44-ամյա Ալլա Բաբայանը, ում այդպես էլ չէր հաջողվել ամուսնանալ եւ ընտանիք կազմել, շուրջ երկու տարի առաջ որոշեց արմատապես փոխել իր կյանքը եւ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ:
«Գիտեի, որ խոսելու են հետեւիցս, բամբասեն, քննադատեն, որ միանշանակ չի ընդունվելու որոշումս, բայց հիմա էլ ընտրության դեպքում, նույն որոշումը կկայացնեի,-«Մեդիալաբին» ասում է Բաբայանը,-տղայիս գոյությունը լրիվ փոխեց կյանքս ու ապրելուս իմաստը»:
Աշխատանքային միջավայրում Ալլայի որոշումը նորմալ ընդունվեց.
«Բոլորն էլ կիրթ ու գիտակից մարդիկ են, բժիշկներ,- ասում է Ալլան,- իսկ հարևան-բարեկամների շրջանում թեև սկզբում նկատում էի հետաքրքրասեր հայացքները, բայց նաև իմ պահվածքից էր, որ ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել, հաճախ մորս էին հարցուփորձ անում»,-պատմում է նա:
Չնայած հայ հասարակության մեջ արմատացած կարծրատիպային մոտեցումներին, մասնագետները պնդում են, որ վերջին տարիներին զգալի մեծացել է արհեստական բեղմնավորման դիմող միայնակ կանանց թիվը:
«Եթե համեմատենք, ներկայում մեր սոցիումը իսկապես փոխվել է,- ասում է սոցիոլոգ Անահիտ Սահակյանը,- չամուսնացած կանանց թիվը գնալով մեծանում է, եւ իրավիճակը նոր կանոններ է թելադրում: Եթե տարիներ առաջ միայնակ մայրերին մատով էին ցույց տալիս, այսօր վերաբերմունքն էլ է փոխվել նրանց նկատմամբ»:
Սահակյանի տեսակետը հաստատում է նաեւ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Քրիստինա Մելիքյանը:
«Արհեստական բեղմնավորման դիմողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ զգալի մեծացել է,- ասում է նա,-դիմողների 5-10%-ը կանայք են, ովքեր չունեն ամուսիններ, գրանցված ամուսնություններ, բայց ուզում են մայրանալ»:
Ըստ սոցիոլոգի, հայ իրականության մեջ այս միտումների մեծացման կարևոր պատճառներից մեկն էլ նաև արտագաղթն է.
«Արտագաղթը եւս մեծ դեր ունի,- նշում է նա-շատ կանայք մենակ են մնացել, ընտանիք ստեղծելու, զուգընկեր ունենալու հնարավորությունն է նվազել, որովհետև տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի` գրեթե անմիջապես բանակից գալուց հետո»:
Նա նշում է, որ այդ ամենին զուգահեռ, այլ փոփոխություններ էլ են տեղի ունեցել. կանայք սկսել են մեծ ուշադրություն դարձնել ուսմանը,մտածում են կարիերայի այլ ոչ թե ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին:
«Բայց գալիս է մի տարիք, երբ կինը գիտակցում է, որ այդ ամենը կարևոր չէր, արդեն կարևորվում է երեխա ունենալը, ու փորձում են ինչ եղանակով էլ լինի լրացնել այդ բացը»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբան Սոֆյա Վարդանյանը:
«Ավելի հաճախ դիմում են 40 և ավելի տարիք ունեցող միայնակ կանայք, որոնց մոտ արդեն իսկ հնարավորությունները շատ ցածր են, որովհետև գենետիկական փոփոխություններ են տեղի ունեցել ձվաբջիջներում, և հավանականությունը նրանց հղիության 5% է»,- ասում է Քրիստինա Մելիքյանը:
«Կանայք կան, որ իրենց երջանկությունը չեն տեսնում ընտանիք կազմելու մեջ, առաջնահերթությունը տալիս են երեխա ունենալուն. դա կենսաբանական պահանջմունք է,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան, սոցիոլոգ Անահիտ Սահակյանը,- եթե նկատենք փոքրիկ աղջկա խաղը տիկնիկի հետ, այդ մայրական բնազդն արդեն կա, որ տարիների ընթացքում ավելի ռեալ դրսևորվում և հանգուցալուծման է հասնում»:
