«Ամուսինս ասաց, որ ինքն ու մայրը կարողացել են երեխային պահել և իմ կարիքը չունեն». Մելինեն ասում է, որ կպայքարի «մինչեւ վերջ»

«Ամուսինս ասաց, որ ինքն ու մայրը կարողացել են երեխային պահել և իմ կարիքը չունեն». Մելինեն ասում է, որ կպայքարի «մինչեւ վերջ»
«Ամուսինս ասաց, որ ինքն ու մայրը կարողացել են երեխային պահել և իմ կարիքը չունեն». Մելինեն ասում է, որ կպայքարի «մինչեւ վերջ»

Ճանապարհը տանում է դեպի Գեղանուշ գյուղի վերջնամաս: Դպրոցի հարևանությամբ երկհարկանի տան դարպասներից ներս՝ Գրիգորյանների ընտանիքում լռություն է: Ընտանիքի մայրը՝ Մելանյա Գրիգորյանը, կարտոֆիլ է տապակում, դուստրը՝ Մելինե Գրիգորյանը, արցունքներն աչքերին վառարանն է փայտ լցնում, ապա նստում տաք վառարանի շուրջն ու լուռ նայում փոքրիկի հետ միակ լուսանկարին:
25 տարեկան Մելինեն յոթ ամիս առաջ մայր է դարձել, սակայն իր աղջկան մի քանի անգամ է միայն կարողացել տեսնել. «Դեռ հավատս չի գալիս, որ իմ ու ամուսնուս երեք տարվա շփումը, մեծ սերը այսպիսի ավարտ ունեցավ, ընկերության ընթացքում նա այնքան ուշադիր էր իմ նկատմամբ, իսկ հիմա մոռացել է իմ մասին»:

Մելինեն հիշում է, թե ապագա ամուսինը՝ պայմանագրային զինծառայող Սարգիս Ղոնյանը, ինչպես է իրեն գրավել սիրո խոսքերով դեռևս ուսանողության տարիներին: Մելինեն, սակայն, այն ժամանակ չգիտեր, որ ամուսնու մայրը դեմ է իրենց միությանը. «Իմ ամուսնությունից հետո չկար մի օր, որ կռիվ չլիներ, ամեն օր մայր ու տղա կռվում էին, մայրը վիրավորական բառեր էր ասում մեզ, իսկ հղիությանս ողջ ընթացքում ես սենյակումս փակված էի մնում, որովհետև վախենում էի կռիվներից, ծեծից ինձ էլ բաժին հասնի»:

Հուլիսի 13-ին ծնվեց Մարիամը՝ Մելինեի դուստրը, սակայն մայրական երջանկությունը միայն երկու շաբաթ տևեց: Մելինեն հիշում է, որ հերթական կռիվներից մեկից հետո գիշերը սկեսուրը կարտոֆիլ մաքրելուց որոշել է շարունակել կռիվը, կարտոֆիլի դանակը ձեռքին մտել է իր սենյակ, ինքն էլ վախեցել ու վատացել է: Սկեսուրը զանգել է շտապօգնություն, ապա դիմում գրել, թե հարսը հոգեկան հիվանդ է: Մելինեն տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ պարզվել է, որ աղջկա մոտ հետծննդյան սթրես է:

20-օրյա բուժման կուրս ստանալուց հետո Մելինեն դուրս է գրվել կենտրոնից. «Անհամբեր սպասում էի, թե երբ եմ գնալու տուն և դստերս խնամեմ, թեև գիտեի, որ տանը կռիվները չեն դադարել, ամուսինս երբեմն այցելում էր ինձ հիվանդանոցում ու տանը կատարված բաների մասին պատմում, բայց ես ուժեղ և հաստատակամ էի»:

