Պետք է աշխատանք տարվի, որպեսզի չկրկնվեն «Դոմոդեդովո» և «Զվարթնոց» օդանավակայանների դեպքերը. Ստյոպա Սաֆարյան

Եթե Ռուսաստանից Հայաստան գալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների թիվն այս օրերին մեծ է, պետք է աշխատանքներ տարվեն այլ չվերթեր կազմակերպելու հնարավորության ուղղությամբ։ 

Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները պետք է համաձայնության գան այդ հարցում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Այո, չվերթերը փակ են, բայց վերադարձ կարող են կազմակերպել, պետք է աշխատանք տանել այդ ուղղությամբ»,- ասում է Սաֆարյանը։

Նա վերջին օրերին ահազանգեր է ստացել Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներից, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց չգիտեն, թե ինչ ճանապարհով։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա բարձրացրել էր խնդիրը։ 

«Ռուսաստանից (Ռոստով, Կրասնոդարի երկրամաս) ինձ են դիմել մի քանի հայրենակիցներ՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց չգիտեն, թե ինչպես։ Ի դեպ, ցավալի էր լսել, որ Ռոստովում մեր դեսպանություն/հյուպատոսությունը զանգերին չի պատասխանում, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկատվություն ստանան։ Նրանք լսել են, որ Հայաստանի կառավարությունը ինչ-ինչ քայլեր ձեռնարկում է, սակայն այդ տեղեկությունները անհասանելի են։ Հարգելի ԱԳՆ, միգուցե լուրջ վերահսկողություն իրականացնեք մեր դեսպանատների վրա, որպեսզի նման ահազանգեր չստանանք»,- գրել էր Սաֆարյանը։

«Մեդիալաբի» հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ իրեն դիմած անձինք բարձրացնում էին այն հարցը, որ տեղեկություններ չեն կարողանում ստանալ, ուզում են վերադառնալ, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչ տարբերակներով կարող են վերադառնալ։ Նրանց թվում են հիմնականում Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած անձինք, ինչպես նաև հարազատներին այցելածները։

Հանրային խորհրդի նախագահի գրառմանն արձագանքել են արտաքին գործերի նախարարությունից։ 

Ըստ ԱԳՆ պարզաբանման՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության թեժ գծերը աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ +7/863/253-67-45, +79614084423 հեռախոսահամարներով։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ ավելի քան 2000 Հայաստանի քաղաքացի է ցանկանում այս օրերին վերադառնալ Հայաստան, սակայն առաջնահերթությունը տրվում է բարդ իրավիճակում հայտնված անձանց։ 

Ըստ դեսպանության հաղորդագրության՝ «Ապրիլի 6-ին Red Wings ավիաընկերության՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը։ Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ 

Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտնված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք»։ 

Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ ապրիլի 2-ին նախատեսված թռիչքի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացիները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից չեն կարողացել մեկնել Հայաստան։

Քաղաքացիների մեծ մասը լքել էր օդանավակայանի տարածքը և հյուրընկալվել հարազատների բնակարաններում։

Ապրիլի 3-ին էլ «Զվարթնոց» օդանավակայանում էին մնացել ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերը, ովքեր Հայաստանից Ռուսաստան չվերթի չեղարկման հետևանքով անելանելի վիճակում էին հայտնվել։

Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ որպեսզի չկրկնվեն «Դոմոդեդովո» և «Զվարթնոց» օդանավակայանների դեպքերը, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Մենք տեսանք «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված իրավիճակը, երբ ինքնաթիռը Հայաստանի քաղաքացիներ էր բերել, բայց հրաժարվում էր այստեղից տանել մարդկանց։ Ճիշտ է, նրանք մեր հայրենակիցներն են, բայց Ռուսաստանի քաղաքացի են, իրավական տեսանկյունից նրանց խնդիրների լուծումը գտնվում է Ռուսաստանի իշխանությունների որոշումների դաշտում»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Նա հավելում է. 

«Ես խորհուրդ կտամ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին՝ պայմանավորվել ուղղակի, որպեսզի ինքնաթիռները միայն մեկ ուղղությամբ լրացված չվերթ չկատարեն։ Պետք է պայմանավորվեն, հավաքեն անհրաժեշտ խմբաքանակ ու քաղաքացիների փոխանակում կատարեն»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am