«Ռուսաստանը ոչ թե պետք է մեզ նոր առաջարկներ անի, այլ իր պարտականությունները կատարի». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

– Արդեն քանի օր որոշ շրջանակների կողմից անընդհատ շրջանառվում է ռուս խաղաղապահներ Արցախում տեղակայելու թեման: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը սրա վերաբերյալ, և ինչո՞ւ են փորձում ասպարեզ բերել տեղեկատվությունը, թե իբր ՀՀ իշխանությունը գնում է այդ ճանապարհով: 

– Նախ՝ ուզում եմ ասել, որ ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ: Մենք պետք է հասկանանք, որ այդ տեղեկատվական պատերազմը ոչ պակաս կարևոր է մարտի դաշտում մղվող պատերազմից:

Մարտի դաշտը մեր զինվորները, մեր բանակը փայլուն պահում են, բայց ոչ պակաս կարևոր է բառիս բուն իմաստով պատերազմը տեղեկատվական դաշտում:

Այդ տեղեկատվական պատերազմները վարում են տարբեր երկրներ, նույնիսկ տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ հայաստանյան: Հիմա շատ կարևոր է, որ այն միասնությունը, որ ձևավորվեց հենց առաջին օրվանից, չթուլանա: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ տեղեկատվական պատերազմ է գնում, և այդտեղ լուրջ վտանգներ կան: 

Տեղեկատվական պատերազմի տարրերից մեկը հենց խաղաղապահ ուժերի տեղակայման այդ գաղափարն է: Դա բերում է նրան, որ իրոք ներքին հայկական ուժերի մեջ սկսվում են ինչ-որ անհամաձայնություններ:

Պետք է դա դադարեցնել, քանի որ դա արհեստական, արհեստածին օրակարգ է: Տեսեք, թե Նիկոլ Փաշինյանը երեկ ինչ նրբորեն դրա մասին ասաց. ասաց՝ եթե Ռուսաստանն ինչ-որ այդպիսի ցանկություններ ունի, հարց չկա, Մինսկի խմբի շրջանակներում կարելի է քննարկել: Սա շատ կարևոր քայլ էր վարչապետի կողմից:

Մի կողմից նա չի ուզում նեղացնել Ռուսաստանին, որը տարբեր ձևերով ցույց է տալիս, որ կուզենար իր խաղաղապահներին մտցնել, մյուս կողմից ասում է՝ էս հարցը միայն մեր լուծելիք հարցը չէ, պետք է քննարկվի Մինսկի խմբում:

Իսկ Մինսկի խմբում, ես համոզված եմ՝ այլ առաջարկներ կլինեն, և Ադրբեջանն էլ միանշանակ դեմ կլինի: Սրանով դու այդ վտանգը, կոպիտ ասած, տեղափոխում ես Մինսկի խմբի դաշտ: 

Ես տեղին չեմ համարում այս թեմայով վեճերն ու քննարկումները շարունակել Հայաստանի ներսում, թե արդյոք պե՞տք են մեզ այդ խաղաղապահ ուժերը, թե՞ ոչ:

Այդ հարցն այսօր ընդհանրապես ակտուալ չի: Այսօր մեզ պետք է պաշտպանել Արցախն ու հայությանը ագրեսիայից:

Եվ երկրորդ՝ մեզ այսօր պետք է ոչ թե նոր առաջարկներ անել, այլ պետք է Ռուսաստանն իր պարտականությունները կատարի: Ռուսաստանի հետ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք: Իր պարտականությունն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ ռմբակոծվում են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը՝ Վարդենիսը, Սոթքը և այլն, ուրեմն իրենք պետք է ասեն իրենց կարծիքը, գոնե քաղաքական աջակցություն տան, այլ ոչ թե քննարկումը տեղափոխեն այլ դաշտ: Ամփոփեմ՝ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը չպետք է տրվեն այդ թեմայով քննարկումներին, չպետք է սկսեն ասել՝ ճիշտ է, սխալ է, դա արհեստածին հարց է: 

– Այսօր ՀՀ քաղաքական օրակարգում են Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու, ինչպես նաև Արցախի ճանաչման հարցերը: Դուք ո՞ր տարբերակն եք ավելի արդյունավետ համարում այս իրավիճակում:

– Այստեղ տարբերակներ կան, թող քննարկեն, մտածեն: Այստեղ էլ կան տարաձայնություններ. կան ուժեր, որ ասում են՝ վտանգավոր է անկախությունը ճանաչելը, անգամ դա որակում են որպես դավաճանություն:

Կան մարդիկ, որ ասում են՝ այո, եկեք Արցախի անկախությունը ճանաչենք, բայց այդտեղ վտանգներ կան, քանի որ եթե անկախությունը ճանաչես, չես կարող ամբողջությամբ ճանաչել, պետք է ԼՂԻՄ-ի սահմաններով ճանաչես, չես կարող ներառել Արցախի շուրջը գտնվող ազատագրված տարածքները, հակառակ դեպքում խոցելի կլինես: Այո, այստեղ քննարկումները տեղին են, քանի որ այս հարցն արհեստածին չէ:

Չի բացառվում, որ զարգացումներն այն ուղղությամբ գնան, որ մենք ստիպված լինենք ճանաչել Արցախի անկախությունը, բայց ես համարում եմ, որ այստեղ պետք է լուրջ քննարկում լինի, ոչ թե բախում քաղաքական ուժերի միջև:

Ի վերջո, մենք կարող ենք ճանաչել Արցախի անկախությունը և հենց հաջորդ օրը սկսենք Հայաստանի հետ վերամիավորման գործընթաց: Ուրեմն միշտ կարելի է կոնսենսուսային որոշում ընդունել, որը բոլոր ուժերին կբավարարի:

Այստեղ արհեստածին խնդիր չկա: Եթե մի քանի օրից մեր զորքերը լրջագույնս առաջընթաց ունենան, Ադրբեջանի բանակը նորից սկսի քանդվել, իսկ ես դրանում վստահ եմ, այդ պահին պետք է պատրաստ լինենք նրան, թե ինչ ենք անելու՝ ճանաչելու ենք Արցախը կամ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր ենք կնքում:

Քանի որ ռազմական ու քաղաքական համագործակցությունը դե ֆակտո կա, ի՞նչ իմաստ ունի մի հատ էլ դա փաստաթղթով կնքել: Այստեղ ավելի ակտուալ է կամ Արցախի ճանաչումը, կամ միավորումը Հայաստանին:

Ուղղակի ես բոլոր ուժերին կոչ կանեմ այդ քննարկումները չվերածել բախման, քանի որ թշնամին շարունակում է պատերազմել, պատերազմը չի ավարտվել, բոլոր ուժերը պետք է կենտրոնացված լինեն հայրենիքի պաշտպանությանը, բոլոր քաղաքական ուժերի քայլերը պետք է միտված լինեն դրան:

Մանե Հարությունյան

MediaLab.am