Մելինեն հիշում է՝ նյարդահոգեբուժական կենտրոնից դուրս գրվելու օրն աշխարհի ամենաերջանիկ մայրն էր, անհամբեր սպասում էր, թե ե՞րբ է տուն հասնելու, սակայն ամուսնու տանը նրան սպասող չկար: Այդ օրվանից կապը նաև ամուսնու հետ է կտրվել, Սարգիսը մինչ օրս չի զանգել կնոջը. «Ամուսինս ասաց, որ ինքն ու իր մայրը իմ բացակայության քսան օրերին կարողացել են երեխային պահել և իմ կարիքը չունեն: Ես այնքան ցնցված եմ, ախր, ուրիշ ընտանիքներում, երբ կինը հետծննդյան սթրես է ապրում, ամուսինը, ընտանիքի մյուս անդամները նրան ուժ են տալիս, իսկ իմ դեպքում անգամ չթողեցին տուն մտնել»:

Սարգսի և Մելինեի դուստրն արդեն յոթ ամսական է, նրան խնամում են հայրն ու տատիկը, իսկ մայրն ու մայրական տատիկը աղջկան տեսնելու համար ամեն անգամ կռիվների մեջ են ընկնում:

«Ես ու դուստրս երկար ենք պայքարել, որպեսզի տղայի մայրը թույլատրի` մենք էլ երեխային խնամենք, բայց հերիք չի հետ չի ընդունել աղջկաս, շորերն էլ հետ է ուղարկել տուն, հետո էլ սկսել է ասել, թե ամաչում է իր հարսից, քանի որ հարսը գյուղից է, Կապան քաղաքից չէ, ինքը գյուղացի հարս չի ուզում ու մտածում է՝ իր հարսը հոգեկան հիվանդ է»,- պատմում է Մելանյա Գրիգորյանը, ով թոռնիկի ծնվելուց մի քանի ամիս առաջ էր կորցրել ամուսնուն ու մտածում էր՝ թոռնիկի լույս աշխարհ գալով մի լույս էլ իր համար կբացվի:

Դստերը խնամելու համար Մելինեի ամիսների սպասումներն ու պայքարը նրան վերջնականապես համոզեցին՝ ամուսինն ու սկեսուրը չեն պատրաստվում իրեն հետ ընդունել, զիջել որևէ հարցում, միակ լուծումը դատարան դիմելն է:

«Րոպեներն եմ արդեն սկսել հաշվել, այլևս առանց իմ դստեր չեմ կարողանում ապրել, բավական է փորձեմ այցելել Մարիամիկին, սկսեսուրս կռիվ է սարքում»:

Երեխայի բնակության վայրը որոշելու մասին դատական հայցով Մելինեն և իր փաստաբան Մհեր Բադալյանը դիմել են Սյունիքի Կապան քաղաքի առաջին ատյանի դատարան, սակայն դեռևս որևէ դատական լսում չի եղել, արդեն երկրորդ անգամ դատական նիստը հետաձգվում է:

Մելինեի փաստաբան Մհեր Բադալյանը «Մեդիալաբին» ասում է, որ իրավական առումով ամուսինն իրավունք չուներ երեխային կնոջից առանձնացնել, քանի որ տվյալ պարագայում ավելի շատ պիտի կնոջը խնամեր:

«Ընտանեկան օրենսգրքով որևէ նորմ չկա, որ կնոջը կարող են զրկել երեխայից, այս խնդիրն ավելի շատ բարոյական հարթությունում է, իրավաբանորեն հայրը չի կարող երեխային խնամել, քանի որ փոքրահասակ լինելու պարագայում մայրն ավելի լավ կարող է խնամել երեխային, քան հայրը: Եթե մարդն արդեն կայուն է, անգործունակ չէ, օրենսդիրը սահմանում է, որ չեն կարող կնոջը չտալ երեխային, ավելին՝ իրենց կամքով երեխային պիտի հանձնեն մորը»,- նշում է փաստաբանը:

Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ տասը տարեկանից բարձր երեխաների պարագայում է երեխայի ընտրությամբ որոշվում նրա բնակության վայրը: Այս պարագայում օրենսգրքում միայն մեկ բառով է նշված՝ «փոքրահասակ», ինչը, փաստաբանի խոսքով, նշանակում է, որ դատավորի հայեցողությամբ կարող է որոշում կայացվել:

Կապանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Նելլի Շահնազարյանը «Մեդիալաբին» ասում է, որ մինչև դատական պրոցեսի ավարտը չի կարող որևէ կարծիք հայտնել դեպքի մասին.

