Ոչ միայն կաշառք տվողը, այլ նաև վերցնողը քրեական պատասխանատվության կենթարկվի․ Տիգրանյանը՝ ընտրություններին գործող փոփոխությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը

 – Տիկի՛ն Տիգրանյան, ձեր խմբակցության նախաձեռնությամբ մշակվեցին և Ազգային ժողովի կողմից ընդունվեցին փոփոխություններ՝ և՛ ՀՀ Ընտրական օրենսգրքում, և՛ Քրեական օրենսգրքում, որոնք, ինչպես նշում են ձեր թիմակիցները, նպաստելու են արդար ու մրցակցային ընտրությունների։ Կխնդրեմ՝ նշեք այն փոփոխությունները, որոնք գործելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

– Այդ փոփոխությունների ընդունումը եղավ երեք փուլով։ Մինչև ձեր հարցին անդրադառնալը՝ ցանկանում եմ նշել, որ վերջին փուլով ընդունված փոփոխությունների փաթեթը, որը մենք պայմանականորեն անվանում ենք մեծ փաթեթ, չի կիրառվի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների ժամանակ, որովհետև այս փաթեթի կարգավորումներն այնպիսին են, որ իրատեսական չէր այս ընտրությունների ժամանակ կիրառել։

Մեծ փաթեթի փոփոխությունների մի մասը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից, մյուս մասը՝ 2023 թվականի հունվարի 1-ից։ Կան կարգավորումներ, որոնք ավելի շուտ են ուժի մեջ մտնելու, օրինակ՝ արտակարգ դրության և ռազմական դրության ժամանակ երկրում ընտրությունների անցկացման վերաբերյալ կարգավորումները։

Հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կկիրառվեն առաջին ու երկրորդ փուլով ընդունված փոփոխությունների փաթեթները։

Որոնցից առաջինը վերաբերում է ընտրական խախտումների համար և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվությունը խստացնելուն։

Մասնավորապես՝ վարչական կամ քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք կխոչընդոտեն ընտրողների կամքի ազատ արտահայտումը, մարդկանց ստիպողաբար, աշխատանքից զրկելու և այլ միջոցներով կստիպեն գնալ հանրահավաքների, տեղամասերում, այսպես կոչված, ուղղորդողները կամ ընտրությունը վերահսկողները, որոնք կհրահրեն ինչ-ինչ միջադեպեր, ընտրակաշառք բաժանողը և վերցնողը, բայց, եթե վերջինս երեք օրվա ընթացքում փոշմանի և իրավապահ մարմիններին տեղեկացնի այդ մասին, կազատվի քրեական պատասխանատվությունից և պատասխանատվության կենթարկվի միայն կաշառք կամ խոստում տվողը, նախընտրական հավաքների անցկացմանն ու կազմակերպմանը խոչընդոտող անձինք, պաշտոնի հավակնող անձը, որը կթաքցնի իր երկքաղաքացի լինելու հանգամանքը։

Եվ վերջապես՝ կարևորագույն փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու բաց համամասնականի անցնելն էր։ Այս փոփոխություններն են, որ գործելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ 

– Իսկ Ազգային ժողով անցնելու ընտրական շեմի հաղթահարման, ընտրագրավի գումարի չափի փոփոխություն չի՞ լինելու այս արտահերթի ժամանակ։

– Ընտրական գրավին, անցումային շեմին վերաբերող փոփոխություններն արդեն ուժի մեջ կմտնեն 2022 թվականին։ Հունիսի 20-ի ընտրություններն անցնելու են նախկինում գործած կարգավորումներով՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, իսկ դաշինքներինը՝ 7 տոկոս։

Այս ընտրություններում չեն գործի նաև ընտրագրավի իջեցված շեմերը, որը հաջորդ ընտրությունների ժամանակ արդեն կլինի 7,5 մլն՝ այժմ գործող 10 միլիոնի փոխարեն։Կոալիցիաներ ձևավորելու թվի և ժամկետների կարգավորումները ևս չեն տարածվելու այս արտահերթի վրա։ 

– Տիկի՛ն Տիգրանյան, այս պարագայում, երբ ընտրությունները անցնելու են կիսով չափ արված կարգավորումներով, և, կարելի է ասել, կարևորագույն փոփոխությունները չեն գործելու, ինչպիսի՞ արդյունք ակնկալել հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից։

– Շնորհիվ բաց համամասնական ընտրակարգի՝ այս ընտրությունները հիմնված կլինեն քաղաքական ուժերի գաղափարական պայքարի, ոչ թե անձերի միջև պայքարի վրա։

Սա նաև կբացառի միևնույն թիմում թիմակիցների միջև պայքարը, հիմա ամբողջ թիմը կպայքարի իր թիմի համար։ Այսինքն՝ մենք գնում ենք գաղափարական ու ծրագրային ընտրությունների, ոչ թե անձերի։

– Այս փոփոխությա՞մբ է պայմանավորված, որ ընտրատեղամասերում քաղաքացիները քվեաթերթիկի վրա գրիչով նշում անելու կարիք չեն ունենա։

– Այո՛, շատ ճիշտ եք նկատում։ Այս առումով՝ ընտրությունները քաղաքացիների համար են շատ ավելի դյուրին լինելու, որովհետև չեն լինելու մի քանի թերթիկներ, գրիչով նշում անելու կարիք, գրիչի մանիպուլյացիաները, այդ պատրվակով քվեախցիկում երկու հոգու ներկայությունը, որ ընտրողը տեսողության խնդիր ունի, պետք է ինչ-որ մեկն օգնի։

Միայն պետք է վերցնել այն քաղաքական ուժի քվեաթերթիկը, որին նախընտրում ես, և գցել քվեատուփի մեջ։ Սա նաև կնպաստի ընտրության արդյունքների ավելի արագ հաշվարկին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am