«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
– Տիկի՛ն Թովմասյան, մարտի 1-ի դեպքերի տարելիցի օրն է այսօր, Նիկոլ Փաշինյանը այն առաջնորդն էր, որ հայտարարում էր, թե կբացահայտի ողբերգական այս դեպքը: Ինչո՞ւ մինչ օրս չի բացահայտվել «Մարտի 1»-ը:
– Այո՛, դուք ճիշտ եք, Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի բացահայտման խոստումով եկավ իշխանության, որովհետև նրա հիմնական առաքելություններից մեկը՝ որպես հեղափոխական առաջնորդ, բոլորը հասկանում էին, «Մարտի 1»-ի բացահայտումն էր: Բայց ինչպես իր բոլոր խոստումները, այնպես էլ այս մեկը ձախողել է, հիմա ո՛ւմ, ինչպե՛ս կմեղադրի, իր բնավորության համաձայն, դժվար է ասել, բայց միակ պատասխանատուն շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը:
Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ նա հանրահավաքի ժամանակ՝ ի տես բազմահազարանոց քաղաքացիների, հայտարարեց, որ «ըստ էության, ամբողջությամբ, ամբողջ ծավալով «Մարտի 1»-ի գործը բացահայտված է», բայց այսօր լրագրողների հետ զրույցում ասում է, թե ինքն «ամբողջ» բառը երբեք չի օգտագործել:
Բայց թվային այս դարաշրջանը շատ լավ հնարավորություն է բացահայտելու Նիկոլ Փաշինյանի ստերը, ու Փաշինյանը չի պատկերացնում, որ իր ցանկացած խոսքի դրժում ի վերջո ունենալու է ապացույց: Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը խաբում էր հանրահավաքի մարդկանց՝ ասելով, որ գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար հրաժարվեց իր բոլոր խոստումներից:
– «Կարծում եմ, որ «Մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճի՛շտ՝ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու և քննելու, հետաքննելու», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը:
– Փաշինյանը, իր սովորության համաձայն, փորձում է ապագա ձախողումները արդարացնելու համար պատճառներ ու մեղավորներ գտնել, եթե լրագրողները մի ավել հարց տային, ինքն ասելու էր, որ նախկինները գործն այնպես են խճճել, այնպես են հետքերը վերացրել, որ անհնար է որևէ բան բացահայտել:
Բայց ես ուզում եմ մի բան հասկանալ. Նիկոլ Փաշինյանը, լինելով նորընտիր վարչապետ ու հենց «Մարտի 1»-ի վերաբերյալ ունենալով իրեն շատ լավ զեկուցված գործ, որի առիթով էլ հայտարարեց, թե գործը, ըստ էության, ամբողջությամբ բացահայտված է, այդ ժամանակ չէ՞ր պատկերացնում, որ հնարավոր է՝ լինեն դեպքեր, որ բացահայտելը ոչ ամբողջական ստացվի, այսինքն՝ բացահայտումը լինի ոչ այն հանգամանքներով, որ ինքն է պատկերացնում: Ու հիմա կանգնել նման բան հայտարարել՝ որևէ կերպ չեմ կարող ընկալել, այսինքն՝ դու 7 տարի պաշտոնավարում ես ու նո՞ր ես հասկանում, որ կան գործեր, որոնք պետք է բացահայտվեն, իրավական գնահատականներ տրվեն, ու նոր դրանց մասին խոսվի:
Մի անգամ էլ հայտարարել էր, որ անուններ չի տա, քանի որ անմեղության կանխավարկած գոյություն ունի: Ի՞նչ է նշանակում նույն հարցի շուրջ տարբեր բաներ խոսել, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի պատկերացնում, որ ինքն ու իր իրավաբանական թիմը, որոնք մի քանի անգամ արմատապես փոխվել են, չեն կարողանում բացահայտել, որովհետև համապատասխան գիտելիքներ չունեն, ես արդեն այդ մասին եմ մտածում:
– Տիկի՛ն Թովմասյան, ի վերջո, այս իշխանությունը կբացահայտի՞ «Մարտի 1»-ը:
– Ես հիմա էլ եմ պնդում, որ «Մարտի 1»-ը բացահայտված չէ, ես նման պնդում արել եմ նաև 2019-ին, երբ իշխանական խմբակցության պատգամավոր էի, որովհետև տեսնում էի, որ այդ ուղղությամբ ջանքեր չեն գործադրվում: Իսկ ջանքեր չեն գործադրվում մի քանի պատճառով, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական հիմնական կռվանը՝ «Մարտի 1»-ը, իր ցանկալի արդյունքով չի բացահայտվում, ու նա «Մարտի 1»-ի գործը պարզապես օգտագործում է քաղաքական ռեպրեսիաների համար:
Նա մի քանի պաշտոնյաների դատարան է տանում այս գործով, բայց ես այսօր իրեն հրապարակային հարց եմ հղել՝ մարտի 1-ին սպանված տասը քաղաքացիներից մեկի սպանությունը արդյոք բացահայտվե՞լ է կամ բացահայտվելո՞ւ է: Ինչպես նախորդ իշխանությունների, այնպես էլ այս իշխանության օրոք այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: Ու այստեղ Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչո՞ւ չի հաջողվում բացահայտում անել:
Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այս գործը կբացահայտվի, որովհետև իրենք ապաշնորհ են ու ձախողել են ամեն ինչ: Ինչպես չի կարողանում իր խոստացած թալանը հատիկ առ հատիկ հետ բերել, որքան էլ ամեն օր տարբեր ստատուսներ է գրում:
Եթե Նիկոլ Փաշինյանն ու իրավական իր թիմը ունակ են ինչ-որ բան բացահայտելու, թող նախևառաջ բացահայտեն Փաշինյանի աներորդու տան գողության փաստը, դրանից հետո իր խոսնակի տունը թալանեցին, ընդ որում՝ լրիվ նոր Քննչական կոմիտե է, իր սիրելի գլխավոր դատախազն է, բա ո՞ւր են արդյունքները: «Մարտի 1»-ն էլ չեն բացահայտելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am