«ԲՀԿ-ում Օսկանյանն իր վրա մահակի գործառույթն է վերցրել, Ծառուկյանը` բլիթի». վերլուծաբաններ

«ԲՀԿ-ում Օսկանյանն իր վրա մահակի գործառույթն է վերցրել, Ծառուկյանը` բլիթի». վերլուծաբաններ
«ԲՀԿ-ում Օսկանյանն իր վրա մահակի գործառույթն է վերցրել, Ծառուկյանը` բլիթի». վերլուծաբաններ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախօրեին Աբովյանում արած հայտարարությունը մեծ աղմուկ է ոչնչից: Այս կարծիքին է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով «Մեդիալաբին» ասում է, որ իր կարծիքով` այդ հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը ոչ մի նորություն չի հայտնել: Դրանով քաղաքական իրավիճակ չի փոխվել, և այդ հայտարարությունն ինքնին ոչինչ չէր նշանակում:

Հիշեցնենք, որ պատասխանելով լրագրողների հարցին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին ասել էր, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ:
«Ոչ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին և ժողովրդին»,- մասնավորապես ասել էր Ծառուկյանը:

«Հայաստանում ի՞նչ ենք հասկանում` «իշխանություն» կամ «ընդդիմություն» ասելով: Շատ վիճելի հասկացություններ են: Իմ կարծիքով` Հայաստանում քաղաքական պայքարը իշխանության ու ընդդիմության միջև չի ընթանում: Կան ֆինանսատնտեսական խմբավորումներ, որոնք պայքարում են իշխանության ու տնտեսական մենաշնորհների համար, որոնք ունեն լուրջ լծակներ, և նրանցից յուրաքանչյուրն ընդդիմությունում ունի իր պարտնյորը: Այսինքն` ընդդիմադիր կուսակցություններն ունեն սպասարկող գործառույթ: Օրինակ` փորձեք հետաքրքրվել, թե վերջին խորհրդարանի, նախագահի ու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կոչվող կուսակցությունների ֆինանսական աղբյուրները որո՞նք են»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:

Նրա խոսքով` մինչև այդ ընդդիմադիր կուսակցությունները չբացահայտեն իրենց ֆինանսավորման աղբյուրները, նրանց վերապահումներով է պետք ընդդիմադիր կոչել: Դրանից ելնելով, ըստ նրա, իշխանություն-ընդդիմություն հասկացությունը Հայաստանում սպեկուլյատիվ բնույթ ունի և երբեմն հասարակության ուշադրությունը շեղելու համար է:

Մեր հարցին, թե Ծառուկյանի հայտարարությունից հետո ի՞նչ վիճակում է հայտնվում Վարդան Օսկանյանը, ով վերջերս հայտարարեց, որ ԲՀԿ-ն աշնանն ընդդիմություն է դառնալու, վերլուծաբանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչ նկատի ունի ընդդիմություն և իշխանություն ասելով: Թե Օսկանյանն ի´նչ նկատի ուներ, երևի պետք է Օսկանյանին հարցնել: Ես կարծում եմ հետևյալը` Օսկանյանը ցանկանում էր ավելի քննադատական դիրքորոշում ունենալ նախագահի և նրա շուրջը դիրքավորված խմբերի հանդեպ, Ծառուկյանը երևի ցանկանում է ավելի մեղմ դիրքորոշում ներով հանդես գալ: Երևի ԲՀԿ- ում Օսկանյանն իր վրա մահակի գործառույթն է վերցրել, իսկ Ծառուկյանը` բլիթի: Ընդամենը դա էր նշանակում Ծառուկյանի հայտարարությունը»,- ընդգծեց Դանիելյանը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ձևավորվում է նրա անձի շուրջը, քանի որ նա գործարար է և շատ լավ գիտակցում է, որ կարող են խոչընդոտներ առաջանալ իր բիզնեսը շարունակելու առումով: «Հասկանալի է, որ ի վերջո նա պետք է կոնկրետ ընտրություն կատարեր, և նրա ընտրություն էր, որ հրաժարվում է ընդդիմադիր կուսակցություն լինելուց և կփորձի պահպանել իր հայտարարած այլընտրանքային դերակատարությունը»,- «Մեդիալաբին» ասում է Շաքարյանցը:

Նրա խոսքով` հիմա սպասվում է, որ ԲՀԿ-ից պետք է դուրս գա Վարդան Օսկանյանը, ով փաստորեն փորձում է ԲՀԿ ներսում ընդդիմադիր մի բևեռ ձևավորել, որը պահանջում է, որ ԲՀԿ-ն դառնա լիակատար ընդդիմադիր: Սա, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ կուսակցության ներսում հնարավոր է պառակտում լինի:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որի առաջնորդը մեծ հույսեր էր կապում ԲՀԿ առաջնորդի հետ, ապա Շաքարյանցն ասում է, որ դա հերթական անգամ թուլացնում է ՀԱԿ-ը:

Նշենք, որ բոլորովին վերջերս ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին ԲՀԿ-ն պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

ԲՀԿ ընդդիմադիր կեցվածքի հետ վերջերս տեղի ունեցած ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած իր ելույթում մեծ հույսեր էր կապել նաև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ Ծառուկյանը խոշոր օլիգարխիայից պոկվելու ճանապարհն է ընտրել, ինչպես ժամանակին Խաչատուր Սուքիասյանն արեց, և պետք է օգնել նրան:

«Այդ մարդը ոչ մի քայլ չարեց, որը կասկածներ առաջացներ, որ նա իրոք փորձում է պոկվել իշխանությունից: Փորձում է, նրա բոլոր քայլերը դա են փաստում՝ դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին, չմասնակցեց Սերժի երդմնակալությանը: Ինչպե՞ս կարելի է վանել մի ուժի, որը նպաստում է չարիքի դեմ պայքարին»,- ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

© Medialab.am