լինել։

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է հասկանա, որ քաղաքապետն իրենց քաղաքական գծից ու ծրագրերից չէր շեղվել, ու հնարավորության տար անկախ գործելու, որովհետև հեղափոխության արժեքներից մեկն էլ հանրային, այլ ոչ թե կուսակցական շահն էր։

Բայց ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունն ասում էր, որ Մարությանը տապալել է այդ ծրագրերի իրականացումը, չի կարողացել վերացնել կոռուպցիան։

– Դա նույնպես մանիպուլյացիա եմ համարում։ Քաղաքապետարանում աշխատում են տասնյակ հազարավոր աշխատողներ, եթե ինչ-որ մի օղակում կոռուպցիա է լինում, դա համապատասխան մարմինների բացահայտման խնդիրն է, իրենք պետք է հայտնաբերեն, ոնց մյուս կառույցներում է լինում։

Բացի այդ էլ, առանց փաստերի մեղադրանք են հնչեցնում, ո՞ւր են կոռուպցիայի մասին վկայող փաստերը: Ինձ համար «Հայկական ժամանակի» հայտարարությունն առնվազն ծիծաղելի է, դեղին մամուլից էլ ցածր էր Մարությանին Քոչարյանի հետ կապելը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am