«Իտալիայում այժմ բոլորը ավելի շատ են ժպտում, հուսահատության զգացումը կարծես թե քիչ-քիչ վերանում է»․ Սոնա Մարտիկյանը՝ Կիետի քաղաքից

Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերը զգալիորեն նվազել են։ Չնայած երկրում շարունակում են գործել սահմանափակումներ, սակայն ինչպես Իտալիայի Կիետի քաղաքում բնակվող Սոնա Մարտիկյանն է ասում՝ կյանքը վերսկսվել է, մարդիկ աշխատանքի են գնում, զբոսնում, մոտակա քաղաքներ ճամփորդում։ 

«Իտալիայում պատշաճ կերպով հետևում են սահմանափակումներին։ Դիմակ, ձեռնոց կրելը, ձեռքերն անընդհատ ախտահանելը մեր առօրյայի պարտադիր մասն են դարձել։ Անկախ մենք մտնում են տրանսպորտային միջոց, գնումներ կատարելու համար խանութ թե այլ հաստատություն՝ բոլորը սոցիալական հեռավորությունը պահպանում են, դիստանցիան պահպանվում է»,- ասում է նա:

Սոնա Մարտիկյանը Իտալիայում է գտնվում արդեն 9 ամիս «Էրազմուս» ծրագրի շրջանակում։ Նշում է՝ ուրախ է տեսնել, որ երկրում մարդիկ շատ պարտաճանաչ են և զգոն իրավիճակի նկատմամբ։

Իտալիայում հունիսի 12-ի տվյալներով գրանցվել է 163 դեպք։ Ընդհանուր առմամբ Իտալիայում արձանագրվել է 429,312 մահվան դեպք։

Հունիսի 13-ի տվյալների համաձայն՝ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 7.5 միլիոնը: 

Հայաստանում այսօրվա տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվը հասել է 16004-ի: 

Սոնա Մարտիկյանը կարծում է, որ Իտալիայում դեպքերի նվազումը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ մարդիկ պատշաճ հետևեցին կարանտինի ժամանակ դրված կանոններին և սահմանափակումներին․

«Հազվադեպ էին տնից դուրս գալիս, դուրս գալու դեպքում գնում էին մթերք գնելու, և այդ պրոցեսը խիստ վերահսկվում էր։ Կարանտինի ժամանակ սահմանափակումները շատ ավելի խիստ էին, քան հիմա։ Եթե օրինակ բերեմ սուպերմարկետում գնումներ անելը, ապա կարող եմ ասել, եթե նախկինում 2-3 հաճախորդ էին սպասարկում, այժմ ներս են թողնում ավելի մեծ թվով մարդկանց, բայց միևնույն է՝ այդ շարժը վերահսկվում է»։

Սոնան ընդգծում է, որ Իտալիայում հիմա տրամադրությունը շատ ավելի լավ է, քան կարանտինի ժամանակ։

«Իտալիայում այժմ բոլորը ավելի շատ են ժպտում, հուսահատության զգացումը կարծես թե քիչ-քիչ վերանում է։ Մարդկային շփումը Իտալիայում շատ մեծ դեր է խաղում, և հիմա որ սահմանափակումները փոփոխվել են, և մարդիկ կարողանում են միմյանց տեսնել-խոսել, կիսվել միմյանց հետ, շատ ավելի լավ են իրենց զգում։ Աշխատանքի են գնում, սրճարանում հանդիպում են, նույնիսկ ճամփորդում են հարևան քաղաքներ, լողափերը ևս բաց են, սակայն սահմանափակումները գործում են»,- ասում է Սոնա Մարտիկյանը։

Մարտիկյանը ևս աշխատանքի գնում է, սակայն՝ ոչ ամեն օր։ «Աշխատանքի գնում եմ, բայց ոչ ամեն օր, ինչպես նախկինում էր՝ կարանտինից առաջ, բայց մեկումեջ ու հատուկ գրաֆիկով գնում եմ, աշխատանքային կարգը քիչ-քիչ վերականգնվում է»,- ասում է նա։

Սոնա Մարտիկյանը հույս է հայտնում, որ իրավիճակը կշարունակի բարելավվել, և աշնանը նոր պիկ չի լինի․ «Իսկապես, շատ ենք վախենում, որ նորից չվերսկսի այդ մղձավանջը»,- ընդգծում է Մարտիկյանը։

Ասում է, որ անհանգստանում է Հայաստանում դեպքերի աճով․ «Շատ եմ նեղվում, որ Հայաստանում նման թվեր են։ Հայաստանում գտնվողներին խորհուրդ կտամ շատ զգոն լինել և լուրջ մոտենալ իրավիճակին, Իտալիայի դեպքը վառ օրինակ է, թե ինչպես կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է կարճ ժամանակում հասնել աստղաբաշխական մակարդակի»,- նշում է Մարտիկյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am