«Եթե կառավարման համակարգի փոփոխություն չի նախատեսվելու, ապա սահմանադրական փոփոխությունների գործընթացն իմաստ չունի»․ Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, մի կողմից իշխանություններն անընդհատ խոսում են դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ դատական պրակտիկան նույնությամբ շարունակվում է: Մասնավորապես, դատարանը որոշեց չկալանավորել թիվ 122 դպրոցի տնօրենին, թեև առկա էր կաշառք վերցնելու վերաբերյալ ձայնագրությունը: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Մասնավոր դեպքերի վրա հիմնվելով ես չեմ կարող ամբողջական դատողություն անել, բայց որ դատական համակարգում ակնկալվող փոփոխությունները չեն երևում, և հանրության մոտ մտածողության տեսանկյունից փոփոխություն չի նկատվում դատական համակարգի նկատմամբ, դա ակնհայտ է, և անզեն աչքով էլ տեսանելի է:

Ամենից առաջ անհրաժեշտ է այդ համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում հանգել այն իրավիճակին, երբ հանրության մոտ համոզմունք կձևավորվի, որ մենք գործ ունենք արդար դատական համակարգի հետ: Բայց ես դեռևս չեմ տեսնում այդ նախանշանները կամ էլ ինստիտուցիոնալ քայլերը, որոնց արդյունքում մենք կունենանք արդար դատական համակարգ:

– Կարո՞ղ ենք ասել, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները զուտ խոստումների մակարդակում են և աղերս չունեն իրականության հետ:

– Մենք դեռ չունենք համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բացահայտված կոռուպցիոներներ: Չունենք օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ, չունենք հանրությանը հասցված վնասի վերականգնման շոշափելի միջոցներ: Այս իրավիճակում կարելի է շատ գեղեցիկ խոսքերով, փաթեթավորումներով ներկայացնել, թե ինչ ցանկություն է առկա, բայց ցանկությունը մի բան է, իրողությունը՝ այլ բան:

Ըստ էության, ձախողման եզրին է գտնվում բարեփոխումների ամբողջ գործընթացը: Մենք կտեսնենք, թե նոր կառավարությունն ինչպիսի արագությամբ կփորձի իրականացնել այդ բարեփոխումները: Եթե իներցիոն մակարդակով պետք է իրականացվեն այն քայլերը, որոնք անում էին վերջին երեք տարիներին, ես կարծում եմ՝ մենք շոշափելի փոփոխություն այդ առումով չենք ունենա:

– Իշխանությունը նաև սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկումների շարք է նախաձեռնել, որին նաև դուք եք մասնակցել: Ընդհանուր առմամբ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ո՞ր չափով կա:

– Այդ քննարկմանը մեր կուսակցության ներկայացուցիչն է մասնակցել, նաև արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովի ժամանակ ես եմ բարձրացրել այդ հարցը: Ես կտրուկ ասեմ. եթե կառավարման համակարգի փոփոխություն չի նախատեսվելու, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգը չենք փոխելու, չենք վերականգնելու կիսանախագահական կառավարման համակարգը կամ անցում չենք կատարելու ամբողջական նախագահական համակարգի, ես համարելու եմ, որ այդ սահմանադրական փոփոխությունների գործընթացն իմաստ չունի, որովհետև անունը դնել փոփոխություններ, բայց, ըստ էության, որևէ որակական փոփոխություն չիրականացնել, կարծում եմ՝ ռեսուրսների մսխում է լինելու:

Ինչ վերաբերում է դատական իշխանության ոլորտում փոփոխություններին, այո՛, մենք կողմնակից ենք եղել և հիմա էլ ենք կողմնակից, որ Վճռաբեկ դատարանը և ՍԴ-ն լուծարվեն, դրանց արդյունքում ձևավորվի մեկ Գերագույն դատարան, որին վերապահված լինի նաև սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավասություն:

