«Ուզում եմ, որ մեր հայրենիքը ուժեղ լինի». 21 հաղթահարված բարձունք` անկախության 21 ամյակի առթիվ

«Ուզում եմ, որ մեր հայրենիքը ուժեղ լինի». 21 հաղթահարված բարձունք` անկախության 21 ամյակի առթիվ
«Ուզում եմ, որ մեր հայրենիքը ուժեղ լինի». 21 հաղթահարված բարձունք` անկախության 21 ամյակի առթիվ

Սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության տոնի 21-րդ տարեդարձին, մի խումբ դպրոցական- արշավականներ փայլում էին ոգեւորությունից: Երեւանի թոհուբոհից դուրս, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները յուրովի նշեցին ՀՀ անկախության 21 ամյակը` հաղթահարելով 21 բարձունք եւ իրենց ոգեւորությունն ու ուրախությունը փոխանցելով գյուղերի բնակիչներին:
Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կրթահամալիրի 6-րդ դասարանի 22 աշակերտներ բարձրացան Մարմարիկի լեռների հյուսիսում գտնվող Վանքի գլուխ լեռը /Վանքասար/` իրենց հետ վեր հանելով նաեւ ծածանվող եռագույնը` անկախության խորհրդանիշը:

Լեռան գագաթին, ուր պահպանվում է 12-13-րդ դարերի Զաքարյանների իշխանության օրոք կառուցված բազիլիկ և ուշ շրջանի քրիստոնեական հնագույն վանքերից մեկը, երիտասարդ արշավականները միասին երգեցին «Մեր հայրենիքը», արտասանեցին «Ես իմ անուշ Հայաստանին», աղոթեցին հայրենիքի համար:

«Ես շատ եմ սիրում անկախության տոնը ու ուզում եմ, որ մեր հայրենիքը ուժեղ լինի, քաջ ու երբեք չվախենա թշնամիներից»,-ասաց 6-րդ դասարանի աշակերտ Արմեն Ղարախանյանը:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզի կազմակերպիչ Գոհար Եղոյանը նշեց, որ բարձունքը հաղթահարելով եւ Հայաստանի եւս մեկ տեսարժան վայր ճանաչելով, աշակերտներն իրենց նվիրվածությունն ու սերն արտահայտեցին հայրենիքի հանդեպ:

«Բացի այդ, այս արշավը էկո կրթության առումով եւս մեծ նշանակություն ուներ: Տոնի առթիվ երեխաներն համատեղ ջանքերով աղբից որոշ տարածքներ մաքրեցին, ինչը պակաս կարեւոր չէ»,-«Մեդիալաբին» ասաց Եղոյանը:

Սակայն, միայն արշավով եւ եռագույնը բարձր լեռան գագաթին հասցնելով աշակերտների տոնական օրը չավարտվեց: Արշավից հետո նրանք անակնկալ էին պատրաստել Մեղրաձորի իրենց հասակակիցների համար:

Այցելելով Մեղրաձորի միջնակարգ դպրոց, տոնի առթիվ «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրի սաները գյուղական կրթօջախին շուրջ 60 հեղինակային դասագրքեր նվիրեցին:

Կրթհամալիրի մասնագետների հեղինակած ռուսերենի, հայերենի եւ ֆիզիկայի դասագրքերը, լրացուցիչ ընթերցարաններն ու երգարանները, որոնք աշակերտները հանձնեցին Մեղրաձորի միջնակարգ դպրոցին, նախատեսված էին առաջինից մինչեւ ութերորդ դասարանների համար:

Լիլիթ Առաքելյան

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am