Մահվան եւ նոր ծննդի նոյեմբերը. Բաբայանների ընտանիքում ուրախությունն ու ցավը միախառնվել են

34-ամյա Արփինե Բալայանը և ամուսինը՝ Վանիկ Բաբայանը, վերջին տարիներին երկար բուժվում էին՝ երազելով երկրորդ երեխայի մասին։ Սեպտեմբեր ամսին Արփինեն արդեն 7 ամսական հղի էր, գիտեին, որ տղա են ունենալու, անունն էլ որոշել էին՝ Արեգ։ 

Արցախյան պատերազմը, սակայն, թույլ չտվեց լիաթոք ուրախանալ երեխայի ծննդով։ Նոյեմբեր ամսին ծնվեց Արեգը, նույն ամսին՝ պատերազմի վերջին օրը՝ հրադադար ստորագրելուց ընդամենը ժամեր առաջ, Լաչինում հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս զոհվեց Արփինեի ամուսինը՝ այդպես էլ չտեսնելով սպասված որդուն:

«Մենք շատ երկար էինք սպասում այս բալիկիս, ես ահագին ժամանակ չէի հղիանում, ահագին բուժումներ, 5-6 տարի պայքարել ենք, որ հղիանամ ու հրաշքով եմ հղիացել: Որ երեխեն ծնվել ա, ես մտածում եմ՝ Աստված գիտեր՝ ինձ ինչ էր սպասում, ինչ էր լինելու, դրա համար էդ երեխուն տվել ա ինձ»,- հուզմունքով ասում է Արփինե Բալայանը։

Արփինե Բալայանը տղայի՝ Արեգի հետ, հետնապլանում մեծ տղան է՝ Վահանը

Արփինեն ու Վանիկը բնակվել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, պատերազմի օրերին Արփինեն մեծ տղայի հետ տեղահանվել է, նախ տեղափոխվել է Գորիս, այնուհետև՝ Երևան: Ամուսինը կամավոր մեկնել է հայրենիքը պաշտպանելու:

«Մենք տուն ունեինք՝ Վանիկի հայրական տունը, նաև պետական շենքում տուն ունեինք, սարքել էինք, տունը պետք ա սեփականաշնորհեինք, ուզում էինք տեղափոխվել, բայց չհասցրեցինք։

Պատերազմը որ սկսվեց, ամուսինս կամավոր գրանցվեց պահեստայինում, որ կամավոր գնա։ Մինչև մեր ամուսնանալը՝ էդ տարի ինքը մեքենայով վթար էր տվել, շատ մեծ ավարիա էր տվել, ձախ թոքը վիրահատել էին, առողջական խնդրի պատճառով վայենկոմատն իրեն ազատել էր զինվորական ծառայությունից, բայց ինքը կամավոր գնաց»,- ասում է Արփինեն։

Արփինեն պատմում է, որ երբ ամուսինը ռազմաճակատից զանգում էր, մշտապես մարտական տրամադրություն ուներ, կնոջն ասում էր, թե ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա: Արփինեն միայն հետո է հասկացել, որ ամուսինը դրական և ոգևորիչ խոսքեր ասում էր հղի կնոջն անհանգստություն չպատճառելու համար:

«Ինքն ինձ ոչ մի վատ բան չէր պատմում, ես որ էստեղից-էնտեղից լսում էի, որ Հադրութն են վերցրել, էս են գրավել, ինքը ասում էր՝ չէ, նման բան չկա: Միշտ դուխը տեղը, բարձր տրամադրությամբ, որ պատերազմն ավարտվելու ա, լավ ա լինելու։ Ասում էր՝ երեխուն կունենաս ըտեղ, մենք կվերադառնանք Արցախ։ Միշտ էդ տրամադրությամբ, նույնիսկ վերջին օրը, որ հրադադարից մի ժամ, ժամուկես առաջ եմ խոսել, Շուշին վերցված էր, ես իրեն հարցրեցի՝ ասեց՝ Շուշին չեն վերցրել, նման բան չկա, դու հանգիստ եղի, ոչ մի վատ բան չկա։ Ինքը միշտ տենց էր խոսում, որ զանգում էր, կրակում էին, ես լսում էի ձեները, ասում էր՝ մերոնք են, առաջ են գնում: Հիմա եմ հասկանում, ոչ մի լավ բան էլ չի եղել, ուղղակի ինքն ինձ խաբում էր, չէր ուզում ասել: Ինքն էությամբ շատ բարի մարդ էր, բոլորին միշտ հասնող»,- պատմում է Արփինեն։

Արփինեն ամուսնու զոհվելու մասին իմանում է նոյեմբերի 9-ին:

«Տեգրս գործից եկավ, ասեց՝ Վանիկի հետ խոսել եմ, Լաչինի կալցևոյի մոտ է, խոսում էի, ասեց՝ հետո կզանգեմ, ու հեռախոսն անջատվեց: էդ պահին ես անհանգստություն զգացի իմ ներսում, զանգեցի, անհասանելի էր: Մեր բարեկամներից իրա հետ կային, բայց ում զանգում էի, զանգերը գնում էին, ոչ ոք չէր պատասխանում, միայն ինքն էր անհասանելի։

