«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպքի մասին: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների համար 2012թ-ի հուլիսի 3-ի լուսաբացը արյունոտ էր: Բաբայանների տնից լսվող հերթական ճիչերն ու գոռոցները հարեւաններին չէին զարմացրել: Յուրիկ եւ Անահիտ Բաբայաններն Աղավնաձորում երբեք էլ համերաշխ ամուսինների համբավ չէին վայելել: Այդ օրն էլ որեւէ մեկի մտքով չէր անցել, թե ծեծն ավարտվելու է սպանությամբ ու հարկ չէին համարել միջամտել ամուսինների նեղ ընտանեկան վեճին: Հավանաբար մտածել էին, ինչպես ընդունված է հայկական միջավայրում, դե ամուսիններ են`կկռվեն էլ, կհաշտվեն էլ:
Դեպքի օրը Յուրիկ Բաբայանը տուն էր վերադարձել ժամը 09-ի սահմաններում: Նախորդ մի քանի օրերը զբաղված էր եղել մահացած հարազատի թաղման արարողություններով: Հուլիսի 3-ին էլ մասնակցել էր հարազատի տանը կազմակերպած խաշի սեղանին ու ոգելից խմիչք օգտագործած վերադարձել տուն: Թե իրականում վեճն ինչից է ծագել, որեւէ մեկն այդ մասին հստակ ոչինչ չի ասում: Ըստ Յուրիկ Բաբայանի նախաքննական մարմիններին տված բացատրության` կենցաղային հարցերի շուրջ է եղել վեճը կնոջ հետ:
Վիճաբանության ընթացքում Յուրիկ Բաբայանը Անահիտ Բաբայանին սպանելու դիտավորությամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ծեծը շարունակվել է տան բակում, որի ընթացքում ամուսինը բետոնի կտորով, հետո փայտե մահակով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին: Նախաքննության ընթացքում Յուրիկ Բաբայանը ճանաչվել է մեղսունակ: Բժշկական հանձնաժողովը աֆեկտի վիճակ եւս չի գրանցել: Կնոջը դաժանաբար սպանած ամուսինը նրան անօգնական թողնելով տան բակում, շատ հանգիստ փոխել է հագուստներն ու գնացել դաշտ աշխատելու: Այս հանգամանքը, ինչպես նաեւ ոգելից խմիչքների ազդեցության տակ գտնվելը բացառել է աֆեկտի վիճակը: Յուրիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն:
Նոյեմբերի 9-ին, Վայոց Ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտելով գործում եղած ապացույցների հետազոտումը, կողմերին ներկայացրեց գործում որպես վկա ներգրավված սպանվածի եղբոր`Սասուն Հարությունյանի բանավոր ծանուցումը: Վերջինս խնդրում էր իրեն չհրավիրել դատարան, քանի որ չի ցանկանում վերհիշել քրոջ հետ կատարված դեպքն ու կրկին վերապրել իր վիշտը: Դատավարության կողմերը չառարկեցին եւ վկայի բանավոր ծանուցումը դատարանն ընդունեց ի գիտություն: Դատավորը նշեց, որ վկայի հարցաքննությունը որեւէ էական ազդեցություն չունի դատական գործընթացի վրա եւ ոչինչ չի ավելացնելու եղած փաստերին, մանավանդ որ Սասուն Հարությունյանը ականատես վկա չի համարվում:
Սպանվածի հարազատները, ինչպես պարզվեց, ոչ միայն քաղաքացիական հայց չէին ներկայացրել վնասի հատուցման պահանջով, այլեւ հրաժարվել էին ներկա գտնվել դատական նիստերին, իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչվել էր Բաբայանների ավագ որդին`28-ամյա Գարիկ Բաբայանը: Ի դեպ, Անահիտ Բաբայանի սպանությունից մի քանի ամիս առաջ, նրա միջնեկ որդին ինքնասպանություն էր գործել կախվելու միջոցով:
Դատական նիստի ավարտից հետո, որեւէ մանրամասն ճշտելու նպատակով փորձեցի զրուցել ամբաստանյալ Յուրիկ Բաբայանի քրոջ հետ: Վերջինս սկզբում համաձայնվեց տեղեկություններ փոխանցել, հետո նրան ուղեկցող կինն ու եղբոր տղան`Գարիկ Բաբայանը ստիպեցին հեռանալ, արդարանալով, թե ուշանում են Աղավնաձոր գնացող ավտոբուսից: Կինը միայն հասցրեց ասել, որ իր եղբայրն ու հարսը մշտապես անհաշտ են եղել:
Մշտական վեճն ու կռիվը տարիների հետ կենսակերպի է վերածվել ամուսինների համար: Անահիտը պարբերաբար գնացել է հայրական գյուղ, որոշ ժամանակ անց վերադարձել ամուսնու մոտ: Ըստ հարեւանների դատարանում տված վկայությունների` Անահիտ Բաբայանը բավականին շփվող, անմիջական, խոսքաշեն կին է եղել: Մշտական շփման մեջ է եղել հարեւանուհիների հետ:
Անահիտ Բաբայանը ծնունդով Թալինի շրջանի Պարտիզակ գյուղից է: Սպանվածի եղբայրը քրոջը հենց հայրական գյուղում էլ հուղարկավորել է: Դեպքից հետո Անահիտի հարազատներն այլեւս Աղավնաձորում չեն երեւացել, ոչ էլ ցանկացել են մասնակցել դատական նիստերին: Զարմանալի այս անտարբերությունը ամբաստանյալի քույրը բացատրեց այսպես. «դե երեւի իրանք էլ երես չունեն մեր երեսը տեսնելու»: Բազմիմաստ այս արտահայտությունը առավել մանրամասնել չհաջողվեց: Իրենց եղբորը` Յուրիկ Բաբայանին անմեղ համարող կանայք շտապեցին հեռանալ դատարանի շենքից:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/:
Երանուհի Սողոյան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