Պայքար`ընդդիմության լիդերի դերը ստանձնելու համա՞ր. Կարծիքներ`ավագանու ընտրությունների շուրջ

Պայքար`ընդդիմության լիդերի դերը ստանձնելու համա՞ր. Կարծիքներ`ավագանու ընտրությունների շուրջ
Պայքար`ընդդիմության լիդերի դերը ստանձնելու համա՞ր. Կարծիքներ`ավագանու ընտրությունների շուրջ

Թեև Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է համարում, բայց կարծում է, որ ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից երեքը`ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև, Երևան» դաշինքը, կհաղթահարեն անհրաժեշտ 6 տոկոսի շեմը:
Գիմիշյանը «Մեդիալաբին» ասում է, որ չի բացառվում, որ մյուս ուժերն էլ հայտնի մեթոդներով, «ականջներից ձգելով» հաղթահարեն շեմը: Սա, ըստ Գիմիշյանի, ձեռնտու է իշխանություններին և արդեն տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Գիմիշյանի կարծիքով՝ նոր ստեղծված ՀԱԿ կուսակցությունը դժվարությամբ կարող է հաղթահարել 6 տոկոսի շեմը:

«Նրանք դժվարությամբ հաղթահարեցին 7 տոկոսի շեմը խորհրդարանական ընտրություններում, այն էլ` իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններն օգնեցին, հիմա նրանց համար ավելի բարդ է լինելու, որովհետև բոյկոտում էին նախագահի ընտրությունները և նշում, թե բոլոր նրանք, ովքեր մասնակցում են, լեգիտիմացնում են այդ ընտրությունները, բայց հակառակը եղավ`ժողովուրդն իր պայքարով իր բնավորությունը ցույց տվեց, և բոլոր բոյկոտողները քաղաքական ֆիասկո ապրեցին»,- «Մեդիալաբին» ասում է նա: Ըստ Գիմիշյանի՝ այն փաստը, որ նախագահի ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերն այս փուլում ակտիվացել են, խոսում է այն մասին, որ ընդդիմության լիդերի դերն ստանձնելու պայքար է մղվում: «Ժողովուրդն իր որոշումը կայացրել է և որոշել, որ առաջիկա հինգ տարիների համար ընդդիմության լիդերը լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես անձամբ և մեր կուսակցությունը ուզում էինք, որ նա լիներ Հրանտ Բագրատյանը, բայց ժողովուրդն այսպես որոշեց»,- շարունակում է նա:

Գիմիշյանի խոսքով՝ այսօր նախագահի ընտրություններին չմասնակցած ուժերն ուրախանում են, երբ Հովհաննիսյանը թերանում է ինչ-ինչ հարցերում և անհաջողություն ունենում: Հենց այս փաստը, ըստ նրա, վկայում է, որ նրանք ուզում են «զավթել» ընդդիմադիր առաջնորդի դերը: Նրա կարծիքով՝ այս դերակատարումը որոշ հոսանքների և քաղաքական դեմքերի համար ոչ միայն քաղաքական, այլև բիզնես նպատակներ ունի: Չնայած ընդդիմադիր առաջնորդի համար մղվող պայքարին, Գիմիշյանը վստահ է` մինչև հաջորդ համապետական ընտրությունները ժողովրդի որոշումը բեկանել դժվար կլինի, իսկ մնացած բոլոր հարցերը կախված են նրանից, թե առաջնորդն ինչպե՛ս կկարողանա ժողովրդին կազմակերպել:

Ավագանու ընտրություններից հետո ուժերի հարաբերակցության մասին դժվարանում է կանխատեսում անել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Մի բանում նա վստահ է` պայքարն ընթանում է ՀՀԿ-ի ու 4 ոչ իշխանական ուժերի միջև: «Այսօր ՀԱԿԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի մոտ ես կոնսոլիդացման միտում եմ տեսնում, իսկ «Ժառանգությունը» կամ «Բարևը» հանդես է գալիս որպես ինքնուրույն սուբյեկտ և չի գնում ոչ իշխանական ուժերի հետ կոնսոլիդացման»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը: Բոզոյանի խոսքով՝ ի տարբերություն ՀԱԿԿ-ի և ԲՀԿ-ի, «Բարև, Երևանի» հիմնական թիրախն այս քարոզարշավում ոչ միայն և ոչ թե ՀՀԿ-ն է, այլ ՀԱԿԿ-ն և ԲՀԿ-ն: Ըստ նրա՝ եթե անգամ ինչ-ինչ հարցերում Րաֆֆի Հովհաննիսյանի ասածն է ճիշտ, գործընկերներին քննադատության թիրախ դարձնելը ոչինչ չի տա:

