Ջողազի ջրամբարի կողքին կանգնած անջուր Բերքաբերը` սահմանների և իրականության արանքում

Ջողազի ջրամբարի կողքին կանգնած անջուր Բերքաբերը` սահմանների և իրականության արանքում
Ջողազի ջրամբարի կողքին կանգնած անջուր Բերքաբերը` սահմանների և իրականության արանքում

Ջողազի ջրամբարով բաժանված հայ և ադրբեջանական գյուղերի բնակիչներին ջրից բացի բաժանում է Ղարաբաղյան կոնֆլիկտը, մինչդեռ նախապատերազմյան շրջանում նրանք ջերմ հարաբերություններ են ունեցել իրար հետ. քավոր-սանիկ եղել ու մտերմություն արել:

«Մենք ատելությամբ լցված չէինք նրանց հանդեպ. ժողովուրդն ինչ պիտի անե՞ր,- «Մեդիալաբին» ասում է բերքաբերցի 78-ամյա Ամալյա Մադաթյանը,- եթե հիմա հնարավորություն լիներ՝ էլի բարեկամություն ու հարևանություն կանեինք»:

Գյուղի ամենահնաբնակներից մեկը՝ 1930թ. ծնված Սիրան Արզումանյանը ևս դրական հուշեր ունի ջրից այն կողմ մնացածների մասին:

«Մեր տարեկիցներին բոլորին ճանաչում էինք, մեր ջահելներն էլ իրար հետ լողանում էին,- մտմտալով ասում է Սիրան տատիկը,- դեռ մինչև 1991թ. նրանք գնում-գալիս էին ու խոսում էին կռիվ չանելու մասին, բայց դա ասում էին մեծերը, հիմա ջահելները ուրիշ ձևով են մտածում. սերունդ ա փոխվում»:

Բերքաբերը Տավուշի մարզում Ադրբեջանի հետ ունեցած 160 կմ երկարությամբ ձգվող շփման գծին ամենամոտ տեղակայված երկու գյուղերից մեկն է. Բերքաբերից ադրբեջանական Մազամ մեկ կմ էլ չկա:  Գյուղի նախկին 1130 հա տարածքից 830-ը այժմ գտնվում է ջրի այն ափում, իսկ այս ափում մնացած մոտ 30 հա հողի 35 տոկոսն էլ գնդակոծման վտանգի պատճառով չի մշակվում: Բերքաբերը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տվել է 11 զոհ:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի խոսքով՝ հակառակ կողմից հնչող կրակահերթի ձայնը սովորական է բնակիչների համար ու կովերի փափկամսերի մեջ էլ անգամ կարելի է փամփուշտի հետքեր տեսնել:

«Դա նույնիսկ երեխաների համար է սովորական դարձել. մեկ էլ կլսես թե՝ այ սենց վզզալով անցավ, կամ այ նենց անցավ»,- ձեռքի շարժումով ցույց է տալիս Մադաթյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ապրում է մարզի բնակչության կեսից ավելին, իսկ գյուղական բնակչության 72 տոկոսը:

Մադաթյանն ասում է, որ գյուղը Հայաստանի դարպասներից մեկն է: 

«Մեր գյուղը շատ պինդ  գյուղ է,- «Մեդիալաբին» ասում է նա,- չնայած աշխատատեղ չկա, բայց  գյուղացիները ձիգ են ու դիմանում են դժվարություններին»:

Մոտ 530 բնակիչ ունի սահմանապահ Բերքաբերը, դպրոցում սովորում են 35 աշակերտ, այս տարի էլ բացվել է մանկապարտեզը: 2013թ-ին գյուղում ծնվել է 6 երեխա: Բյուջեն 8 մլն 600 հազար դրամ է:

«Սահմանամերձ գոտի» կամ «սահմանամերձ բնակավայր» եզրերը նկարագրված են 2002թ.  ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրին կից փաստաթղթերում, որի համաձայն Տավուշի մարզում այս չափանիշներին համապատասխանող բնակավայրերի թիվն ամենամեծն է` 59-ից 42 գյուղ համարվում են սահմանամերձ: Սակայն բոլոր այս գյուղերից 16-ը դասավորված են անմիջականորեն սահմանի երկայնքով:

Այս գյուղերի բնակիչները հազվադեպ են շփվում «դրսի աշխարհի» հետ. հեռու և վատ ճանապարհների պատճառով քչերն են այցելում սահմանամերձ գյուղեր:

«Երբ գյուղ օտար մարդ է մտնում՝ նրանք զարմանում են,- ասում է «Սահման» ՀԿ նախագահ Ջորջ Տաբակյանը,- սակայն նրանք կարիք ունեն և ուզում են շփվել մարդկանց հետ»:

Այս ՀԿ-ն տեղական բիզնեսի զարգացմանը նպաստելու համար Բերքաբերի բնակիչներին օգնում է ջերմոցներ հիմնել և այսպիսով օրվա ապրուստը վաստակել: 2012-2013թթ. ընթացքում գյուղում արդեն 7 ընտանիք մոտ 100քմ. մակերեսով ջերմոց ունի, որտեղ պոմդիոր վարունգ է աճեցնում:

«Մենք օգնում ենք, որ ջերմոցը կառուցեն, առաջին բերքի սածիլներն ենք տալիս, թրեյնինգներ ենք անում, թե ինչպես հետևել ջերմոցներին և կիրառել կաթիլային համակարգը»,- ասում է Տաբակյանը:

