Իշխանությունը վստահ է՝ արտահերթ ընտրությունները լինելու են արդար ու մրցակցային, ընդդիմությունը չի կիսում այդ վստահությունը

ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով  իշխանությունները նպատակ ունեն ազատ, արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ անցկացնելու։ Այս մասին «Մեդիալաբին» ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փոփոխությունները հեղինակած Վահագն Հովակիմյանը։ Սակայն, ընդդիմությունը չի կիսում իշխանության լավատեսությունը։

Հիշեցենենք, որ ապրիլի 28-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այսուհետ քրեորեն պատժելի արարք  են դառնում ընտրական իրավունքի իրացումը, քարոզարշավի անցկացումը խոչընդոտելը, մարդկանց ստիպողաբար հավաքների մասնակից դարձնելը և այլն։ Կատարված փոփոխությունների մեջ Հովակիմյանն առանձնացնում է ամենակարևորը՝ ընտրակաշառք բաժանելու երևույթը քրեորեն պատժելի դարձնելը, ընդգծում՝ հանցագործության դեմ պայքարում են օրենքով։

«Ընտրակաշառք բաժանելու դրույթի ներկայիս կարգավորումն այնպիսին էր, որ կոնկրետ անձերի՝ թեկնածուի, վստահված անձի, լիազոր ներկայացուցչի և այլոց նկատմամբ էր սահմանում պատասխանատվություն։ Այս փոփոխությամբ ցանկացած ոք, ով ընտրությունների նշանակումից հետո կփորձի կաշառք բաժանել, կենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասում է Հովակիմյանը՝ վստահություն հայտնելով, որ այս փոփոխությունները նպաստելու են առաջիկա ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային լինելուն։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, սակայն, իշխանական մեծամասնության վստահությունը չի կիսում, քանի որ կարծում է, որ ամեն բան կախված է եղածը կիրառել կարողանալուց, իսկ արդեն եղած կարգավորումներն էլ, ըստ պատգամավորի, նորմալ կիրառելու դեպքում բավարար էին թափանցիկ ընտրություններ ունենալու համար։

«Ընդհանրապես, դժվար է մեկնաբանել մի բան, որը հեռու է տրամաբանությունից, իսկ իշխանության քայլերն այդպիսիք են։ Շուտով Քրեական հիմնական օրենսգրքի ամբողջ փաթեթի փոփոխությունները կբերվեն ԱԺ, ի՞նչ իմաստ ունի օրենսգրքի առանձին հոդված փոխելը, եթե ամբողջ փաթեթն ենք փոխելու»,- հռետորական հարցադրում արեց Սիմոնյանը՝ հավելելով, որ  իշխանական ներկայացուցիչների գործողություններում ինքը որևէ տրամաբանություն չի տեսնում և չի կարող նմանատիպ քայլերն արդյունավետ համարել։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկումներին ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասում է, որ իրենց գործընկերները վերջին ամիսներին հրաժարվում են քննարկումներին մասնակցելուց, սակայն առիթը բաց չեն թողնում քննադատելու և որակումներ տալու: 

«Տրամաբանության մասով՝ կրկնում եմ, արվում են փոփոխություններ, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ: Եթե որևէ մեկն այս ձևակերպման մեջ տրամաբանություն չի տեսնում, տվյալ անձի խնդիրն է, մենք չենք կարող անընդհատ բացատրել, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուս»,- ասում է Վահագն Հովակիմյանը։

Պատգամավորը չի ընդունում նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբում ընդգրկված որոշ անձանց քննադատությունները ընդունված փոփոխությունների վերաբերյալ՝ շեշտելով, թե այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենց առաջարկած փոփոխությունները բազմաթիվ խնդիրներ են պարունակում, և որ դրանք չէին կիրառվելու այս ընտրությունների ժամանակ։ 

«Աշխատանքային խմբի որոշ անդամների վարքն ու մեկնաբանությունները տեսնելով ուզում եմ ասել, որ նույնիսկ իրենց գործընկերներն են ուղղակի ապշած, ու ստացվում է, որ մենք սխալ ենք վարվել՝ այդ մարդկանց ներգրավելով աշխատանքային խմբում: Իրենց օրենսդրի լիազորություն են վերապահել և համարում են, որ իրենց կարծիքը միակ և վերջին ճշմարտությունն է»,- նշում է Վահագն Հովակիմյանը։

Հարցի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Պատգամավոր Նորա Առուստամյանը, որը նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ասաց, որ չի կարող որևէ բան ասել, քանի որ մանրամասնորեն չի տիրապետում թեմային՝ հանձնաժողովի վերջին երկու նիստերին չի հասցրել մասնակցել՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, երեկվա նիստին էլ խմբակցությունով գրանցվել են, բայց չեն մասնակցել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am