«Բոլորն են հասկանում, որ իշխանության հետևում կանգնած է հզոր պետական մեքենան, որին հաղթելը, ինչպես ցույց տվեցին նախագահի ընտրությունները, հեշտ չէ, իսկ այս դեպքում կոնսոլիդացման գնալու փոխարեն գործընկերներին քննադատելն անհասկանալի է»,- նշում է նա: Ըստ Բոզոյանի՝ ճիշտ այնպես, ինչպես անհասկանալի էր Հովհաննիսյանի քաղաքական ուղեգիծը, անհասկանալի է նաև դաշինքի նախընտրական պահվածքը: «Իշխանության դեմ պայքարը վերացական չէ, ինչ օգուտ, եթե դու պայքարում ես միայն պայքարելու համար: Մեր պատմությունը մի քանի կուսակցություններ է տեսել, օրինակ՝ ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, ՀԿԿ-ն, ինչ-որ առումով՝ ՕԵԿ-ը, որոնք այդպես են վարվել և այսօր ասպարեզում չեն երևում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Բոզոյանի խոսքով՝ «Բարև, Երևանն» այսօր իր առջև տոկոսներ հավաքելու խնդիր է դրել: «Տոկոսներ հավաքել դեռ չի նշանակում հաջողության հասնել, տոկոսներ հավաքելուց հետո ի՞նչ են անելու: Եթե դու նախարարական պորտֆելները համարում ես հաջողություն, դա այլ բան է»,- նշում է նա: Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը նույնպես չի խոսում Երևանի ավագանու ընտրություններում ձայների բաշխման հնարավորության մասին: Ըստ նրա՝ այժմ այդ մասին կարող են խոսել նախ՝ նրանք, որոնք, սովորույթի համաձայն, կեղծելու են ընտրությունները, երկրորդ՝ վարձու սոցիոլոգները: Ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցած ուժերի ներկայիս ակտիվությանը, Հայրապետյանը «Մեդիալաբին» ասում է.

«Ինձ համար անհասկանալի է ձեր նշած կառույցների պահվածքը, մանավանդ, երբ շարունակում են ներկայանալ որպես ընդդիմադիր: Իրենց ակնկալիքների մասին թերևս իրենք ասեն, եթե հանրության հետ ազնիվ խոսելու կամքը բավի»: Հայրապետյանի կարծիքով՝ ավագանու ընտրություններում ժողովրդի ընդդիմադիր հատվածին առաջնորդելու բարոյական իրավունքը վաստակել են միայն Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնցից առաջինին Հայրապետյանը առողջություն է մաղթում, երկրորդին` հաջողություն: Իսկ մյուս ուժերի մասին Հայրապետյանն ասում է. «Մյուսները, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր կեցվածքով, սակայն ընդամենը երկու ամիս առաջ չհանդգնեցին նախագահի ընտրություններին մասնակցել, իմ աչքում բարոյապես զիջում են նույնիսկ իշխանությունն ուզուրպացրած կուսակցությանը և իրացնում են ընդամենը մեկ առաքելություն՝ թույլ չտալ, որ կրկնվի պարոն Հովհաննիսյանի 37 տոկոսանոց ցուցանիշը»:

Նրա խոսքով՝ անկախ այն բանից, թե «իշխանությունները որքան ձայն կկեղծեն ի վնաս «Բարև, Երևանի», և ժամկետանց կամ տնաբույս ընդդիմադիրները որքան ձայն կխլխլեն «Բարև, Երևանից»՝ հերթական ծառայությունը մատուցելով վարչախմբին», Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքակիրթ հարաբերության տրամաբանությունը խաղի նորմ դառնալու հայտ է ներկայացրել: Հայրապետյանի համոզմամբ՝ դա արդեն իսկ ինչ-որ հաղթանակ է, իսկ «Բարև, Երևան» նախընտրական դաշինքն իր առաքելությունը կավարտի ընտրություններից որոշ ժամանակ անց:

© Medialab.am