Գրետա Հարությունյանի ընտանիքը «Սահման» ՀԿ-ի շահառուներից է:  7 շնչից բաղկացած ընտանիքի մայրը «Մեդիալաբի» լրագրողին ուղղորդում է դեպի այգի, որտեղ մրգի ծանրությունից ճկռած ծառներից ազատ մի փոքր տարածքում հպարտորեն կանգնած է ջերմոցը: Տիկին Գրետան խնամքով բացում է ջերմոցի ցելոֆանե դուռը՝ ջերմագին հայացքով շոյելով փխրած ու մշակված հողը:

«Մենք 25 տարի ա, որ մեր տանը լուսամուտ չենք ունեցել, բայց մեկ ա՝ էս գյուղին կպած ենք ու էստեղից գնացողը չենք»,- ասում է նա: Հետո առաջնորդում է տուն, ցույց տալիս փամփուշտի հետքերը տան ներքին պատերին:

Սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենամեծ խնդիրներից մեկը դիպուկահարների առկայությունն է, ինչպես նաև հողերի ականապատվածությունը, որի պատճառով հողերի միջինում 25 տոկոսը չի մշակվում:

Բերքաբերը խմելու ջրի խնդիր ունի: Սովետական շրջանում գյուղի խմելու ջուրը գալիս էր Աճարկուտից, որը գյուղից 16-17 կմ. հեռու է: Խողովակաշարը վաղուց դուրս է եկել շարքից, իսկ վերանորոգելու համար գումար չկա: Գյուղացիների խմելու ջրի միակ աբյուրն էլ  գյուղապետարանի կողքին գտնվող նվազ աղբյուրն է:

Գյուղապետն ասում է, որ իրենց նույնիսկ վարկ չեն տալիս:

«Մտածում են՝ կմեռնենք, չենք տա գումարը,- ասում է նա,- մենք նաև չենք հիվանդանում. գյուղի կանանցից մեկը, որ ինֆարկտ էր տարել՝ մինչև հասցրին Իջևան, ճանապարհին մահացավ»:

Սակայն ընդհանուր խնդիրներից բացի, յուրաքանչյուր գյուղ ունի իրեն հատուկ խնդիր, և Բերքաբերի մասնավոր խնդիրը, թերևս այն է, որ ջրի կողքին լինելով հանդերձ՝ ոռոգման խնդիր ունի. շփման գծի տակ լինելու պատճառով՝ Բերքաբերը չի կարողանում օգտվել Ջողազի ջրամբարից:

44 մլն. խմ տարողությամբ այս ջրամբարը կառուցվել է Իջևանի և Ղազախի շրջանների հողերի ոռոգման համար և շահագործման է հանձնվել 1980թ: Այն կառուցելու համար  1950թ. Իջևանի շրջանից Ադրբեջանի Ղազախի շրջանին է փոխանցվել 83 հա տարածք, որի դիմաց Հայաստանն Ադրբեջանից ստացել է տարածք Բարխուդարլու գյուղի մոտ` «Բենթոնիտ» գործարանին կից բանավան կառուցելու համար՝  այժմյան Ազատամուտ անհող գյուղը:

Տիկին Մադաթյանը սակայն, ասում է, որ, լճից, այդուհանդերձ, երկու կողմն էլ օգտվում են:

«Թաքուն իրենք էլ են օգտվում, մենք էլ,- ասում է նա,- մերոնք գիշերով՝ ահը սրտներում, ձուկ են որսում, իսկ իրենք նասոս են դրել ու ոռոգում են իրենց հողերը»:

Տիկին Մադաթյանն ասում է, որ հարևան ադրբեջանական գյուղի բնակիչները խաղաղություն են ուզում:

«Էդ կրակողները տեղաբնակներ չեն,- ասում է տիկին Մադաթյանը,- Ղազախից-բանից գալիս կրակում գնում են: Իրենք գիտեն, որ մենք էս կողմից  չենք կրակում: Իրենք որ վախենալու լինեին լճին այդքան մոտ տուն կկառուցեի՞ն: Էնտեղ հիմա երկու տուն է կառուցվում»:

Ջորջ Տաբակյանը, այդուհանդերձ, կարծում է, որ նախկին հարևանությունը վերականգնելու հարցը շատ բարդ է, քանի որ 20 և ավելի տարիներ մարդիկ միմյանց հետ կիսապատերազմական իրավիճակում են:

«Մենք էլ ենք խաղաղություն ուզում, որպեսզի գյուղը և մարդիկ կարողանան զարգանալ,- ասում է նա,- սակայն իրենց լրատվամիջոցներում այս գյուղի վերաբերյալ քանիցս նշվում և շեշտվում է, որ հայկական կողմից են կրակում, ընդ որում կրակում են ոչ թե դիրքերից, այլ Բերքաբերից՝ այսինքն գրում են, որ կրակում են գյուղացիները»:

Տիկին Մադաթյանը, այդուհանդերձ, նշում է, որ լճի երկու կողմերում ժամանակ առ ժամանակ նույնիսկ երկխոսություններ են լինում. «Մեր երեխեքին, որ ափում տեսնում են՝ հարցնում են, թե կարո՞ղ է այսինչի տղան ես, ուզում են իմանան, թե իրենց նախկին ծանոթի որդին է, թե՝ ոչ»:

Ըստ Ռազմինֆոյի կատարած ուսումնասիրության, հրադադարի խախտման և ականապատվածության պատճառով 2013թ. Հայկական զինուժը կորցրել է 7 զինծառայող:

Լուսանկարում` բերքաբերցի Ամալյա Մադաթյանը:

Աննա Մուրադյան

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am