Դելֆինարիում. բնապահպաններն ահազանգում են խախտումների մասին, մինչդեռ մյուս կողմը պնդում է, թե ամեն ինչ «լավ է»

Մինչ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում բուռն թափով ընթանում են դելֆինարիումի շինարարական աշխատանքները, բնապահպանության նախարարությունն ի պատասխան բնապահպանների նամակի գրել է, որ դելֆինարիումի տնօրինությունը ո´չ կառուցապատման և ո´չ էլ կենդանիների ներմուծման համար իրենից թույլտվություն չի ստացել:
«Խախտվում են օրենքներ, սակայն ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվություն կրել այդ ամենի համար»,- «Մեդիալաբին» ասում է բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը:
Ամեն ինչ «հարթ» ընթանալու դեպքում դեկտեմբերի կեսին Երևանի առաջին դելֆինարիումն արդեն պատրաստ կլինի` չորս դելֆինով, երկու ծովային կատվով և մեկ ջրառյուծով: Սակայն Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշումը և «Դելֆինարիում պետք է ունենա նաև մեր երկիրը» խոսքն իսկական բողոքի մեծ ալիք են բարձրացրել կենդանասերների և բնապահպանների շրջանում:

«Աշխարհում միտում կա նվազեցնելու դելֆինարիումների թիվը, մինչդեռ Հայաստանը, որը ծովային երկիր չէ և անբարենպաստ է ծովային կենդանիներ պահելու համար, պատրաստվում է դելֆիններին շահագործել: Մինչև հիմա մենք այդպես էլ չիմացանք` ո´ւմ է պատկանելու այդ կառույցը,- «Մեդիալաբին» ասում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, որը գլխավորում է հիսուն հասարակական կազմակերպություններից կազմված Էկոդաշինքի պայքարն ընդդեմ Երևանում կառուցվելիք դելֆինարիումի:

Դելֆինարիումը, որը, ըստ քաղաքապետի որոշման, զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու նախկին ատրակցիոնների տարածքը, նախատեսվում է շահագործել շուրջ տարին` ամռանը բացօթյա, իսկ զով եղանակին ապակե ծածկով փակ տարբերակով: 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանում վարժեցված կենդանիների դելֆինարիումը նախատեսված է շուրջ 900 հանդիսատեսի համար։

Սակայն, դելֆինարիան, որը պարզ չէ, թե ո´ւմ է պատկանում, չնայած նախապես շրջանառվում էր նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի անունը, կծիկի նման բացել է նախկինում լրիվ բարձիթողի վիճակում Կոմիտասի անվան զբոսայգու բոլոր կնճռոտ հարցերը:

Կոմիտասի զբոսայգին, որտեղ գտնվում է նաև պանթեոնը` հայոց մեծերի գերեզմաններով, վերջին տարիներին հայտնվել է բարձիթողի վիճակում` աղբ, անխնամ տարածք, գարշահոտություն: Սակայն քաղաքապետարանի` զբոսայգին զվարճավայրի վերածելու ծրագիրը ևս քննադատության է արժանացել:

«Սա տարածված գործելաոճ է. նախ այգին վերածել աղբանոցի, թողնել բարձիթողի վիճակում, ապա ծառերի հատման և բուսականությունը վերացնելու հաշվին, բարոյականությունը մի կողմ դնելով, պանթեոնի կողքին զվարճավայր կառուցել,-«Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: – Մի՞թե սա ընդունելի է»:

Սակայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներն ասում են, որ ամեն ինչ «հաշվարկված է»:

«Դելֆինարիումները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի առաջատար շատ քաղաքներում: Նման հաճելի հանգստի գոտի պետք է ունենա նաև Երևանը»,- նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի` քաղաքապետի նախաձեռնությանն արձագանքած ընկերություններից նախապատվությունը տրվել է «նման նախագծերի մեծ փորձ ունեցող օդեսացի մասնագետների առաջարկին` ուկրաինական «Ներում» ընկերությանը»։

