«Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը մինչ օրս լուրջ օրակարգ չի ձեւակերպել». վերլուծաբաններ

«Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը մինչ օրս լուրջ օրակարգ չի ձեւակերպել». վերլուծաբաններ
«Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը մինչ օրս լուրջ օրակարգ չի ձեւակերպել». վերլուծաբաններ

Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը ռազմավարական նպատակ չունի: Անցնող քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ձեւակերպել, թե ինչ  ակնկալիքներ պետք է ունենալ Թուրքիայից: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Եթե անգամ  մենք ամենաուժեղ երկիրը լինենք, Ցեղասպանության ճանաչումն ինքնապատակ չէ, մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անկալում այդ նպատակով եւ դա պետք է ներկայացնենք աշխարհին ու Թուրքիային:Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, պետք է վաղուց դներ խնդիր՝ ճանաչման ճանապարհով բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Ըստ քաղաքագետի, եթե Հայաստանի կողմից այդպիսի դիրքրոշում լինի, ամբողջ աշխարհում այն կներկայացվի որպես կարեւր հարց, բայց Հայաստանն ինքը կողմնորոշված չէ՝ Սփյուռքը հատուցում է ուզում, Հայաստանում անրոշ պատկերացումներ կան դրա մասին, իսկ  հասարակության մեծ մասին հարցն  ընդհանրապես հետաքրքիր չէ:

«Ոչ մի  լուրջ օրակարգ չի ձեւակերպվել այդ հարցի շուրջ, ընդամենը ցեխավիկական մակարդակի պրիմիտիվ պատկերացումներ են»,-ասում է Երվանդ Բոզոյանը: Ըստ քաղաքագետի, Հայաստանի ՝ Մաքսային Միություն գնալը նույնպես բացասաբար է ազդում  գործընթացի վրա, քանի որ Հայաստանը միջազգային հարաբերություններում սուբյեկտի փոխարեն դարձել է օբյեկտ, որին լուրջ  չեն վերաբերվում:

Այսօր`ապրիլի 24-ին,  Հայաստանն ու Սփյուռքը Ցեղասպանության  հերթական տարելիցն են հիշում. 99-ամյակը:  Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: 2008-ին սկիզբ առած ֆուտբոլային դիվանագիտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացն արդյունք չտվեցին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված զույգ արձանագրություններն առկախված են:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով Հայաստանը պետք է ժամ առաջ ձերբազատվի այդ արձանագրություններից, որոնք Թուրքիան օգտագործում է աշխարհին ցույց տալու համար, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ինչ-որ հարաբերություններ կան, այն դեպքում, երբ դրանք բացակայում են:

Կիրո Մանոյանի խոսքով, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում լուրջ հաջողություններ են արձանագրվել , այժմ պետք է տարբեր ատյաններում  սկսել հատուցման եւ իրավունքների հարցեր բարձրաձայնել: 

«Քաղաքական դաշտում էլ պետք է այդ հարցերը բարձրացնել, օրինակ ԱՄՆ Կոնգրեսի  ներկայացուցիչների պալատում արդեն որդեգրված բանաձեւ կա եկեղեցիների վերադարձի մասին:  Պետք է հավելյալ աշխատանք տանել այդ ուղղությամբ»,-«Մեդիալաբին» ասում է Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոանը չի կարծում, որ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հայկական հարցի ուղղությամբ տարվող աշխատանքներում :

Ըստ նրա, հնարավոր է որոշ եվրոպական երկրներ`մասնավորապես հակառուսական տրամադրություններ ունեցող Արեւելյան Եվրոպայի երկրներն այս հարցը  որպես պատրվակ օգտագործեն, բայց թե Միացյալ Նահանգները, թե եվրոպական մեծ պետությունները հասկանում են, որ  Հայկական հարցում իրենք պատասխանատվություն ունեն եւ կարող են ազդեցություն ունենալ:

Հայոց Ցեղասպանության հետ կապված հարցերն առաջ են անում տարբեր երկրներում գործող հայկական համայնքները եւ այդ ջանեքերն են, որ մեծ դեր են խաղում տարբեր պետությունների խորհրդարաններում  Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերի ընդունման գործում: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ պետությունն այսօր բավարար մակարդակով չի աջակցում այդ գործընթացներին:

Նրա խոսքով, այդ աջակցությունը կարող է լինել ամենատարբեր ձեւերով ՝ սկսած հայտարարություններից ու դիվանագետների կողմից հարցերի  բարձացումից, միչեւ նյութերի տրամադրում ու  տարածում:

«Երբ ես հանդիպում եմ տարբեր սփյուռքահայ կազմակերպությունների հետ, նրանք ասում են, որ իրենց անհրաժեշտ են գրքեր, տարբեր տեսակի նյութեր նաեւ օտար լեզուներով, ինչը նրանք Հայաստանի չեն ստանում եւ պետք է հրատարակեն իրենց միջոցներով: Դա  նրանց համար շատ  դժվար է »,-«Մեդիալաբին» ասում է  Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ մեր դիվանագետները այս առումով դեռ շատ անելիք ունեն:

Էմմա Քալաշյան

© Medialab.am