«Մայրը դեռ լրիվ չի ապաքինվել, նա կարող է գալ մեր խնամակալների հետ իր երեխային տեսնելու: Եթե մեզ հետ գնա, որևէ մեկը չի կարող կռիվ սարքել: Դուք այդ կնոջը՝ Մելինեին, տեսե՞լ եք, կարծում եմ` նա լրիվ չի ապաքինվել, թող դատարանը որոշի»:

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Արարատ Վարդանյանը «Մեդիալաբին» ասում է, որ հետծննդյան սթրեսներ շատ կանանց մոտ է լինում, այն բուժվում է և որևէ կապ չունի հոգեկան խանգարման կամ հիվանդության հետ:

«Մելինե Գրիգորյանը որևէ հիվանդություն չունի, բժշկական տեսանկյունից նա լրիվ ապաքինվել է և ինքը կարող է խնամել իր երեխային»,- հավաստում է Վարդանյանը:

Արարատ Վարդանյանը բոլոր փաստաթղթերով հաստատել է, որ Մելինեի մոտ որևէ խնդիր չկա, պատրաստվում է ներկա գտնվել դատական նիստին և հօգուտ Մելինեի ցուցմունք տալ:

Մելինեի համար ամենացավալին այն է, որ իր ամուսնու կողմը փորձում է իրեն որպես հոգեկան հիվանդ ներկայացնել շրջապատում:

«Որտեղ նստում են, ասում են, թե գյուղացի եմ, հոգեկան հիվանդ: Գուցե այդպես են համոզել նաև քաղաքապետարանին, որ այսօր քաղաքապետարանի աշխատակիցները, տեսնելով, որ տխուր եմ, վերագրում են նրան, թե իբր չեմ ապաքինվել»,- հուզված ասում է Մելինեն:

Մելինեի ամուսնական տան դռները փակ են, թեև ամուսնու մայրը տանն է, երեխային է խնամում, սակայն հրաժարվում է դուռը բացել, փոխարենն ուղղորդում է իրենց փաստաբանի մոտ:

Պատասխանող կողմի փաստաբան Ռուբեն Ղազարյանը «Մեդիալաբին» ասում է, որ պատասխանող կողմը հարմար է գտնում, որ երեխան հոր խնամքի ներքո գտնվի:

«Մեր իրականության մեջ բացառիկ դեպք է, քանի որ երբ ամուսիններն իրար հետ չեն ապրում, երեխան գտնվում է մոր մոտ: Սակայն սա այն բացառիկ դեպքն է, երբ հայր ծնողը ցանկանում է երեխայի խնամքը վերցնել իր վրա, օրենքը բոլորի համար հավասար է»,-ասում է Ղազարյանը:

Իրավաբանը նշում է, որ Մելինեն կարող է դստերն այցելել երբ ցանկանա:

«Ցավում ենք, որ Մելինեն հետծննդյան սթրես է տարել, բայց ինչո՞ւ մայր ծնողն իրավունք ունի զբաղվելու երեխայի խնամքով, հայր ծնողը` ոչ: Դատարանը կորոշի, թե երեխային ո՞ւմ մոտ է ավելի նպատակահարմար թողնել»,- նշում է նա:

Տարբեր պատճառներով հետաձգվող դատական նիստերն ավելի են տխրեցնում դստերը խնամելուց զրկված մորը: Մելինեն նշում է, որ ոչ ոք հաշվի չի առնում, որ հետծննդյան սթրեսն առաջացել է հենց ամուսնու ընտանիքի վերաբերմունքի պատճառով:

«Ոնց էի երազում հղիությանս ընթացքում, թե ինչպես եմ կերակրելու երեխայիս, ոնց եմ պահելու… Բայց հիմա գործը դատարան է հասել, աղջիկս էլ` ինձնից հեռու…- հուզվում է Մելինեն: – Երազում ես, մտածում, հետո հասցնում են սրթեսային վիճակի, գյուղացի ու «հոգեկան» պիտակը կպցնում վրադ ու դուրս շպրտում տնից: Բայց ես պայքարելու եմ: Իմ ու երեխայիս համար… մինչև վերջ»:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am