«Իսրայելական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում բավականին «հպարտորեն» են խոսում Իրանում իրականացրած հարձակման մասին». Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետությունում կատարված միջադեպերը, որոնք հաջորդեցին միմյանց՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը, Իրանում տեղի ունեցած ռազմական հարձակումը՝ ռազմավարական կետերի վրա, ինչի՞ հետևանք էին, ի՞նչ տեղի ունեցավ իրականում։

– Եթե խոսենք հենց բուն հարձակումների մասին, ապա իսրայելական կողմն էլ կարծես թե չի թաքցնում, որ հարձակումը հենց իրենց կողմից է իրականացվել, համենայնդեպս, իսրայելական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում բավականին «հպարտորեն» են խոսում դրա մասին։

Գործնականում սա տեղավորվում է Իրան-Իսրայել երկարամյա հակամարտության շրջանակում, երբ Իրանը իսրայելական ենթակառուցվածքներին կամ ռազմավարական կետերին է փորձում հարվածել՝ օգտագործելով իր պրոքսի ուժերը՝ լիբանանյան «Հըզբոլլահը» Սիրիայում, իսկ Իսրայելը՝ հենց բուն Իրանի տարածքում։

Այս հարձակումը նախորդներից առանձնապես տարբերվող չէր, բայց գործնականում այս դեպքում նաև բավականին լուրջ մեդիահարձակում եղավ Իրանի վրա՝ հատկապես հասարակական կարծիքի վրա ազդելու տեսանկյունից բավականին լավ էր փորձում աշխատել իսրայելական կամ արևմտյան կողմը։

– Իսկ այս ամենում Ադրբեջանի գործոնը որքա՞ն է, նկատի ունեմ Իսրայելի կողմից Ադրբեջանը որպես գործիք կիրառելը Իրանի դեմ։

– Իրականում նաև Իրանում է քննարկվում ՝ դատելով վերլուծական ու սոցցանցային հրապարակումներից, հավանական պետությունների վարկածները, որտեղից հնարավոր է մուտք գործած լինեն ԱԹՍ-ները: Հաշվի առնելով Իսրայելի հեռավորությունը Իրանից՝ Իրանում նշվում է, որ, համենայնդեպս, իսրայելական կողմը այս հարվածները կազմակերպելու համար օգտվել է հարևան պետությունների տարածքներից, ու խոսվում է հիմնականում Ադրբեջանի ու Իրաքի մասին։ Հիմա այս հարցը բավականին լուրջ քննարկվում է Իրանում։

– Պարո՛ն Միսակյան, եթե հաստատվի, որ Ադրբեջանն այս հարցում օգնել է Իսրայելին, ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը։

– Իրան-Ադրբեջան հարաբերություններն այս փուլում առանց այն էլ բավականին լարված են, ու եթե հաստատվի այդ փաստը, նախ՝ հասարակական առումով բավականին բացասական ազդեցություն կլինի Ադրբեջանի վրա, ու նաև Իրանի այն հատվածը, որը կողմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, այլևս խոսելու տեղ չի ունենա։

Ինչ վերաբերում է Իրանի պատասխան գործողություններին, ապա դատելով Իրանի վարած քաղաքականությունից, դա անմիջապես չի լինի, կլինի ժամանակի ընթացքում, ու որոշակի անսպասելի պահի Ադրբեջանական Հանրապետության համար։

– Ներհայաստանյան շրջանակներում նշվեց, որ Իրանի այն հատվածները, որոնք դարձել են հարձակման թիրախ, ամենևին էլ պատահական չեն ընտրված, որ դա նաև հեռահար նպատակներ է հետապնդում Հայաստանի համար ևս։ Դուք և՞ս այդ կարծիքին եք։

– Դժվար է նման պնդում անել, հատկապես Սպահանում տեղակայված օբյեկտների վրա արված հարձակումը որևէ կերպ կապել Հայաստանի հետ, սա հիմնականում Իրան-Իսրայել խնդիրն է։ Հայաստանի հետ կապված են այլ խնդիրներ՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Իրանում նշվում է, որ Ադրբեջանը մի քանի «պայման» է դրել Իրանի առաջ, այդ թվում՝ չխոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը, որն Իրանի կողմից կարծես թե մերժվել է։