Զանգեցի փոքր ախպորս, Լիսագորի պոստում էր: Ասեց՝ հանգիստ եղի, իրանք պադվալում են, իսկ ես գիտեի, որ Վանիկը հեռախոսը երբեք չէր անջատում: Ասեց՝ հեռախոսը ավտոյի մեջ ա թողել: Կասկածեցի, որ մի բան էն չի, ներքին ձայնս հուշում էր, արդեն մահացած էր ամուսինս, իրեն Գորիս էին տանում։ Հետո տալիս ամուսինը զանգեց տեգրիս, ինքը առանձնացել էր, բայց լսեցի, ասեց՝ ո՞նց կարա տենց բան լինի, մի քիչ առաջ եմ իրա հետ խոսացել։ 

Հետո փոքր ախպորս ասեցի՝ երեխա չեմ, ասեք՝ ես էլ իմանամ, ասեց՝ չկա։ Լաչինի վրա որ խփել էին, մեր բարեկամներից գնացել էին, որ Վանիկին վերցնեին, բայց արդեն ուշ էր։ Կասետային ռումբի բեկորը սրտին էր խփել։ Զրահաբաճկոն չի եղել, որ օգնի։ Նույն օրը իր հարազատ եղբայրը զոհվեց Մարտունիում»,- հուզմունքով պատմում է Արփինեն։

Դաժան լուրերից հետո Արփինեի ինքնազգացողությունը սկսում է վատանալ, օրեր շարունակ ճնշման տատանումներ է ունենում, երեխայի աճը կանգնում է, երեխան հրաշքով է փրկվում:

«Ամսի 28-ին հանրապետականում պառկեցի, 29-ին բժիշկը ասեց, եթե լավ ես զգում, քեզ կուղարկեմ տուն, տանը բուժումը կշարունակես: Բայց երեկոյան վատացա, էխո արեցին, երեխու սրտի զարկերն էին քչանում, պտղաջրերս էին չորանում: Բժիշկն ասեց՝ պետք ա կես ժամվա մեջ վիրահատեն, թե չէ ներարգանդային մահ կգրանցվի: Վիրահատարան տարան, վիրահատությունը ավարտվեց ուղիղ ժամը 12։00-ին: Փառք Աստծո, նոյեմբերի 30-ին ծնվեց տղաս: Մինչև էդ բժիշկը լավ չէր խոսում, որ ծնվեց, ասեց՝ աչքդ լույս, տղեդ լավ ա ծնվել»,- պատմում է Արփինեն:

Արցախյան պատերազմը չնայած շրջեց ինչպես շատ արցախցիների կյանքը, այնպես էլ Արփինեի, բայց նա փորձում է իր մեջ ուժ գտնել, հաղթահարել ցավն ու կսկիծը, որ ապրի ու ապրեցնի երեխաներին:

«Էս ցավը մենակ իմ համար չէ, էս ցավը բոլորինն ա, ես էս պատերազմում կորցրել եմ նաև հոպարիս տղուն, կորցրել եմ հորքուրիս մինուճար որդուն, տեգրս ա զոհվել, մերոնք սաղ տուն-տեղ կորցրել են։ Իմ պապան էլ ա զոհված՝ 90-ականներին, ես 6 տարեկանում եմ կորցրել հորս, մեծ տղաս իր հորը՝ 7 տարեկանում։

Այսպես ասեմ՝ ես կապրեմ, բայց ոչ ինձ համար, այլ՝ իմ երեխեքի։ Իմ ամուսինը գոնե ինձ երկու երեխա ա տվել՝ էդ նվերը, բա մնացած 18-19 տարեկան տղերքի ծնողներն ինչ ասեն»,- ասում է Արփինեն։

Արփինե Բալայանը մեծ տղայի՝ Վահանի հետ

Ընտանեկան ալբոմը թերթելիս

Մտածում է առաջիկայում Գորիս տեղափոխվել, որտեղ ամուսնու գերեզմանն է, իսկ մինչ այդ Երևանում տարբեր մարդկանց միջոցով փորձում է հոգալ տան վարձի և կոմունալների հարցերը: Ասում է, որ պետությունից որևէ աջակցություն մինչ օրս չի ստացել:

«Անհատ մարդիկ են ինձ օգնում, ես բյուլետեն եմ ստացել, ամուսնուս աշխատավարձերը մնացել էին, ինքը չէր հանում, ես դրանցով եմ վարձը տալիս, կոմունալները տալիս, ես պետությունից ոչ մի օգնություն դեռ չեմ ստացել, անգամ ես վարձի գումար չեմ ստացել, էդ օնլայն 30 հազարի համար մի անգամ լրացրել եմ, չի եղել, դրա վրա էլ եմ ջղայնացել ու էլ ոչ մի բան չեմ արել։
Ամուսնուս մահվան գումարն անգամ չեմ ստացել, հիմա մայրիկս Արցախ ա գնացել ամուսնուս թղթերի հարցով։

Ամուսինս քանի որ կամավոր էր գնացել պատերազմ, վայենկոմատից ազատված էր, իր համար տեղեկանք չեն տալիս: Տեղեկանքը մարզպետը տալիս ա, մարզպետը հաստատել ա դա, բայց նոր օրենքով ինձ ասում են, որ վայենկոմատից էլ պետք ա թուղթ տան, որ ես գումարները ստանամ։ Իր կարգավիճակը պետք ա հաստատվի, որպես զոհ դեռ չեն ճանաչել, դա ա վատը, պետք ա կարգավիճակը հաստատվի, որ մնացածը կարգավորվի,- ասում է Արփինե Բալայանը և լավատեսորեն հավելում, որ Աստված մի դուռ կբացի,- ինչ անենք, դժվարություններ են, որ պիտի հաղթահարենք»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am