«Հայաստանի համար երկու ծայրահեղ լուրջ վտանգ կա, եթե Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության պահանջներին՝ նշելով, որ ոչ մի զիջման պատրաստ չէ։ Այս պատասխանից հետո ի՞նչ հնարավոր զարգացումներ կարելի է սպասել Ուկրաինայում։

– Ուկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ է, արագ տեմպերով մոտենում ենք հետդարձի բացակայության կետին։ Լարումը, ըստ էության, ուղղակի աննախադեպ է, այսպիսի լարված մթնոլորտ սառը պատերազմի ավարտից հետո երբևիցե չի եղել, անգամ Վրաստանի պատերազմի օրերին այսպիսի լարված մթնոլորտ չկար։ Տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակի տոննաներով զենք-զինամթերք են ուղարկում Ուկրաինային, Ռուսաստանը դիվիզիաների մակարդակի զորակազմ է կենտրոնացնում Ուկրաինայի սահմաններին։

Նմանօրինակ լարված իրավիճակում կա սպառնալիք, որ այդ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ կողմերի ցանկությունից անկախ, այսինքն՝ գործողությունների գնալու քաղաքական որոշում չլինի, բայց շփման գծում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, ինչը հղի է աղետալի հետևանքներով։

Չեմ կարծում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրապես մտադիր են ու ցանկություն ունեն գնալ պատերազմի, բայց տեղում կան ուժեր, որոնք նման ցանկություն ունեն։ Խոսքը արևելաեվրոպական երկրների, մերձբալթյան երկրների, Միացյա Թագավորության, Ուկրաինայում որոշ ուժերի մասին է, որոնք կփորձեն շիկացնել իրավիճակն ու տանել ռազմական բախման։

– Որքանո՞վ եք ռազմական բախումն իրատեսական համարում։

– Ռազմական բախման երեք սցենար կարող է լինել․ լարումը հետզհետե կնվազի, և Ռուսաստանը կզիջի, որովհետև փաստացի ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց՝ նշելով, որ իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Երկրորդ տարբերակը՝ կլինեն ինչ-որ լոկալ կոնֆլիկտային օջախներ, այսինքն՝ ինչ-որ հրթիռային հարվածներ, ավիահարվածներ, հատուկ ստորաբաժանումների գործողություններ։ Երրորդը լայնածավալ ռազմական գործողություններն են։ Այս վերջին երկու տարբերակը չեն բխում առաջին հերթին մեր շահերից։

– Պարո՛ն Քոչինյան, եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ հետևանքներ են ունենալու Հայաստանի համար։

– Հայաստանի համար երկու ծայրահեղ լուրջ վտանգ կա․ առաջինը՝ մեր ազգային անվտանգության սպառնալիքն է, որովհետև Ռուսաստանը ներքաշվելով նման գործողությունների մեջ՝ կարող է մեր առջև պահանջ դնել թե՛ երկկողմ պայմանագրային բազայի հիման վրա, թե՛ ՀԱՊԿ շրջանակների որոշակի մասնակցություն ցուցաբերել, ինչն իր հետ բերելու է, բնականաբար, բավական լուրջ անվտանգային մարտահրավերներ։

Երկրորդը՝ ավելի երկարաժամկետ առումով մեզ համար շատ լուրջ քաղաքական խնդիր կարող է դառնալ Ռուսաստանի կողմից որևէ ձևաչափով մեր մասնակցությունը Ուկրաինայում ընթացող գործողություններին, որովհետև դա էականորեն կլարի Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ։ Սա արդեն ոչ թե Ղազախստան զորակազմ մտցնելը կլինի այդ երկրի պահանջով, այլ, ըստ էության, Արևմուտքին հակադիր ճամբարի կազմով ռազմական գործողությունների իրականացում Արևմուտքի դաշնակցի նկատմամբ, ինչը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, որոնցից ամենավատ տարբերակով եթե առաջնորդվենք՝ նոր երկաթե վարագույր կիջնի մայրցամաքի վրա, որից դեպի ներս կլինի Հայաստանը Ռուսաստանի հետ։

– Արևմուտքն ու Ռուսաստանը ի՞նչ հարցերում պետք է ընդհանուր հայտարարի գան, որպեսզի խուսափեն ռազմական բախումից։

– Կդժվարանամ ասել, դա թերևս կողմերի դիվանագետները գիտեն, բայց մինչ այս մենք չենք ստացել որևէ ազդակ, որ այդ իրավիճակը կմեղմվի, ընդհակառակը։ Միակ հնարավոր տարբերակն այն է, որ Ռուսաստանը կգնա զիջումների և իր բացազատած կոնտինգենտը հետ կքաշի։

– Կարծում եք, որ, այնուամենայնիվ, զիջողը Ռուսաստա՞նն է լինելու։

– Դե, մի կողմն արդեն հայտարարել է, որ զիջումների չի գնալու, իսկ երկրորդը՝ ուժային բալանսը, մեղմ ասած, հօգուտ Ռուսաստանի չէ։ Կա՛մ պետք է զիջի, կա՛մ գնալու ենք սառը պատերազմի և երկաթե վարագույրի տրամաբանության կրկնությանը, ցավոք սրտի, մեզ էլ են դրա մեջ ներքաշելու։

– Պարո՛ն Քոչինյան, այս իրավիճակում Թուրքիայի դիրքորոշումը ո՞րն է։ Կարծում եք՝ Ռուսաստանը կընդունի՞ Թուրքիայի որպես միջնորդ հանդես գալու առաջարկները։

– Թուրքիայի դիրքորոշումն ամբողջությամբ տեղավորվում է Արևմուտքի նկատմամբ իր դաշնակցային պարտավորություններում, այսինքն՝ Թուրքիան այստեղ խաղում է ոչ թե սեփական խաղը, այլ այն դերը, որը տրված է Թուրքիային ԱՄՆ-ի կողմից։ Թուրքիան միանշանակ ուզում է Ռուսաստանի դիրքերի թուլացում, թե ինչպե՞ս դրան կհասնեն՝ դա հարցի երկրորդ կողմն է։

Չեմ կարծում, թե Ռուսաստանը կընդունի Թուրքիայի առաջարկները։ Տեսեք՝ խնդիրը ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության հարցն է, այլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև է։ Քաղաքական անհամաձայնությունը այս երկու կողմի միջև է, ու Թուրքիայի այդ միջնորդությունն ավելի շատ ձևի, քան բովանդակության մակարդակում է։

– Իսկ քաղաքական անհամաձայնության պատճառները որո՞նք են։

– Ազդեցության գոտիների բաժանումը։ Ռուսաստանը համարում է, որ նախկին ԽՍՀՄ երկրները և այդ տարածաշրջանը իր օրինական շահերի գոտին է, ու այդտեղ որևէ այլ ուժային ներկայություն չպետք է լինի, իսկ ԱՄՆ-ն համարում է, որ չկա այդպիսի հասկացություն, ինչպիսին է Ռուսաստանի օրինական շահերի գոտի։

ԱՄՆ-ն նաև խնդիր ունի այսօր զսպել և՛ Չինաստանին, և՛ Ռուսաստանին։ Ինչպես հիշում ենք, Բայդենի վարչակարգը հայատարարեց, որ այսօր իր համար կան ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրներ, ու ինքն ամեն կերպ փորձելու է զսպել ու ճնշել վերջիններիս։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am