– Իրան-Իսրայել այս լարվածությունը ռազմական լուրջ բախման վերածվելու միտո՞ւմ ունի։

– Չեմ կարծում, թե ռազմական խոշոր բախում լինի, նախ՝ որովհետև Իսրայել-Իրան այս հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, ու մինչ այժմ, կարծում եմ՝ նաև սրանից հետո էլ չի հանգեցնի խոշոր ռազմական բախման, բայց իսրայելական կողմից նման հարձակումների հաճախակիացում կարող է լինել, օրինակ՝ որ փորձեն ազդել Իրանի հասարակական մթնոլորտի վրա։

– Իսկ այդ գործողությունների նպատակը ո՞րն է։

– Իրանում անվտանգային մթնոլորտի խաթարումն ու հասարակական բողոքի առաջացումը, ժողովրդին նորից բողոքի ցույցերի հանելն ու պետության համար դժվարություններ ստեղծելը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի միջոցով Իրանին որևէ ռազմական գործողության դրդելուն, կարծում եմ, որ Իրանին սադրելը բավականին դժվար է, բայց նաև իրանցիները չեն լռի, երբ իրենց կարմիր գծերը հատվեն, այսինքն՝ ամեն բան կախված է Ադրբեջանից:

Եթե փորձեն հատել Իրանի կարմիր գծերը, կստանան պատասխան, բայց նաև Բաքվում են երևի հասկանում, որ, մեղմ ասած, իրենց համար բավականին դժվար կլինի պատերազմել Իրանի դեմ, եթե անգամ օգտվեն թուրքական կամ իսրայելական օգնությունից։

– Իսկ Իսրայելին կհաջողվի՞ այդ հասարակական ընդվզումն առաջացնել Իրանում։

– Մի անգամ փորձեցին․ վերջերս տեսանք բողոքի ակցիաներ Իրանում, որոնք ներքին դժգոհության հետևանք էին ու դրսից բավականին լավ օգտագործվեցին, բայց չհաջողեցին։ Գուցե հետագայում էլի փորձեն, բայց դժվար է ասել՝ Իրանում համակարգային փոփոխություն այդ ճանապարհով հնարավոր կլինի՞, թե՞ ոչ։

– Պարո՛ն Միսակյան, իսկ Իրան-ԱՄՆ հարաբերություններն այս պահին ի՞նչ փուլում են, եթե նկատի ունենանք, որ Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկայիս առաջարկը, ինչպես ասել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։

– Ոչ այնքան լավ, բայց նաև երեկ Կատարի արտգործնախարարն էր ժամանել Իրան և, պաշտոնական հայտարարությունների համաձայն, փոխանցել էր նույն ԱՄՆ-ի և Արևմուտքի ուղերձը։ Այսինքն՝ Արևմուտքը դեռևս վերջնականապես չի փակել բանակցությունների դուռը Իրանի հետ, և որոշակի փուլում հնարավոր է բանակցությունների վերսկսում։

Իրանական կողմը հայտարարել է, որ չի կասեցնելու իր միջուկային համաձայնագրի ծրագիրը, բայց նաև ցանկություն չունի դեռևս ստանալ միջուկային զենք։ Եթե Իրանը չգնա այդ զենքի ստեղծմանը, դա կլինի այն կարմիր գիծը, որը կփլուզի այդ բանակցությունները, բայց, դատելով հայտարարություններից, ԱՄՆ-ն ևս չի փորձում գնալ դրան։

– Եթե ամփոփելու լինեք՝ ադրբեջանա-իրանա-իսրայելական հարաբերություններում առաջիկայում ի՞նչ զարգացումներ են սպասվում։

– Կարծում եմ՝ Իրան-Իսրայել փոխադարձ թշնամական դինամիկան շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իրան հարաբերություններին, բավականին բարդ փուլ է ու գնալով ավելի է բարդանում։ Կարծես թե այն խորքային խնդիրները, որոնք միշտ եղել են, կարծրացել են, ու չեմ կարծում, թե մոտ ապագայում դրա կարգավորման հեռանկարներ են նկատվում։

Իրանի համար անհանգստացնող են Իսրայելի ներկայության փաստը Ադրբեջանում ու հակաիրանական գործողությունները, դրան էլ գումարվում են «Զանգեզուրի միջանցքն» ու ընդհանրապես Կովկասում վարվող Ադրբեջանի քաղաքականությունը, որը նաև խոչընդոտում է Իրանին և՛տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական հարցեր լուծել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am