«Փորձանք է, եկել է»․ «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասում վարակի դեպք է հաստատվել, շուրջ 150 աշխատող կթեստավորվի

Արխիվային լուսանկար

Շինարարական ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության Բերդի արտադրամասում աշխատող կանանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, և նա այժմ բժիշկների հսկողության տակ է, մեկուսացված։ «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ այս պահին Բերդի արտադրամասի շուրջ 150 աշխատակից մեկուսացված է։ Վարակակրի կոնտակտավորը Բերդ է եկել Երևանից։

«Ձեռնոցի արտադրամասում աշխատող մեր աշխատակցի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, և հիվանդությունը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ նա տանն է եղել, հանգստյան օրերին։ Տաքություն է ունեցել, և կորոնավիրուսի ստուգումները դրական պատասխան են ցույց տվել»,- ներկայացնում է Միքայել Եզեկյանը։

Այժմ կնոջ շրջապատում ևս վարակը հաստատվել է մի քանի անձանց մոտ, սակայն, տնօրենը վստահ չէ, որ արտադրամասում նա չի շփվել մյուս աշխատողների հետ։ Այդուհանդերձ, նրա փոխանցմամբ՝ պատրաստվում են բոլոր աշխատողներին սեփական միջոցներով թեստավորել կորոնավիրուսի դեմ։

«Այս պահին Բերդում գործող արտադրամասը ուղղակի կանգնեցրել ենք, մարդկանց տուն ենք ուղարկել և հիմա քանի որ վստահ չենք, որ վարակակրի հետ շփում չի եղել, պատրաստվում ենք կազմակերպել նրանց բոլորի թեստավորումը։ Եվ ով խնդիր կունենա՝ կբուժվի, ով էլ չի ունենա՝ շատ ավելի լավ»,- ասում է Եզեկյանը։

Դիտարկմանը, թե կան քննադատություններ, որ հնարավոր է՝ «Տավուշ տեքստիլի» արտադրամասում սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ չեն ապահովվել, տնօրենը արձագանքում է․ «Դեռ փետրվարի վերջից են մեզ մոտ խիստ միջոցառումներ իրականացվել, այսինքն՝ այն ժամանակներից, երբ Հայաստանում պարետատուն չկար, ու պարետի որոշումներ չկային։ Մենք այդ վտանգը պատկերացնում էինք ժամանակին ու պարբերաբար ամեն ինչ ախտահանել ենք, մաքրել։ Էն ժամանակ մենք դեռ դիմակ չէինք արտադրում, բայց դիմակ էինք ներմուծում Հայաստան, որ մեր աշխատակիցները դիմակ կրեն։ Բացի այդ, մեզ մոտ արտադրությունն այնպես է կազմակերպված, որ յուրաքանչյուր աշխատող միմյանցից 5 մետր հեռավորության վրա է։ Բայց աշխատողները մի կոլեկտիվ են, ընկերներ, արտադրամասից դուրս էլ կարող են միմյանց հետ շփվել»։

Կոլեկտիվի թեստավորումից հետո, Եզեկյանի փոխանցմամբ՝ կսկսեն աշխատել։ 

Նա նաև տարօրինակ է համարում այն, որ երևանյան արտադրամասերում կորոնավիրուսի դեպքերի հաստատման ժամանակ դրանց անունները չհնչեցվեցին, սակայն Բերդի արտադրամասի դեպքը մեծ տարածում ստացավ։

«Մի քիչ սիրուն չի, էլի, երբ Երևանի արտադրամասում դեպքը հաստատվեց, ոչ մեկ ոչ մի բան չարեց, բայց հենց հերթը հասավ սահմանամերձ բնակավայրի արտադրամասին՝ բոլորը սկսեցին խոսել էդ մասին։ Փորձանք է, եկել է, ո՞վ կուզեր, որ այդպես լիներ»,- նշում է նա։

«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասը հիմա չի աշխատում, տնօրենի խոսքով՝ ապահովության համար են այդ քայլին դիմել, սակայն աշխատում են սահմանամերձ Չորաթանի ու Արծվաբերդի արտադրամասերը։ «Բժշկական դիմակները արտադրվում են»,- ընդգծում է Եզեկյանը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am