«Երևանը նաև մե՛ր քաղաքն է» նախաձեռնության անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ են ուղարկել, ուր եւս մեկ անգամ բարձրաձայնել են հաշմանդամություն ունեցող մարդկանց մայրաքաղաքում տեղաշարժվելու խնդիրների մասին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Հարգելի պարոն Մարգարյան
Այս տարի մայրաքաղաք Երևանը տոնում է իր հիմնադրման 2794-ամյակը: Մենք հպարտ ենք մեր քաղաքի պատմությամբ և մեծ ուրախությամբ ենք նշում նրա յուրաքանչյուր ձեռքբերումը:
Մենք բարձր ենք գնահատում Երևանի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերը, սակայն ցավով պետք է նշենք, որ մենք մեզ օտար ենք զգում մեր քաղաքում, Երևանը մերը չէ:
Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ուր են մեր քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակիչները, ինչո՞ւ նրանց չեք հանդիպում այն վայրերում, ուր մյուսներին կարելի է տեսնել…
Անգնահատելի է ձեր նախաձեռնությունը Երևանում մանկական խաղահրապարակներ կառուցելու գործում, բայց երբևէ մտածե՞լ եք` ո՞ւր են հաշմանդամություն ունեցող երեխաները, թե նրանք խաղալ չեն ուզում…
Այսօր հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացած ապրել մեր քաղաքում, երբ մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման բազմաթիվ նախագծեր և ծրագրեր են մշակվում և իրականացվում:
Մենք զրկված ենք ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ վայրեր այցելելու, տրանսպորտային միջոցներից օգտվելու և հասարակական կյանքին մասնակցելու տարրական հնարավորությունից:
Մենք հոգնել ենք սին խոստումներից և առիթից առիթ մեզ հիշելու սովորույթից: Մեր ամեն մի օրն անցնում է մեկուսացած կամ ձեր կողմից ստեղծված տրանսպորտային միջոցների և շենք-շինությունների արգելքները հաղթահարելով:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռքնարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար անխոչընդոտ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Մենք կարող ենք լիարժեք մասնակցություն ունենալ մեր քաղաքի զարգացմանը, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ:
Երևանը նաև մե՛ր քաղաքն է»:
© Medialab.am