«ԱՅՈ» մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ. հայ մեծերը` անկախության մասին

«ԱՅՈ» մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ. հայ մեծերը` անկախության մասին
«ԱՅՈ» մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ. հայ մեծերը` անկախության մասին

21 տարի առաջ` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը անկախացավ: Հարյուր հազարավոր քաղաքացիների «ԱՅՈ»-ն ստանալով, երկիրը անկախություն ձեռք բերեց` հույսերով ու երազանքներով:
Ներկայացնում ենք անկախության մասին հայ մեծերի խոսքերն ու մտորումները:

/Աղբյուրը`ՊԻՈՆԵՐ/

 

 

 

 

Վազգեն Ա. – Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան և տնտեսական զարգացման:

Հայոց աշխարհի հորիզոնի վրայ, ահա բարձրանում է անկախութեան աստղը:

Օրհնութիւն և փառք ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ’ արմենական մեր ազգին:

Սերո Խանզադյան – Մենք անկախություն ստեղծեցինք 1918թ., երբ Լենին-Աթաթուրք բռնակալները Հայաստանի անկախությունը բռնությամբ տապալեցին: Ուրեմն, խոսքը ոչ թե անկախություն ստեղծելու մասին է, այլ մեզնից խլած անկախությունը վերականգնելու:

Հայաստանի անկախությունը ես տեսնում եմ նաև Արցախի’ Ադրբեջանի բռնակալությունից ազատագրվելու մեջ: Ղարաբաղը պետականորեն-օրինականորեն չի տրված Ադրբեջանին, դա բոլշևիկյան կուսակցության բռնադատությունն էր Կովբյուրոյի միջոցով, 1921 թ. հուլիսի 5-ին: Մեր անկախությամբ մենք կփրկենք և մեր ժողովրդին, և հարազատ Ղարաբաղը:

Վարդգես Պետրոսյան – Ճանապարհը, որ տանում է դեպի Անկախության տաճար, հարթ և ուղիղ չէ, ինչպես մտածում են ոմանք: Դա լեռ բարձրանալ է’ վայէջքներով ու կեռմաններով:

…Մենք պետք է մասնակցենք ինքնիշխան պետությունների նոր համագործակցության գոյացման ընթացքին, տնտեսական, մշակութային, նաև ռազմական դաշինքի պատրաստակամ’ այդ պետությունների հետ: «Խաղից դուրս» լինելը մեզ որևէ օգուտ այս տարիներին չբերեց: Միայն բարոյական հաղթանակներին ապավինելը, ինչ-որ միֆական «իմիջի» մասին մտածելը’ մեր ժողովրդին իրական անկախության չի հասցնի:

Հրանտ Մաթևոսյան – Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի: Բոլորս բոլորիս առջև պատասխանատու ենք, և չաշխատելը դավաճանություն է:

 

 

Աղասի Այվազյան – Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Յուրաքանչյուր հայ, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր ԱՅՈ-ն փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ:

Գոհար Գասպարյան – ԱՅՈ-ն մենք ըսինք այն ժամանակ, երբ եկանք հայրենիք: Եվ ԱՅՈ պիտի ըսենք միշտ, որովհետև անկախության երջանկաբեր էությունը մենք միշտ երազած ենք’ և այնտեղ, և այստեղ: Եվ մեր սերունդը, որ աշխարհներ և ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը: Իսկ գրավականը մեկն է. այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք և հասկանանք, որ մեր փրկությունը մեր միասնականության մեջ է:

Համո Սահյան – Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:

ԱՅՈ-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք’ ուրեմն կանք ու լինելու ենք: Լինելու ենք ազատ ու անկախ…

© Medialab.am