«Կարծրատիպը դեռ չի կոտրվել, ասում էին՝ ավելի լավ է դու քո դասախոսությամբ զբաղվես, քան քաղաքականությամբ». Աստղիկ Ավետիսյան

«Կարծրատիպը դեռ չի կոտրվել, ասում էին՝ ավելի լավ է դու քո դասախոսությամբ զբաղվես, քան քաղաքականությամբ». Աստղիկ Ավետիսյան
«Կարծրատիպը դեռ չի կոտրվել, ասում էին՝ ավելի լավ է դու քո դասախոսությամբ զբաղվես, քան քաղաքականությամբ». Աստղիկ Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

– Դուք մասնակցում էիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Գեղարքունիքի մարզում։ Ձեր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշում եք. «Մարզերում կանայք չեն ընկալվում որպես պատգամավորի թեկնածու (եթե Նիկոլի թիմից չեն)»:

– Ակնառու էր հենց այն հանգամանքը, որ ես ընտրեցի Գեղարքունիքի մարզը։ Ինքս ծնունդով Մարտունիից եմ։ Կարծում էի, որ ես ինքս այնտեղ փոփոխություն պետք է բերեմ, քանի որ մարզում կանանց նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացներում, ընկալումները բավականին տարբեր են։ Եվ այդ ընկալումներն էլ պետք է փոխվեին։ Առաջին բանը, որ արեցի, որը դարձյալ կարծրատիպեր կոտրելուն էր վերաբերում, այն էր, որ իմ շտաբում աշխատում էին միայն կանայք։ Ես միտումնավոր հրապարակել էի մի քանի շտաբների վերջին խնջույքի լուսանկարները, որոնցում միայն տղամարդիկ էին, ինչը նշանակում է, որ մենք ավելի շատ հենվում ենք տղամարդկանց ուժի վրա, քան կանանց։

– Դուք քանի ձայն ստացա՞ք։

– Ես ստացել եմ 180 ձայն, դրանք այն մարդիկ են, ովքեր ինձ լավ են ճանաչում։ Բնականաբար, ժամանակը կարճ էր, բացի այդ, դուք Մարտունիում չէիք տեսնի գովազդային մեծ պաստառներ, որոնք հատուկ արված էին Աստղիկ Ավետիսյանի համար։

– Ամեն դեպքում Դուք համոզված եք, որ այն կանայք, ովքեր ներկայացնում էին «Իմ քայլը» դաշինքը, ավելի շատ ձայն ստացան։

– Հստակ արձանագրել էի, որ հաջողություն ունեցան այն կանայք, ովքեր ընդգրկված էին Նիկոլ Փաշինյանի թիմում, ես վստահ գիտեի, որ նոր ձևավորվող քաղաքական ուժը, հատկապես նախընտրական դաշինքը, նկատի ունեմ «Մենք»-ին, 7 տոկոսի շեմը հստակ չէր հաղթահարելու, դա իմ ներքին համոզմունքն էր։ Համենայն դեպս, սա հետաքրքիր հետազոտություն էր ինձ համար, ու ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ ներգրավեցին այս պրոցեսում։

– Սա Ձեր առաջի՞ն քաղաքական փորձն էր։

– Առաջինը 2003 թվականին էր, երբ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցեցի «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ցուցակով, որում ընդգրկված էին տասը երիտասարդ գիտնականներ, այդ թվում՝ եղել եմ և ես։

– 2003-2018 թթ. ակտիվություն ցուցաբերե՞լ եք քաղաքական կյանքում, որով և պայմանավորված կլիներ Ձեր ճանաչելիությունը հանրության շրջանում։

– Ըստ էության եղել եմ ակտիվ ու եղել եմ ընկալելի։ Այնպես չէ, որ Մարտունիում ինձ չեն ճանաչել կամ ձայն չեմ ստացել։ Ես շատ ձայներ չեմ ստացել միայն մեկ պատճառով, որ առաջադրված չեմ եղել «Իմ քայլը» դաշինքի կողմից։

– Եթե լինեի՞ք։

-Հարյուր տոկոսով կստանայի ավելի շատ ձայներ։ Որպես թեկնածու մասնակցել եմ նաև տեղամասում դիտարկվող ամփոփ նիստին, և այդ ժամանակ վստահորեն պետք է ասեմ, որ անվավեր թերթիկների մեծ մասը ինձ էր վերաբերում, որովհետև շատերն ինձ ասել էին՝ մենք ընտրելու ենք Նիկոլ Փաշինյանին, մեր ձայնը տալու ենք նրան, բայց չենք ուզում կորցնել նաև քեզ։ Նրանք ծրարի մեջ դրել էին «Իմ քայլի» քվեաթերթիկը և մեր դաշինքի քվեաթերթիկը, որում հստակ նշումով երևում էր՝ Աստղիկ Ավետիսյան։ Այսինքն՝ եթե ես ինչ-որ բան հայտարարում եմ, հստակ փաստեր ունեմ դրա համար։

Եվ այս Ընտրական օրենսգրքով եթե ծրարում հայտնվում է երկու քվեաթերթիկ, այն թերթիկը, որի վրա կա դրոշմակնիք, բնականաբար, համարվում է վավեր։

«Իմ քայլը» քվեաթերթիկը, որը չորրորդն էր, շատերի վրա չկար որևէ նշում,

մարդիկ գնացել էին ընտրելու ոչ թե որևէ անձի, այլ հենց Նիկոլ Փաշինյանին։ Իսկ անվավերների մեջ իհարկե շատ էին նման դեպքերը, և սա էլ ինձ համար ցուցիչ էր։

– Բայց ամեն դեպքում, այլ քաղաքական ուժեր ներկայացնող կանայք ստացել են բավականին ձայներ։

– Ովքե՞ր են շատ ստացել։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը ստացել է 2000-ին մոտ ձայն, այսինքն՝ շատ ավելին կարող էր ստանալ, նա բավականին ճանապարհ է անցել։ Մանե Թանդիլյանը նախորդ անգամ շատ ավելի էր ստացել, այս անգամ նրա մոտ տեսանք անկում։ Մյուս կուսակցություններից ու դաշինքներից փորձառություն ունեցող կանանցից որևէ մեկը 5 հազար ձայնի ցուցիչը չի հաղթահարել։ Թագուհի Թովմասյանը ստացել է 7 հազարից ավելի ձայն, որքան էլ Թագուհուն ճանաչեն, նրան օգնել է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմից է։ Բնականաբար, նույնիսկ ամենաանհայտ դեմքը 2 հազարից ավելի ձայն է ունեցել։

– Ամեն դեպքում հանրությունում կարծրատիպերը որքանո՞վ կարող ենք կոտրված համարել քաղաքականություն մուտք գործած կանանց հանդեպ։

– Կարծրատիպը դեռ չի կոտրվել, հատկապես տարեցների շրջանում։ Հետաքրքիր դիտարկում կար իմ նկատմամբ, ասում էին՝ ավելի լավ է դու քո դասախոսությամբ զբաղվես, քան քաղաքականությամբ, որովհետև իրենք հստակ նշում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am