ՍԴ որոշումը նպաստելու է սոցիալական ապահովության համակարգի զարգացմանը. Հրայր Թովմասյան

ՍԴ որոշումը նպաստելու է սոցիալական ապահովության համակարգի զարգացմանը. Հրայր Թովմասյան
ՍԴ որոշումը նպաստելու է սոցիալական ապահովության համակարգի զարգացմանը. Հրայր Թովմասյան

«Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, իրականում, ըստ նախարարի, այս որոշումը կարող է որպես նմուշ-օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլև մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար:

Հ.Թովմասյանի դիտարկմամբ` որոշումն իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ պատճառաբանական մասում ներկայացված իրավական գնահատականներն և վերլուծությունները կառավարության համար հանդիսանալու են ուղղորդող քաղաքականություն:

«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը գտնվում է որակական նոր փուլում»,-նշել է նախարարը:

Նշվել է նաև, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և կառավարությունը հնարավորություն ունի մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանի կայացարած որոշումն մինչեւ հիմա բուռն քննարկումների եւ քննադատությունների է ենթարկվում: Եթե երեկ շատերը տոնում էին` խոսելով քաղաքացիական հասարակության հաղթանակի մասին, ապա ավելի ուշ պարզ դարձավ, որ որոշումը բավականին անորոշ է, ինչը հնարավորություն տվեց իշխանություններին մանեւրել:

Տեղեկացնենք, որ տարեսկզբից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր էին  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, տարիներ անց որպես կենսաթոշակ ստանալու ակնկալիքով, ամիսներ շարունակ բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել: 

Անցյալ տարվա վերջում վիճահարույց օրենքի հարցով Սահմանադարական դատարան դիմեցին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք եւս միացել էին «Դեմ եմ»-ի նախաձեռնած պայքարին: 

© Medialab.am