Նոր օրենքը կփակի խոպանի ճամփան. «Մնացել ենք շվարած, չգիտենք ինչ անենք»

Նոր օրենքը կփակի խոպանի ճամփան. «Մնացել ենք շվարած, չգիտենք ինչ անենք»
Նոր օրենքը կփակի խոպանի ճամփան. «Մնացել ենք շվարած, չգիտենք ինչ անենք»

Գեղաշենցի Արուս Սիմոնյանը ամուսնու` Արշակ Սիմոնյանի հետ արդեն մեկ տարի է` մեկնել է Ռուսաստան աշխատելու` երեք երեխաներին թողնելով սկեսրոջ և սկեսրայրի խնամակալությանը: 

«Ամուսինս լավ ռեմոնտի գործ է անում, գնացի, որ ես էլ իրեն օգնեմ, չոր հացի հույսին չթողնեմ,- «Մեդիալաբին» պատմում է 42-ամյա Արուսը,-Նոր տարվան Մոսկվայից եկանք երեխեքին տեսնելու, հիմա չենք կարողանում հետ վերադառնալ. տոմս առնելուց պարզվեց` մեր մուտքը Ռուսաստան երկու տարով արգելված է: Ու հիմա մնացել ենք շվարած, թե ինչ անենք»:

Հունվարի 1-ից  ուժի մեջ մտած «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների հիմնական մասը` գրեթե 73,1 տոկոսը, նախընտրում է Ռուսաստանը: Մեկնողների գրեթե 90 տոկոսը գնում է աշխատելու նպատակով:

«Հազիվ, ծերը ծերին հասցնելով գոյատևում էինք, տղես ամեն ամիս փող էր  ուղարկում, մենք ստեղ խնայելով, ինքը էնտեղ` մենակ օտար չոլերում, յոլա էինք գնում, – ասում է 62-ամյա Վարդուհի Խաչատրյանը, ում որդին արդեն տասը տարուց ավելի աշխատում է Մոսկվայում,- բա հիմա ինչ ենք անելու, յոթ հոգանոց ընտանիքը ոնց ա ստեղ պահելու»:

Հայաստանում, ուր գործազրկությունը լուրջ խնդիր է, պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, արտագնա աշխատանքը եւ դրսից եկող տրանսֆերտները հազարավոր ընտանիքների գոյատեւման հիմնական աղբյուր են:

Միայն անցյալ տարի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել  942  մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների,  տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:

Սա նշանակում է, որ որպես աշխատաշուկա, ՌԴ-ն շարունակում  է մնալ ամենագրավիչը հայերի համար, ովքեր վաստակում են հիմնականում շինարարության, սպասարկման ոլորտներում: 

Ըստ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need) Միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի, Հայաստանից ՌԴ են մեկնում առաջինը վիզային ռեժիմի բացակայության եւ լեզվի իմացության, ծանոթ-բարեկամ ունենալու պատճառով:

2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն` Ռուսաստանում 1 միլիոն 180 հազար ազգությամբ հայ քաղաքացի կա, իսկ ընդհանուր առմամբ`2.250.000 հայ:

Սակայն, օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, արդեն իսկ շատերի համար սկսվել են դժվարին ժամանակներ:

«Դեպքեր կան, երբ  մարդիկ տոմսը գնել են, հասել են օդանավակայան, սակայն հանդիպել են արգելքի: Ասել են` դուք սև ցուցակում եք, չգիտենք ինչու և ինչքան ժամանակով, բայց դուք չեք կարող անցնել սահմանը,- «Մեդիալաբին» ասում է Բեժանյանը,- եթե անգամ մուծված են  բոլոր տուգանքները, միևնույնն է, հաշվարկվում են բոլոր վարչական խախտումները, դրա համար սահմանված ժամանակով արգելվում է մարդու մուտքը ՌԴ»:

Օրենքի համաձայն, ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր` յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Սա նշանակում է, որ փաստացի, հազարավոր ընտանիքներ հայտնվել են  դժվարին կացության մեջ:

«Յուրաքանչյուր երկիր իրավասու է սահմանել իր օրենքներն ու ռեժիմը,- «Մեդիալաբին» ասում է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը,-և օտարերկրյա քաղաքացիները պետք է հարգեն ու պահպանեն դրանք»:  

