Փոփոխությունների հույսե՞ր. միջադեպ և էմոցիոնալ արձագա՞նք, թե՞ քաղաքական կամքի դրսևորում

Դեկտեմբերի 8-ին իշխանության մշտական աջակցությունը վայելող Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը` քաղաքապետի անվան շուրջ օրեր շարունակ շրջանառվող սկանդալային պատմության ֆոնի վրա, տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել` երկրում իրական փոփոխությունների հնարավորության մասին:
«Շատ մարդիկ այսօր ծեծվում են կառավարության անդամների կողմից, բայց քանի որ զոհը պետական պաշտոնյա չէ, յուրային չէ, այս հարցը երբեք մամուլի ասուլիսների և դատական նիստերի քննարկման թեմա չի դառնա։ Եթե սա ապագա աշխատաոճի ազդակ է, շատ լավ է»,– ասում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` ողջունելի համարելով Սերժ Սարգսյանի վերջին որոշումները:
Դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ, որը շատ լրատվամիջոցներ «պատմական» են որակել, Բեգլարյանը չի կարողացել ներկա գտնվել և նրա փոխարեն կինն է գնացել ընկերուհու հետ:
Քանի որ արարողակարգի համաձայն` ՀՀ նախագահի կողքին պաշտոնյաներ են նստում, Բեգլարյանի կնոջը ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակիցը խնդրել է մեկ աթոռ այն կողմ նստել, ինչն էլ սկանդալային պատմության պատճառ է դարձել:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախագահականի մոտից առևանգել է ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին և դաժան ծեծի ենթարկել:

«Բեգլարյանին մինչև երկուշաբթի ժամանակ է տրված` կա´մ հրաժարական տալ, կա´մ ներողություն խնդրել թե´ Կանդայանից, թե´ արարողակարգի բաժնի ողջ աշխատակազմից»,- մինչ հրաժարականը նշել է «Հայկական ժամանակը»:

Տեղի ունեցածն ընդհանուր առմամբ հաստատել է ՀՀ նախագահականը` հերքելով առևանգման և դաժան ծեծի մասին լուրերը:

«ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»,- դեպքի հետ կապված ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:

Տարիներ շարունակ իշխանությունների աջակցությունը ընտրություններին ստացող իշխանական Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամը` քաղաքապետի վիճահարույց ընտրություններից հետո, որը որակվում էր որպես ընդդիմության և իշխանության պայքար, պաշտոնապես հաղթանակ տանելուց ու գրեթե մեկուկես տարի կառավարելուց հետո հեռանում է իշխանությունից ինչ-որ անձնական միջադեպի պատճառով:

Իրադարձությունների նման զարգացումը շատերի համար աննախադեպ ու անսպասելի է Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ողջունելի է համարում քաղաքապետի հրաժարականն ու զարգացումները, ասում է, սակայն, որ նախընտրելի կլիներ, եթե այդ ամենն ունենար նաև իրավական հիմք` «դատական մարմնի միջոցով որոշվեր մեղավորության հարցը»:

«Ես շատ ուրախ եմ, որ նման միջադեպ տեղի ունեցավ,- ասում է Երևանի բնակչուհի, 37-ամյա Սվետլանա Մինասյանը: – Տարիներ շարունակ իշխանությունները ուժի կիրառությամբ և կեղծիքներով, փողոցային հեղինակություններին ներգրավելով հաղթանակ են տարել, իսկ հիմա պիտի հասկանան, թե ի´նչ է նշանակում ուժի կիրառությունը: Ամոթալի իրադարձություն, սակայն նաև ուսանելի»:

Երևանի մեկ այլ բնակիչ, 55-ամյա շինարար Էդուարդ Ավանեսյանն ասում է, որ հարգում է Բեգլարյանին, քանի որ նա իրեն իսկական հայ տղամարդու պես է պահել: Նա ասում է, որ եթե վիրավորել են կնոջը, պետք էր նման պատասխան տալ:

«Սակայն չգիտեմ` դա ինչ-որ բան փոխելո՞ւ է մեր կյանքում, արդյոք սա հաշվեհարդա՞ր է, թե՞ քաղաքական կամքի դրսևորում»,- ասում է նա:

«Քաղաքական կամքի» մասին խոսելիս ՀՀ նախագահականում մատնացույց են անում Սերժ Սարգսյանի` ԱԺ ամբիոնից 2008-ի հոկտեմբերի 2-ի ելույթը, որում նա հայտարարել էր, թե մեր իրականության մեջ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել, ինչն անընդունելի է:

«Հստակ հայտարարում եմ. ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»,- հայտարարել էր Սարգսյանը:

Այնուամենայնիվ, միջադեպն ու զարգացումները միանշանակ չեն ընդունվել ո´չ հասարակության և ո´չ էլ քաղաքական գործիչների կողմից:

Օրերս տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, թե ցանկացած դեպքում տեղի ունեցածն անընդունելի է:

«Եթե մեղադրանքը ծեծն է, բռնությունը և այլն, առավել ևս՝ պետական պաշտոնյայի կողմից նման վարքագծի դրսևորումն անընդունելի է,- ասել է նա: – Մյուս հարցերն արդեն իրավասությունների խնդիր են՝ ՀՀ նախագահի, և եթե կլինի իրավական մեղադրանք՝ իրավական համակարգի, դատական գործընթացների։ Այնպես որ, ես չեմ ուզում սա որպես քաղաքական գործողություն դիտարկել»։

Բեգլարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ներկայումս շրջանառվող հարցը դեռևս չի հաստատվել:

«Եղել է միջադեպ, և այդ միջադեպին էմոցիոնալ արձագանք,- «Մեդիալաբին» ասում է վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը: – Ցանկացած նախագահ պարտավոր է պաշտպանել իր աշխատողին, իսկ այս դեպքում սա նաև ուղերձ էր նախագահի կողմից: Չխնայելով Բեգլարյանին, որն իր մերձավորն է, նա ցույց է տալիս, որ կարող է խիստ վարվել յուրաքանչյուր ոքի հետ, ով ոտնձգություն կանի նախագահականի հանդեպ»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am