«Oլիգարխիկ կառավարությունը, սութի կանաչ Գերմանիայի հետ փորձում է Քաջարանը դարձնել կաշալոտների հանքատեղի». ահազանգ` Քաջարանից (Տեսանյութ)

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը ահազանգ է հնչեցնում. գյուղը արհեստական շրջափակման մեջ են դրել: Տագնապի ձայն հնչեցնելով` գյուղապետը բարձրաձայնում է ստեղծված իրավիճակի մասին` օգնություն և աջակցություն ակնկալելով:
Հիշեցնենք, որ այս տարի ապրիլին Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դուրս էր եկել Հանրապետական կուսակցության շարքերից` ի նշան բողոքի իր գյուղի նկատմամբ վարվող քաղաքականության, բայց մինչ այսօր, որպես սրտացավ գյուղապետ, շարունակում է պաշտոնավարել:
«Մեդիալաբի» հետ հեռախոսազրույցում նա դեռ գարնանը նշել էր, որ հրաժարվել է կուսակցության անդամը լինելուց, քանի որ շուրջ 270 բնակիչ ունեցող Քաջարան գյուղը վերացնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու նպատակով, իսկ իր ուղղած դիմումներին ոչ մի դրական արձագանք չեն տալիս:
Այս անգամ ևս նա ահազանգ է հնչեցրել` «Փրկենք Թեղուտի» շնորհից: Տեսանյութում Աթայանը խոսում է, որ ոչ միայն որպես գյուղ որևէ աջակցություն չեն ստանում, այլև գյուղը լիովին շրջափակման մեջ է, քանի որ «գյուղից ուզում են հեռացնել քաջարանցիներին»:

«էսօր ինձ արհեստական շրջափակման մեջ են դրել Քաջարանի կոմբինատի էս հանցագործները, ես տենց կասեմ` կոմբինատի թուրքերը… Շրջապատման մեջ են դրել Քաջարան գյուղը, բլոկադայի մեջ, բայց չեն կարա, ուզում են վախեցնեն, չեն կարա: Մենք ոչ մի տեղից օգնություն չունենք, իրենք աբսալյուտնա ոչ մի բանով մեզ չեն օգնում: Ես խնդրում եմ մեր հայությանը` գյուղս անմխիթար վիճակում ա, ես գյուղ տվող չեմ, ոչ մեկս գյուղ տվող չենք: Նախիջևանի սահմանը ձեզ ցույց տամ, էս սահմանը մենք ենք պահում: Էս սահմանին թուրքերը հլը լավ են, բայց ներսի թուրքերը հանգիստ չեն թողնում մեզ: Բայց ինչ ուզում են անեն, մենք հող տվող չենք: Մեզ տունն էլ ունենք, հայրենիքն էլ ունենք, գերեզմանն էլ ունենք, ամեն ինչ ունենք մեզ: Մենք ոչ մի բան չենք ուզում, մենք պրոստո խնդրում ենք, որ մեզ օգնեն: 2 կմ գյուղի ճանապարհը շատ անմխիթար վիճակում ա, գյուղատնտեսությունս անկման մեջ ա, օգնություն չունեմ, խնդրում եմ, որ մեր գյուղին օգնեն»,- ասում է Աթայանը:

Նա նշում է, որ գյուղում 30-40 տարի 20-30 հազարով աշխատած թոշակառուներ ունեն, որ այդպես գոյություն են պահպանել, իսկ այսօր գյուղին ոչ մի օգնող չկա, որպեսզի իրենց գյուղատնտեսությունը զարգացնեն, ճանապարհները վերանորոգեն:

«Մեզ 7 հազար հեկտար հող ունենք, 3 կմ էլ թուրքի սահմանն ա: Լավ, լքենք բոլոր գյուղերը, գնանք, ո՞վ պիտի պահի մեր հայրենիքը: Ով ուզում ա գնա, մենք գնացող չենք,- ասում է Աթայանը: – Սպառնում ա, մեխանիզմ չի տալիս, հենա` ձյունը գալու ա: Ոչ մի բանով չի օգնում, նեղում ա ժողովրդին, որ դուրս գա: Նեղո՞ւմ եք քաջարանցիներին, բայց չեք կարա նեղեք: Ինձ քաղմաս էլ են տարել իրանք, բայց ես վախող չեմ, ես հող տվող չեմ, մամայիս գերեզման, ես հող տվող չեմ: Էս սահմանը մենք ենք պահելու, մեր Քաջարանի սահմանն ա, մենք պահել ենք ու պահելու ենք մինչև վերջ: Եկեք բնության մասին խոսեք, որ փչացնում են, ավելացնում են, աբյոմը մեծացնում են: Աբյոմը մեծացնում են, աշխատավարձը` ցածրացնում»:

Գյուղապետը նշում է, որ հանքը շահագործողները թալանել են ամբողջը, քանդել գյուղի գերեզմանները, ակումբը, դպրոցը և մտածված չեն օգնում, որպեսզի իրենք լքեն գյուղը: Նա օգնության համար դիմում է ողջ հայությանը` ֆինանսապես աջակցելու, գյուղը մի քիչ ոտքի կանգնեցնելու համար:

«Ես խնդրում եմ մեր հայությանը, որ մի քիչ օգնեն ֆինանսականով, գյուղատնտեսությունը զարգացնեն, ճանապարհներին լուսավորություն դնեն, գյուղը մի քիչ ոտքի կանգնի: Հողագործություն, անասնապահություն` ամեն ինչ էլ կա, տրակտոր կուզենք իրա կոմպլեքսով, խոտհարքի ժամանակ կօգտագործենք, կուզենք մեղվաբուծություն, ոչխարաբուծություն, հողագործություն զարգացնենք: Էնքան, որ ժողովուրդը օգտվի բնության բարիքներից: Բայց առաջնահերթը` ճանապարհներս վերանորոգեք, էլի, 2 կմ ճանապարհը շատ անմխիթար վիճակում է, խայտառակ վիճակում»,- ասում է Աթայանը:

Քաջարանի օգնության ձայնին արձագանքել են նաև բնապահպանները՝ նշելով, որ պետք է պահել, պահպանել ու շենացնել Քաջարանը, որը սահմանամերձ գյուղ է:

«Քաջարանը մեր օգնության կարիքն ունի, երկու կողմից շրջափակման մեջ է, օլիգարխիկ կառավարությունը, սութի կանաչ Գերմանիայի հետ համատեղ փորձում է իրականացնել հայաթափման ծրագիրը ու հայերի բնօրրան գյուղ Քաջարանը դարձնել կաշալոտների հանքատեղի: Հիշեցնենք, որ այս գյուղը սահմանամերձ գյուղ է ու անմիջապես զինվորին թիկունք է կանգնում: Բնիկներին արմատներից կտրելու դեպքում կորցնում ենք նաև Հայաստանը: Հայի այս տեսակը պահել, պահպանել ու շարունակել է պետք: Քիչ կհանդիպես այսպիսի գյուղապետներ, գյուղեր, բնակչություն` այս ստրկացած, վախով պարփակված միջավայրում: Մեր պարտքն է շենացնել գյուղը»,- ասում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=ORThNOSyNK8