«Պահանջն այն է, որ կաշառակերությունը, սուտը, ժողովրդին արհամարհելը վերանան: Մարդիկ կարծում են՝ դրա լավագույն լուծումը կտա մեր Նիկոլը». Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

– Պարո՛ն Ծատուրյան, ՀՀԿ-ն փաստորեն չի ուզում զիջել իշխանությունը ժողովրդին, ինչո՞ւ:

– Այդպես հե՞շտ է իշխանությունը հանձնել: Նրանք էլ կառչում են, բնական է: Պայքարը շարունակվում է, բնական գործընթաց է, ՀՀԿ-ն կառչում է իշխանությունից, դա էլ է բնական: Բոլոր պրոցեսները բնականոն ընթանում են:

– Տարիներ շարունակ տեսակետ կար, որ մարդիկ Հայաստանում դուրս չեն գա փողոց, բայց այսօր տեսնում ենք ի՛նչ է կատարվում: Ի՞նչը փոխվեց:

– Մարդկանց համբերության բաժակը լցվեց: Հետո՝ այս ամենին նպաստում են ինտերնետը, նոր տեխնոլոգիաները: Նախկինում չկային ինտերնետ, կապի այլ միջոցներ: Եվ հիմա նկատում ենք, որ ամբողջ աշխարհում է սա տեղի ունենում, միայն Հայաստանում չէ: Երկրներում փոփոխություններ են լինում, անընդհատ կատակլիզմներ են տեղի ունենում:

– Իսկ Հայաստանում ի՞նչ է կատարվում, ո՞րն է Հայաստանի բնակչության պահանջը:

– Պահանջն այն է, որ այսօրվա կաշառակերությունը, սուտը, ժողովրդին արհամարհելը վերանան: Մարդիկ կարծում են՝ դրա լավագույն լուծումը կտա մեր Նիկոլը:

– Իշխանությունների կողմից զիջման միտումներ այս օրերին կարծես չեն նկատվում, նրանք կոչ են անում բավարարվել Սերժ Սարգսյանի հրաժարականով: Ի՞նչ եք կարծում՝ զիջում կլինի՞:

– Կլինի զիջում, որովհետև սա չի հանգստանա: Եվ հետո՝ ժողովուրդը մեծ ուժ է, եթե ոտքի կանգնեց, էլ նրա դեմը չես առնի: Եթե այս անգամ էլ ժողովուրդը հուսախաբ լինի, մենք պարզապես կկորցնենք Հայաստանը, որովհետև արտագաղթն այնպիսի հսկայական թափ կառնի, որ սարսափելի կլինի:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանություններն ուժի կիրառմամբ լուծեն այս ճգնաժամը:

– Երևի ուժ չեն կարող կիրառել, որովհետև նման մասշտաբի բողոքի դեպքում ուժ մի քիչ դժվար է կիրառել: Բացի այդ, ժողովրդի մեջ մեծ պոտենցիալ կա՝ հասնելու իր նպատակին: Շատ բարդ է իշխանությունների համար, հենց իրենց համար վատ կլինի, եթե ուժի դիմեն:

– Երբ վերլուծում եք, ինչ եք նկատում՝ ինչպե՞ս այս զանգվածային շարժումը ծավալվեց:

– Մենք հիմա ունենք բավական ուժեղ լիդեր, կազմակերպիչ: Նիկոլ Փաշինյանը կարողանում է ճիշտ կառուցել ամեն ինչը, անընդհատ կոչ է անում հանգիստ լինել, ասելով՝ սա թավշյա հեղափոխություն է: Այս ամբողջ շարժման ընթացքում ես ամենաշատը հուզվեցի այն ժամանակ, երբ երիտասարդները լվանում ու մաքրում էին Հանրապետության հրապարակը: Դա նշանակում է, որ մարդկանց մեջ իսկապես արթնացել են սերը, հոգատարությունը, քաղաքակրթությունը: Դա շատ կարևոր բան էր: Եվ ահավոր չեմ սիրում մարդկանց այն շերտը, որը բռի է, կոտրում էին լուսացույցները, շպրտում ճանապարհների վրա, նստարաններն էին կոտրում: Այդ բեսպրեդելը անթույլատրելի է: Այսինքն՝ այս շարժման մեջ և՛ լավը կա, և՛ վատը, բայց կարևոր է, որ ժողովուրդը լինի շատ կիրթ:

