Մայիսի վերջին վերաբացված Երեւանի հայտնի Ազատության հրապարակը մի քանի օրում կրկին անախորժությունների առիթ է հանդիսացել ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ:
Մինչ ընդդիմությանն աջակից փոքրաթիվ խմբեր փորձել են Ազատության հրապարակ մտնել` հանդիպել են ոստիկանության դիմադրությանը:
Երկուշաբթի երեկոյան բախման արդյունքում ոստիկանություն են տարվել մեկ տասնյակից ավել ակտիիվիստներ, որոնցից երեքի նկատմամբ` ներառյալ ընդդիմադիր «Հայկական Ժամանակ » օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության համար:
«Սա հաշվեհարդար է,-«Մեդիալաբին» ասել է Անի Գեւորգյանի մայրը` Գայանե Գեւորգյանը, որն ականատես է եղել թե ինչպես են ոստիկանները աղջկան` ֆոտոապարատով հանդերձ մտցրել մեքենան:
Մինչ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն հունիսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ առաջիկայում դիմելու են միջազգային բոլոր հնարավոր ատյաններ, ոստիկանությունն տարածած հաղորդագրության մեջ նշել է, թե փոձել է կարգի հրավիրել օրինախախտներին, որոնք հասարակական կարգը խախտելով` «փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ»:
«Վերջիններս դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող և հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին` նրանց հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրել»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Սակայն կատարվածի, ինչպես նաեւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակը աչալուրջ հսկող ոստիկանների զգոնության մեջ որոշ քաղաքական վերլուծաբանները ոչ միայն հասարակական կարգ պաշտպանելու, այլեւ իշխանության կողմից ընդդիմության հետագա ակտիվացումը կանխելու միտում են տեսնում:
«Հասկանալով, որ ընդդիմությունը ներկայումս թուլացած է, իշխանությունը չի ուզում կորցնել իր շահեկան վիճակը,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը,-Ուստի իշխանությունն գնալով ճնշումների, անում է այնպես, որպիսի իր հանգիստ վիճակը շարունակվի եւ խաղի կանոները չփոխվեն»:
Տեւական ժամանակ ներկայումս պասիվացած ընդդիմության համար Ազատության հրապարակը 2008-ի աղմկահարույց նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական եւ հետընտրական զարգացումներին բազմահազարանոց ցուցերի հիմնական հավաքատեղին էր:
Սակայն ներքաղաքական բուռն շրջանում, երբ տնտեսական ճգնաժամն արդեն իսկ զգացնել էր տալիս` Ազատության հրապարակում ավելի քան 4 միլիարդ դրամ արժողությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու Կառավարության որոշումը շատերի համար ընդդիմության «ճանապարհը» փակելն էր: «Ազատության հրապարակը ինչքան ընդդիմության համար ազատության խորհրդանիշ է, այնքան էլ իշխանությունների համար վախի,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,-Ուստի զարմանալի չէ, որ ընդդիմադիրների ակտիվությանը ոստիկանությունը նման ծայրահեղ պատասխան է տալիս»:
Սակայն իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ իշխանությունները նյարդայնանալու, կամ էլ վախենալու առիթ ընդհանրապես չունի:
«Վախենալու կամ նյարդայնանալու խնդիր չկա, ուղղակի ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում- «Մեդիալաբին» ասում է Շարմազանովը,-մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն, բայց թե որքանով է քաղաքացին գործում օրենսդրության շրջանակներում դա էլ հարց է»:
Սակայն, մեկ այլ վերլուծաբան, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Սարգսյանն եւս համոզված է, որ հենց սկզբից ընդդիմության ակտիվացումը կանխելու նպատակով է, որ իշխանությունները նման քայլերի են դիմում:
«Դրանք կանխարգելիչ միջոցառումներ են, որպիսի մարդկանց մոտ սկզբից եւեթ հույսեր չառաջանան,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:
25-ամյա Երեւանի բնակիչ Արամ Մկրյանն ասում է, որ նման ճնշումները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ:
«Դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ճնշումների արդյունքում ավելի շատ մարդիկ միացան ընդդիմությանը,-ասում է նա «Մեդիալաբին»,-ուստի, պիտի որ իշխանություններն անցյալից գոնե դասեր քաղեն»:
Այնուամենայնիվ ավելի տարեց` 64-ամյա մասնագիտությամբ ինժեներ Հասմիկ Հարությունյանը համոզված է, որ «ոգեւորվելու ժամանակներն անցել են»:
«Ճիշտ է Ազատության հրապարակը մեզ համար յուրօրինակ խորհուրդ ունի եւ միշտ էլ կարեւոր դերակատարություն է ունեցել մեր քաղաքական կյանքում, սակայն վերջին նախագահական ընտրություններից հետո մարդիկ լիովին հիասթափված են թե իշխանության պահվածքից, եւ թե ընդդիմության պասիվությունից եւ թե ընդդիմությունից եւ դժվար է կրկին նրանց ոգեւորելը»,-ասում է Հարությունյանը:
Վերջին նախագահական ընտրություններից ժամանակ, երբ նախկին նախագահ եւ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ոտքի հանել հազարավոր մարդկանց, չնայած մարտիմեկյան արյունալի բախումներին, որին զոհ գնաց առնվազն 10 մարդ, շատերը ոգեւորված էին ընդդիմության կարեւորությամբ եւ հավատում էին հաղթանակին:
Սակայն հետզհետե մարող ընդդիմության ակտիվությանն զուգահեռ ավելացավ նաեւ հուսահատ եւ հիասթափված մարդկանց բանակը:
«Շատերը փորձում են շարունակել իրենց պայքարը, եւ եթե մի քանի հոգով հավաքվում են Ազատության հրապարակում, դրա մեջ ոչ մի խախտում չկա,-ասում է իրավապաշտպան Սաքունցը,-սակայն իշխանությունները միանշանակ վախենում են, որ այդ հանդիպումները կարող են կրկին անգամ կրակ բորբոքել մարդկանց մեջ եւ ամեն ինչ սկսի նորից»:
Լուսանկարը` «A1+»-ի
© Medialab.am