Մոսկվայում շինարարական ոլորտում աշխատող Ռաֆիկ Սիմոնյանը ասում է, որ այդպես էլ անելու է:

«Ծանոթներիս տխուր փորձը տեսնելով` որոշեցի ռիսկի չդիմել,- «Մեդիալաբին» ասում է 51-ամյա շինարարը,- ու մնալս երկարացնելու համար որոշեցի աշխատանքային թույլտվության քարտ ձևակերպել, գոնե ձեռքիս եղած գործերն ավարտեմ ու տուն գամ վերջնական, որովհետև նոր օրենքից հետո էլ ոչ մեկին ձեռք չի տա այստեղ աշխատելը»:

Սովորաբար Հայաստանից արտագնա աշխատանքի մարդիկ մեկնում են գարնանը և վերադառնում միայն ուշ աշնանը (բացառությամբ ամեն երեք ամիսը մեկ սահմանը հատելու պարտադրված պայմանը, երբ հայերից շատերը պարզապես նախընտրում են գնացքով մեկնել Ուկրաինա, քան ինքնաթիռով վերադառնալ Հայաստան):

Օրենքի կիրարկման պարագայում միգրանտները չեն կարողանալու օգտվել իրենց մշտական աշխատանքից, որովհետև կարճ ժամանակով են այնտեղ գտնվելու:

«Էլ ո՞ւմ ձեռ կտա երեք ամսով գնա խոպան, ոչ մեկի, այդ երեք ամսում սկի քո տոմսի ու ուտելիքի փողը չես աշխատի, ուր մնաց տուն ուղարկես»,- ասում է  35-ամյա Արթուր Կարապետյանը:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ ուժի մեջ մտած օրենքի սահմանափակումներով խոպանի ճանապարհը շատերի համար կփակվի:

«Բողոքողների թիվը երկրում անհամեմատ կավելանա, ինչի մասին իշխանությունները պիտի մտածեն եւ հետեւություններ անեն»,-«Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշում է, որ ոչ միայն տրամադրությունները կփոխվեն, այլեւ, օրենքի շնորհիվ անհամեմատ կկրճատվեն Ռուսաստանից Հայաստան ուղղվող ֆինանսական հոսքերը, տրանսֆերտների չափերը:  

«Իսկ այս ամենն անմիջական ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- «Մեդիալաբին» ասում է Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ երկրում իրավիճակը էլ ավելի կլարվի ու կվատանա:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան  Արթուր Սաքունցը վստահ է, որ օրենքը իր հետ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կբերի, երբ Ռուսաստանում երկար մնալու իրավունքի համար շատերը կփորձեն օգատգործել բոլոր հնարավորությունները: Նա նաեւ նշում է, որ օրենքով Ռուսաստանը փորձելու է ճնշել նախկին խորհրդային միության այն երկրներին, որոնցից ՌԴ միգրացիոն հոսքը մեծ է:

«Իսկ նպատակն է ստիպելու այդ երկրներին անդամագրվելու մաքսային միությանը, որովհետև այդ արգելքները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ այդ երկրները անդամագրվեն և դառնան միասնական մաքսային միության տարածք»,- մեկնաբանում է Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի, ամենահավանականը հերթական «ստրկական պայմանագրերը» հայցելու խնդրով Ռուսաստանի դուռը թակելու տարբերակն է` հայ աշխատավորների համար բացառություն կորզելու համար, ինչը օրեր առաջ հաստատեց նաեւ ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը:

«Դա մի ընթացակարգ է, որն ընդունված է Ռուսաստանի կողմից, պետք է հարգել, բոլոր երկներն իրավունք ունեն ընդունելու իրենց ընթացակարգերը,-ասել է նա:- Բայց չեմ բացառում, որ հետագա բանակցությունների ընթացքում, նկատի ունենալով մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, հնարավոր կլինի ինչ-որ գործընթացներ լինեն»:

Սակայն, տնտեսագետ, ընդդիմադիր Վահագն Խաչատրյանը թերահավատ է, թե ինչ որ հարցեր կլուծվեն:

«Եթե մինչ այդ մարդիկ կապված էին Հայաստանի հետ, հիմա ընտանիքներով կարտագաղթեն և քաղաքացիություն ստանալու հարց կլուծեն ու Հայաստանը վերջնականապես կդատարկվի»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Անի Եղիազարյան

© Medialab.am