Սակայն բնապահպանները պնդում են, որ դելֆինարիումի կառուցման աշխատանքներն իրականացվում են կոպիտ խախտումներով: Բացի օրենսդրությունից, նշվում է, որ Հայաստանի բնակլիմայական պայմաններն բացարձակ անհամապատասխան են թե´ ծովային կենդանիներ պահելու և թե´ կերակրելու համար:

Բնապահպաններն ասում են որ նամակներ են ուղարկել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև բնապահպանության նախարարություն` իրենց անհանգստությունն արտահայտելով «դելֆինների նման նուրբ կենդանիների ճակատագրով»:

«Դաշինքի անդամներն անհանգստացած են դելֆինների նման նուրբ կենդանիների հետագա ճակատագրով: Այս առումով հանրությունը չունի ոչ մի պաշտոնական տեղեկատվություն դելֆինարիումի պայմաններում այս կենդանիների գոյատևման և շահագործման մասին»,- նշված է բնապահպանների ուղարկած նամակում, որում նրանք փաստաթղթեր են խնդրում, որոնք կհաստատեն դելֆինների ներմուծման և շահագործման թույլտվությունը, ինչպես նաև փորձագետների եզրակացությունը:

Էկոդաշինքում ընդգրկված կազմակերպությունները, այնուամենայնիվ, որևէ պատասխան քաղաքապետարանից չեն ստացել:

«Ո՞նց են ոչ ծովային երկրում կերակրելու դելֆիններին: Սառեցրած ձկներո՞վ: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ պաշտպանենք այդ կենդանիների շահերը: Ո՞ւր է փորձագետների եզրակացությունը, չկա´»,- ասում է Սիլվա Ադամյանը:

Սակայն ուկրաինական «Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանը, որի կազմակերպությունը դելֆինարիումներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում, հավատացնում է, թե ընկերության մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն կենդանիներին հատուկ կենսապայմանները:

«Հայաստանի կլիման բարենպաստ է ծովային կենդանիների համար, ես դա հաստատում եմ,- «Մեդիալաբին» ասում է Ալեքսանդր Մեռլյանը: – Ես չունեմ փորձագետների եզրակացություն, բայց գրականություն եմ կարդացել և գիտեմ, որ կլիման հարմար է: Իսկ եթե բնապահպաններն այլ բան են ասում, ապա դա նրանց կարծիքն է, ես չգիտեմ` նրանք որքա´ն են մասնագիտացված այդ հարցում»:

Նա ասում է, թե հուսով է, որ ժամանակին` դեկտեմբերի 15-ին, կհասցնեն ավարտել դելֆինարիումի շինարարությունը:

«Եթե ոչինչ չխանգարի, մենք ամեն ինչ ավարտին կհասցնենք,- ասում է Մեռլյանը: – Կան խանգարող և´ սուբյեկտիվ, և´ օբյեկտիվ հանգամանքներ: Դրանց մասին չեմ կամենում խոսել, բայց, ցավոք, դրանք կան և´ դրսից, և´ ներսից»:

Քաղաքապետարանն իր հերթին հավատացնում է, թե ծրագիրը հնարավորություն է տալու վերականգնելու անմխիթար վիճակում գտնվող զբոսայգին, ինչպես նաև նման կերպ զերծ պահելու զբոսայգին խայտաբղետ կառուցապատումներից ու կամայականություններից:

Սակայն բնապահպանները վստահ են, որ ծրագիրը միայն շահ է հետապնդում, և իրենց հերթին հավաստում են, թե ամեն ինչ անելու են մինչև վերջ գնալու համար:

«Հայաստանի կլիման խիստ է և, հետևաբար, անհամապատասխան դելֆինների համար, պարզ է, որ այդ կենդանիներին երկու-երեք տարի շահագործելու են, փոխհատուցեն իրենց ծախսերը, իսկ հետո ինչ լինում է լինի,- ասում է Սիլվա Ադամյանը: – Սակայն մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա»:

Մարի Ներսեսյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am