– Մարդկանց դեմքին ժպիտը, խաղաղությունն ու համբերատարությունը որտեղի՞ց հայտնվեցին: Մինչ այդ կարծես ագրեսիան էր գերիշխում մարդկանց մոտ: Ի՞նչ է կատարվել:

– Լիդերը ճիշտ ու լավ լիդեր է, և ժողովուրդը պարզապես նրան շատ հավատաց: Իսկ երբ հավատը գալիս է, և մարդը զգում է, որ կհասնի իր նպատակին, դա իր հետ բերում է և՛ ժպիտ, և՛ սեր, և՛ համերաշխություն: Ճիշտ է, կան նաև մարդիկ, ովքեր չեն հավատում, որ Նիկոլը կլինի լավ վարչապետ, դա էլ է բնական: Տարակարծությունը լավ բան է, չի կարելի սևի ու սպիտակի մեջ լինել: Նման մարդկանց նկատմամբ չի կարելի թշնամանքով լցվել:

– Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում վենդետաներ չի անի: Մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ պաշտոնյաները հարստանում են ժողովրդի հաշվին, ինչպե՞ս պետք է պատասխան տան իրենց արածների համար:

– Սա այն դեպքն է, որ կարող ենք ասել՝ կապրենք, կտեսնենք: Ամեն ինչ կարող է լինել: Ես բոլոր տարբերակները կարող եմ դիտարկել, կարող եմ մտածել, որ Նիկոլը, դառնալով վարչապետ, իսկապես կսովորի ճիշտ ղեկավարման ձևը, քանի որ դեռ չունի այդ փորձը, կլինի շատ ներողամիտ: Մյուս կողմից՝ կարող եմ մտածել, որ նա կարող է լինել շատ վատ վարչապետ, չկարողանա երկիրը ղեկավարել: Նա հիմա հայտարարում է, որ ոչ ոքի վատություն չի անի, բայց կարող է հանկարծ փոխվել ու բոլորի հերն անիծել, վենդետաներ սկսել: Վենդետան լավ բան չէ, բայց և ներողամտությունն էլ լավ բան չէ: Դրա համար դարձյալ պետք է շատ կիրթ միջոցներ կիրառվեն, որպեսզի նախկին արածներից ինչ-որ բան հանձնվի երկրի բյուջեին:

– Նաև կանխատեսումներ կան, որ այս շարժումը կարող է դրական զարգացումների հանգեցնել՝ ներգաղթ կլինի, ներդրումներ կհոսեն դեպի երկիր, մարդիկ չեն արտագաղթի: Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք:

– Նախ՝ այդ ամենը շուտ չի լինի, դրա համար բավական երկար ժամանակ է պետք: Ամենաքիչը՝ մոտ 15 տարի է պետք, երբ որ բացվեն գործարաններ, աշխատատեղեր, նոր-նոր կարող է սկսվել ներգաղթն ու կասեցվել արտագաղթը: Եվ շատ կարևոր է, որ հայերի կողմից երկրում արվող ներդրումները նպաստեն երկրի ավելի արագ զարգացմանը: Եթե հանկարծ ներդրումներից դարձյալ օգտվեն մի խումբ մարդիկ, Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորներն էլ հանկարծ որոշեն լավ ապրել, ամեն ինչ կկորչի: Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լավն է, բայց ես ի՞նչ գիտեմ, թե ինչ կլինի, երբ նա պաշտոնի նստի, ոնց է ախորժակ բացվում, ոնց են իր կողքի մարդիկ նստում ու ասում՝ մենք էլ չափավոր, բայց պետք է հարստանանք: Չէ՛, չկա չափավոր ու ոչ չափավոր, կա ազնիվ ու կա գող: Եթե նախկինի պես մի խումբ մարդիկ միայն հարստանան, մենք կկորցնենք Հայաստանը, արտագաղթը մեծ չափերի կհասնի: Եթե ժողովուրդը մինչև վերջ հավատաց, բայց հետո հիասթափվեց, այդ հիասթափությունն արդեն շատ դաժան կլինի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am