«Եթե Հայաստանը չի ճանաչում Արցախը, միջազգային հանրությունն էլ չի ճանաչում, ուրեմն Ադրբեջանը մտածում է՝ ես կարող եմ այն վերցնել». Ստյոպա Սաֆարյան

Այս փուլում Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հարցի բարձրացումն ինքնանպատակ չէ։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Այս պահին ի՞նչ խնդիր կարող է լուծել դա։ Նախ առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի չճանաչվածությունը դառնում է Ադրբեջանի կողմից գայթակղության առարկա։ 

Եվ եթե Հայաստանը տեր չի կանգնում, Հայաստանը չի ճանաչում Արցախը, միջազգային հանրությունն էլ չի ճանաչում, ուրեմն Ադրբեջանը մտածում է՝ ես կարող եմ այն վերցնել»,- ասում է Սաֆարյանը։ 

Նրա խոսքով՝ չի կարելի ասել, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը իսպառ վերացնում է Ադրբեջանի գայթակղությունների հիմքը, բայց նաև դա ուղերձ է հղում, որ այդ տարածքի վերաբերյալ Ադրբեջանը չէ, որ պետք է հավակնություններ ունենա։

Նշենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների վերսկսմանը զուգահեռ Հայաստանում վերջին երկու օրերին քննարկվում է այն հարցը, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։

Ազգային ժողովում ռազմական դրություն հայտարարելու մասին նախաձեռնությունը ներկայացնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին անդրադարձել էր Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հարցին։

«Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում։ Այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»,- ասել էր վարչապետը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե հայկական կողմն ուղերձներ հղե՞լ է միջազգային հանրությանը՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցով, ասել է.

«Մենք գործ ունենք իրադրության հետ, երբ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ ագրեսիա Արցախի դեմ և, ըստ էության, դուրս է եկել խաղաղ գործընթացից։

Եվ զարմանալի չէ, որ այս փուլում հանրության շրջաններում շատ է խոսվում նաև Արցախի անկախության ճանաչման գործիքակազմը կիրառելու մասին։

Եվ այս առումով նշեմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման և համապարփակ անվտանգության երաշխավորման ուղղությամբ ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի հստակ ցուցակ, և այդ ցուցակը գործի է դրվում ըստ իրադրության զարգացման և ըստ քայլերի անհրաժեշտության»։

Նաղդալյանը նշել է, որ այդ հարցով հայկական կողմն աշխատում է բոլոր գործընկերների հետ՝ ապահովելու Արցախի ժողովրդի ու Արցախի անվտանգությունը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը, որը կարող է լուծել Արցախի ճանաչումը, ռազմաքաղաքական լիարժեք փոխգործակցությունն է և Հայաստանի կողմից անվտանգության երաշխավորի գործառույթի կատարումը։

«Հաջորդը՝ եթե Ադրբեջանի նախագահը նախկինում խոսքի մակարդակով էր փակում Արցախի կարգավիճակի հստակեցման հնարավորությունը, ապա այս պատերազմից բառացիորեն օրեր առաջ հստակ նշեց, որ չի էլ մասնակցելու բանակցություններին։

Այսինքն՝ Ալիևը բանակցությունների դուռը շրխկացնելով փակեց։ Իսկ եթե ինքն այդ դուռը փակել է, և դա անհետևանք է մնացել, ավելին՝ նա դրանից հետո համարձակվել է ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի դեմ, հետևաբար, Հայաստանը կարծես թե այդքան էլ անհանգստանալու բան չունի, Հայաստանն ինքը չի փակել այդ դուռը։ Հայաստանն ուղղակի իր համար ավարտած է համարում Արցախի կարգավիճակի հարցը, բայց դա չի նշանակում, որ Արցախի և Ադրբեջանի միջև չեն կարող բանակցություններ լինել։

Բայց, համենայնդեպս, Հայաստանն արդեն հասկացնում է, որ ինքը ճանաչում է Արցախի տեսակետը բանակցություններում, հարգում ու բավարարում է այդ դիրքորոշումը»,- նշում է Սաֆարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս ակտով թերևս նաև ամբողջանում է ղարաբաղյան խնդրի ոդիսականը, որը արատավոր շրջապտույտի է ենթարկվել։ Մեկ քննարկվել է ինքնավարության, մեկ՝ Ադրբեջանի հետ ընդհանուր պետության, մեկ՝ տարածքային փոխանակման տարբերակները և այլն։ «Այսինքն՝ այս առումով այդ արատավոր շղթան էլ կոտրվում է»,- հավելում է նա։

Ըստ Սաֆարյանի՝ Արցախի ճանաչման խնդիրը ոչ միայն վարչապետը բարձրաձայնեց, այլև այդ խնդիրն օբյեկտիվորեն է եկել օրակարգ, Հանրային խորհրդի արտահերթ նիստում ևս այսօր քննարկվել է դա։

«Մենք մի օպերատիվ խումբ ենք ձևավորել, որն զբաղվելու է այս պատերազմի հետ կապված օպերատիվ խնդիրներով։

Բայց այս պահին քննարկվում է Արցախի հարցով աշխատանքային խումբ ձևավորելու հարցը, որը կնախաձեռնի հանրային լսումների ինտենսիվ շարք՝ Արցախի ճանաչման և կարգավորման այլ խնդիրներով հանրության տրամադրությունները, հանրային շահը վեր հանելու, հանրության ներսում առկա կոնսենսուսը պարզելու առումով։ Այդ թվում նաև՝ ճանաչման հարցը քննարկելու խնդիրն է դրված»,- նշում է քաղաքագետը։

Սաֆարյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող ասել, թե այս լայնածավալ ռազմական գործողություններն ինչքան կարող են տևել։

«Եթե կոնֆլիկտը մնա երկու կողմերի տիրույթում, այդ դեպքում կարող է և երկար տևել։ Եթե այն հյուծող դառնա ոչ միայն կողմերի, այլ նաև տարածաշրջանի համար, իհարկե, այդ դեպքում երրորդ միջամտություն կլինի։ Եթե, Աստված մի արասցե, այն վերաճի ավելի լայնածավալ գործողությունների, ապա այդ դեպքում, չեմ կարծում, որ երկար տևի, բայց ավերածությունները հաստատապես սարսափելի կլինեն»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ, այնինչ հայկական կողմը բարձրաձայնում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մասնակցում է այս մարտերին, քաղաքագետը նշում է, որ դա շատ վատ է։

«Դա նշանակում է, որ կողմերը թողնված են բախտի քմահաճույքին, քանի դեռ նրանք չեն սպառնում բոլորի անդորրին»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am