Բայց որքան ես հասկանում եմ, այս մեսիջները, որ գալիս են, կարծես կառավարությունը միտված չէ գնալու կառավարման համակարգի փոփոխության: Այսինքն՝ իրենք կողմնակից են պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը: Եթե իրենց այդ դիրքորոշումը մնայուն է լինելու, բնականաբար, մենք այդ դիրքորոշմանը համաձայն չենք:

«Արդար Հայաստան» կուսակցության ծրագրում էլ հստակ նշված է, որ մենք կողմնակից ենք կառավարման համակարգի փոփոխությանը, որովհետև այս համակարգը աղետ է մեր պետության համար: Դա ապացուցվեց վերջին 6 տարիների ընթացքում:

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ գլխավոր դատախազը հանձնարարել է կասեցված գործերի քննությունը վերսկսել:

– Ես, ընդհանուր առմամբ, վատ չեմ վերաբերվում այդ քայլին, որովհետև բազմաթիվ քրեական գործեր կան, որոնք մեղադրյալին չգտնելու հիմքով կասեցված են: Կարծում եմ՝ եթե դատախազությունը օբյեկտիվորեն է տրամադրված, ապա այս հարցում կարող են վերսկսվել բազմաթիվ գործեր, որոնց արդյունքում վարույթ իրականացնող մարմինները կարող են կայացնել այնպիսի որոշումներ, որոնք մի կողմից կբեռնաթափեն վարույթն իրականացնող մարմինների աշխատանքը, մյուս կողմից՝ հօգուտ բազմաթիվ անձանց կլինեն, որոնք, ըստ էության, խրթին քրեական գործերի հարուցման պատճառով այժմ բացակայում են ՀՀ-ից այդ հետապնդումների պատճառով:

– Կրկին վերադառնալով թիվ 122 դպրոցի տնօրենի դեպքին, նրա նկատմամբ քրգործի հարուցումը կարո՞ղ է նախադեպ դառնալ մյուս դպրոցների տնօրենների համար, որոշակի զսպաշապիկ լինել:

– Ես խորապես համոզված եմ, որ մենք հանրային ընկալման մեջ պետք է կարողանանք մարդկանց բացատրել, որ խափանման միջոցը պատիժը չէ: Խափանման միջոցը ընդամենը մեղադրյալի պատշաճ վարքագիծը հսկողության տակ պահելու գործիքակազմերից մեկն է: Կալանքը պետք է ընդունվի այն բացառիկ դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը հանգում է հետևության, որ առանց կալանավորման հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Հիմա եթե մենք ունենք առաջադրված մեղադրանք, որի հիմքերը բավարար են, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ մեղադրյալը մնա ազատության մեջ՝ մինչև օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի հրապարակումը: Այլ խնդիր է, որ ձգձգվում է քրեական գործերի ընթացքը, դատարաններում լրիվ ուրիշ ուղղությամբ են զարգացումներ գնում, մեղադրյալները խուսափում են քրեական պատասխանատվությունից, վերջնական արդյունքում չեն ենթարկվում պատասխանատվության:

Սրանք բոլորովին այլ խնդիրներ են, բայց քրեական արդարադատության քաղաքականությունը պայմանավորել միայն մեղադրյալին անազատության մեջ պահելու միջոցով, արդյունավետությունը չափել միայն այդ հանգամանքով, կարծում եմ՝ արդարացված չէ:

Կոնկրետ այս գործով ինձ ավելի շատ հետաքրքրում է վերջնական արդյունքը. բավարա՞ր են արդյոք այն հիմքերը, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել, այդ դպրոցի տնօրենն արդյոք իսկապե՞ս զբաղվել է կաշառակերությամբ և կոռուպցիոն գործունեությամբ: Եթե այո, ապա արդյոք նա իրավասու դատարանի կողմից կենթարկվի քրեական պատասխանատվության, թե ոչ: Սա է խնդիրը:

Մանե Հարությունյան

MediaLaba.am