Բազմաթիվ չամուսնացած կանայք են երազում մայր լինելու մասին, բայց այդպես էլ չեն կարողանում հաղթահարել հասարակական և ավանդական պատնեշները` միայնակ մայր լինելու ամոթն ու վախը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
55-ամյա Անահիտ Մանուկյանը սկզբում հոր, ապա` եղբայրների խստության, հետո էլ արդեն իր բծախնդրության պատճառով այդպես էլ չամուսնացավ:
«Միշտ մտածում էի, որ մի օր էլ իմ երեխաները կունենամ, բայց ժամանակը անցավ, ու չնայած շատ էին համոզում կողքից` գոնե մի երեխա ունեցիր, այդպես էլ չհամարձակվեցի»,- ասում է Անահիտը:
ՀՀ օրենսդրությամբ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր սեռական և վերարտադրողական կյանքը և օգտվել վերարտադրողական օժանդակ միջոցներից:
«Իրականում շատ դժվար է, երբ սկսում ես բախվել որոշակի կարծրատիպերի հետ, բայց երեխա ունենալու մեծ ցանկությունը ավելին է, քան մնացած բոլոր խոչընդոտները,- ասում է Ալլա Բաբայանը,- ես ընտրելու իրավունք ունեմ, ես հետևել եմ իմ սրտի ձայնին և պատասխանատու եմ միայն իմ երեխայի համար»:
Հայաստանում ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2013թ.-ին գրանցվել է 13.473 ամուսնություն, տարեկան կտրվածքով նվազելով 2.6%-ով, միևնույն ժամանակ նույն ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կազմել է 2768` տարեկան կտրվածքով աճելով 14%: 2014-ին ամուսնությունների թիվը կազմել է 18.912, մինչ ամուսնալուծությունների թիվը շարունակել է աճել` հասնելով 4498-ի: Ըստ վիակագրության, 2014 թվականին գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է, 2013 թվականի 205-ի փոխարեն:
Այս ցուցանիշները իրենց հերթին լուրջ ազդեցություն են ունենում ծնելիության վրա, ինչն էլ լուրջ ժոովրդագրական խնդիրների է հանգեցնում:
Ըստ վիճակագրական ծառայության` Հայաստանում 2013թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 41 770 երեխա, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով կամ 710-ով: Թեեւ անցյալ տարի ծնունդների թիվը մի քիչ ավելացել է` 43 340, այնուամենայնիվ իրավիճակն, ըստ մասնագետների այնքան էլ հուսադրող չէ:
Այս ամենին գումարվում է նաև մեր երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակը` հատկապես միգրացիան, երբ տարեցտարի մեծանում է արտագնա աշխատանքի մեկնող 25-50 տարիքային սահմանում գտնվող տղամարդկանց թիվը, որոնց 90%-ը մեկնում է աշխատելու նպատակով:
Մի կողմից տղամարդկանց պակասը, մյուս կողմից էլ կնոջ կերպարի ու հոգեբանության փոփոխությունները նպաստում են միայնակ մայրերի թվի ավելացմանը:
«Կինը հոգեբանությամբ է փոխվում, տան տնտեսուհի լինելու հոգեբանությունից անցում է կատարվում հասարակության լիիրավ անդամի,- ասում է սոցիոլոգ Անահիտ Սահակյանը,- այսօր կինը միայն տնային տնտեսուհի լինելով, երեխաներ ծնելով ու մեծացնելով չի կարող բավարարված լինել»:
Մայրանալ ցանկացող միայնակ կանանց թվի ավելացումը մասնագետները կապում են նաև հասարակական վերաբերմունքի փոփոխությունների հետ.
«Փոխվում է ընտանեկան մոդելը, սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում կփոխվի նաև ապրելաձևի, կենսագործունեության մոդելը,- ասում է սոցիոլոգ Անահիտ Սահակյանը,- այսինքն` եթե այսօր ընտանիքն ունի ամուսնու, կնոջ, երեխաների միասնության տեսքը, ապա հետզհետե միայնակ մոր ու երեխայի ընտանիքի մոդելը հասարակության կողմից տարիների հետ ընդունելի է դառնում»:
Անի Եղիազարյան
Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի:
© Medialab.am