«Պատերազմն այնպիսի աղետալի իրավիճակ ստեղծեց մեր երկրում, որ լրջանալու անհրաժեշտության կարիքը բոլորի մոտ է ծագել». Աննա Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի պատգամավորի թեկնածու Աննա Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, դուք արդեն մի քանի օր է՝ ակտիվ մարզային քարոզարշավներ եք իրականացնում, ի՞նչ տպավորություններ ունեք, և ինչպե՞ս է հաջողվում ձեր թիմին մարդկանց փոխանցել, որ լրջանալու պահն է:

– Իրականում մեր հանդիպումները ցույց են տալիս, որ քաղաքացիները նույնիսկ այդ ուղերձի կարիքն էլ չունեն: Պատերազմը ու դրա հետևանքները այնպիսի աղետալի իրավիճակ են ստեղծել մեր երկրում, որ լրջանալու անհրաժեշտության կարիքը միայն մեզ մոտ չէ, որ ծագել է:

Ինչքան էլ փորձենք ցույց տալ, որ քաղաքացիներին սոցիալական այս կամ այն խնդիրներն են հուզում, հազար ու մի պատճառաբանություններ բերեն, թե ինչու մարդիկ հետաքրքրված չեն մեր առաջ քաշած գաղափարներով, բայց, հավատացեք՝ շատ-շատերը, նույնիսկ մարդիկ, որոնք տարիներ շարունակ եղել են սև քարոզչության ազդեցության տակ, երբևէ հնարավորություն չեն ունեցել լսելու Հայ ազգային կոնգրեսի, Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները, պատերազմի օրերին զգացել են լրջանալու պահի անհրաժեշտությունը:

Այդ մարդիկ դիտել են Լևոն Տեր-Պետրոսյանի բաց թողնված բոլոր հարցազրույցներն ու ելույթները, և, հավատացնում եմ ձեզ, շատերը վերանայել են իրենց մոտեցումները շատ հարցերում ու իսկապես, լրջանալու պահի հորդորը ընկալում են ոչ թե իրենց համար մի նոր ուղերձ, այլ մի ուղերձ, որը կիսում են մեզ հետ:

Բավական լավատես եմ և կարծում եմ, որ նաև հունիսի 20-ին լրջանալու պահից հետևող ընտրություն կատարելը տեղի է ունենալու:

– Ովքե՞ր են ընկալել լրջանալու պահի անհրաժեշտությունը՝ պատերազմը վերապրածնե՞րը, մասնակիցնե՞րը, հանրության ո՞ր խավը:

– Հասարակության մեջ չկա որևէ խավ, որևէ ընտանիք, որին պատերազմի արհավիրքն այս կամ այն կերպ առնչված չլինի: Այս իմաստով դրանք մարդիկ են, որոնք տեսել են այն աղետալի հետևանքները, որ ունեցել ենք այն բանի հետևանքով, որ սխալ արտաքին քաղաքականություն և սխալ քարոզչություն ենք տարել երկրի ներսում:

Քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները տարիներ շարունակ զբաղվել են ինքնախաբեությամբ ու ինքնախաբեության են դրդել հանրությանը: Պատերազմը մի աղետ էր, որը պատել է մեր հանրության յուրաքանչյուր քաղաքացուն:

Այն վախն ու սարսափը և, ցավոք սրտի, միայն զոհողությունների գնով ու զոհողություններից հետո այն սթափության սառը ալիքը, որ ունեցել է մեր հասարակությունը, կարծում եմ՝ թույլ չի տալիս տարանջատել որևէ խմբի մյուս խմբերից:

Սա մի սթափության ալիք էր, որը բոլորիս է պատել, և այդ ալիքը թույլ չի տալու հունիսի 20-ին սխալ ընտրություն կատարել:

– Տիկի՛ն Գևորգյան, ընտրապայքարի մեջ է 26 քաղաքական ուժ, և դուք հավանաբար հետևում եք մյուսների ընտրապայքարին: Ի՞նչ տպավորություններ ունեք այդ պայքարից, նկատո՞ւմ եք սև քարոզչության տարրեր, այսինքն՝ ի՞նչ գնով են մյուս ուժերը վարում պայքարը, ըստ ձեզ:

– Այն, ինչ հասցնում եմ կարդալ, նայել, ինձ շատ մտահոգում է մի քանի իմաստներով: Նախ՝ այս ծանրագույն իրավիճակից երկիրը դուրս բերելու համար ընտրությունը՝ որպես գործիք, որպես միակ սահմանադրական ճանապարհ ընտրելը, իհարկե, ամենակարևոր ուղին էր:

Երկիրն այնպիսի վիճակում է, որ բոլոր քաղաքական ուժերի մոտեցումը ընտրությունների նկատմամբ պետք է շատ ավելի լուրջ լիներ: Ավելին, ես համոզված էի, որ այն քաղաքական ուժերը, որ տարիներ շարունակ փորձել են մերժել Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունը, պետք է հասկանային, որ գոնե հիմա, գոնե այս փուլում պետք է ընդունեն, որ միայն Տեր-Պետրոսյանը և իր որդեգրած քաղաքական գիծն է, որ կարող է դուրս բերել երկիրն այս իրավիճակից:

Բայց ունենք այն, ինչ ունենք, և հիմա հին ու նորահայտ կուսակցությունների մի ամբողջ աստղաբույլ, որոնց մեծ մասը կարծես իրենք իրենց հանրահռչակելու խնդիր է լուծում, տպավորություն է, որ զուգահեռ աշխարհում են ապրում:

Մեկ այլ միտում էլ կա. իշխող կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանի դաշինքը սնվում են միմյանց հակաքարոզչություն անելով, որովհետև երկուսին էլ ձեռնտու է մյուսին ախոյան ունենալը. ներկա իշխանությունը հոգեբանորեն վախեցնում է հասարակությանը՝ եթե մեզ չընտրեք, Ռոբերտ Քոչարյանն է գալու, Ռոբերտ Քոչարյանին էլ, կարծես, դուր է գալիս իրենից վախենալու հանգամանքը, և շարունակում է նույն հոգեբանական ճնշումը գործադրել հասարակության վրա՝ պնդելով, որ ինքն է միակ այլընտրանքը:

Դրանից բացի, տպավորություն է, որ մի շարք կուսակցություններ էլ պայքարում են ոչ թե այս երկու ծայրահեղորեն միմյանց մերժող ուժերի դեմ, այլ պայքարում են Հայ ազգային կոնգրեսի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ:

Դա մի կողմից հասկանալի է, որովհետև գիտեն, որ ՀԱԿ-ը իրական քաղաքական կշիռ ունեցող խումբ է և ստվեր է նետում իրենց գաղափարների վրա, բայց մյուս կողմից զարմանալի է՝ պետական շահով հետաքրքրված ուժը պետք է մի կողմ դներ իր կուսակցական, անձնական շահը և փորձեր չսևացնել այն ուժին, որը կարող է հնարավորություն տալ երկրին ծնկի եկած վիճակից ոտքի կանգնել:

– Ինչո՞ւ է նման իրավիճակ, երբ քաղաքական ուժերն ավելի շատ էներգիա, ուժ են ծախսում միմյանց սևացնելու և ոչ թե ծրագրերը ներկայացնելու վրա:

– Իհարկե ծրագրերը շատ կարևոր են, և մեր քաղաքական ուժը առաջամարտիկն է եղել այն գաղափարի, որ ընտրություններում ներկայացվեն ծրագրեր: Այդպես էր 2017-ի ընտրություններում, երբ շեշտը դրվում էր այն բանի վրա, թե ինչպիսի մոտեցումներ ունեն տարբեր քաղաքական ուժերը ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ: Հիշեցնեմ, որ այդ խնդրի լուծման ուղիները կամ բացակայում էին ծրագրերից, կամ պարզապես հեքիաթասացությունների ժանրից էին:

Հիմա այս պայմաններում, երբ երկրում հրդեհ է, խոսել այն մասին, թե ինչ ծրագրեր են առաջ քաշում այս կամ այն ուժերը, ինչ-որ առումով ժամանակավրեպ է: Չափազանց կարևոր է, թե տունդ ինչպիսի վերանորոգման ես ենթարկում, բայց երբ հրդեհվում է տունդ, այդ պահին չես քննարկում, թե այս կամ այն պատը ինչ գույնի ես ներկելու:

Ի վերջո, այդ պահին մտածում ես այն բանի մասին, որ արժեր տունդ վստահել մի մարդու, որը հակահրդեհային համակարգ է տեղադրում այդ տան մեջ:

Մենք էլ ծրագիր ներկայացրել ենք, բայց շատ կարևոր է ոչ թե այժմեական ծրագրերը, թե նախկինում ում ծրագրերի բացակայությունն է, որ մեզ հասցրել է այս օրին:

Բայց մենք տեսնում են՝ ինչպես է վարչապետը մուրճը ձեռքին քարոզարշավ վարում, Ռոբերտ Քոչարյանը սպառնում է կազմակերպությունների գրասենյակներ փակել…

– Սա լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար՝ իսկապես պետության մասին մտածող քաղաքական գործիչն ու քաղաքական ուժը որն է:

Ես հիշեցնեմ, որ ազգային համաձայնության մասին խոսել է Տեր-Պետրոսյանը և անգամ առաջարկ է արել միավորվել այն ուժերի հետ, որոնք սատարում են երկրորդ և երրորդ նախագահներին՝ պայմանով, որ բոլոր երեք նախկին նախագահները չեն ունենալու որևէ պետական պաշտոն:

Լևոն Տեր-Պետրոսյանը միակն էր, որ ուզում էր ունենալ այդ ազգային համաձայնությունը, որովհետև մենք չունենք ռեսուրս, որ ներսում խորացնեն բևեռացվածությունը:

Ձեր նշած հանգամանքները խոսում են միմիայն վրեժխնդրությունից կուրացած, իրական պետական գործչին ոչ վայել մարդկանց պահվածքի մասին:

Ես հավատում եմ, որ մեր քաղաքացիները տեսնում են այս տարբերությունը և ընտրություն կատարելիս հիշելու են այդ կերպարներին, թե ով ինչ գործիքով՝ մեկը ուրագով, մեկը անվերջ արգելքներով էր վարում իր քարոզարշավը:

– Ընտրություններին մասնակից քաղաքական որոշ ուժեր քաղաքացիական պատերազմի հոտ են առնում: Դուք ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հունիսի 21-ին:

– Հաշվի առնելով այն հռետորաբանությունը, որով նշված երկու ուժերը վարում են իրենց քարոզարշավը, չափազանց մեծ է ռիսկը, որ կլինեն նաև բախումներ:

Ի՞նչ կարող է անել քաղաքացին դրանից խուսափելու համար: Պետք է հնարավորինս շատ քվե տա այն ուժին, որը անվտանգության բարձիկի դեր կարող է խաղալ այդ երկուսի միջև և իր քվեով փորձել վիժեցնել մեր հասարակությանը վնասող պլանները:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am