«Մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած դիտորդի ընդունելու և թաքցնելու ու վախենալու բան չունենք»․ Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, սեպտեմբերի 8-ին Արցախում ՏԻՄ ընտրություններ են։ Ընդհանուր մթնոլորտն ինչպե՞ս եք գնահատում։

– Տրամադրությունները նորմալ են, որևէ առանձնահատուկ, տագնապալից զարգացումներ տեղի չեն ունենում։ Գործընթացը նորմալ հունով ընթանում է։ Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ պետք է լինի։ Այս պահին որևէ վտանգավոր, վատ երևույթներ տեղի չեն ունենում, ինչպես և առհասարակ միշտ է եղել Արցախում։ Այստեղ ընտրությունները միշտ անցել են բարձր մակարդակով, նորմալ, ակտիվ մթնոլորտում, և հիմա էլ նույն կերպ ընթանում է։

– Դիտորդներ կլինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ միջազգային մի շարք կառույցներից։ Ի՞նչ ակնկալիք ունեք և ինչպե՞ս եք գնահատում նրանց վերահսկողությունը ընտրություններին։

– Մենք սպասում ենք տարբեր դիտորդների։ Իհարկե, ՏԻՄ ընտրությունները յուրահատկություն ունեն։ Սովորաբար դիտորդների ամենամեծ հոսքը լինում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս անգամ նախագահական և խորհրդարանական ընտրությունները մեկ օրում են անցկացվելու՝ 2020-ի մարտի վերջին, հետևաբար կարծում եմ, որ այն ժամանակ շատ ավելի շատ կլինեն, քան հիմա։

– Հայաստանի Կառավարությունը պահուստային ֆոնդից 33 միլիոն է հատկացրել երկու ՀԿ-ի՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը։

– Գիտեք՝ ՀՀ իշխանությունն ինքն է որոշում՝ ո՛ւմ ուղարկել, սա ՀՀ-ի սուվերեն իրավունքն է, և մենք այստեղ որևէ դժգոհություն չունենք։ Մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած դիտորդի ընդունելու և այստեղ որևէ ձևով ո՛չ թաքցնելու և ո՛չ էլ վախենալու բան չունենք։

– Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարում է, որ սա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Դուք սա միջամտությո՞ւն եք համարում Արցախի ներքին գործերին։

– Սա այդ քաղաքական գործչի, անհատի սեփական տեսակետն է, և պետական դիրքորոշումը որևէ ձևով չի արտացոլում։ Խնդիրն այն է, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, հիմա ընտրություններ են, թող գան տեսենք, մենք որևէ բան չունենք թաքցնելու, առավել ևս՝ վախենալու։

Ես կարծում եմ, որ մեր իմունային համակարգն այնքան ուժեղ պետք է լինի, որ ցանկացած դիտորդից մենք որևէ բարդույթ չունենանք։ Մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ ներսում՝ հայության մեջ, ոչ թե Արցախում։ Երբ մարդիկ կան, որ ղարաբաղցիներին թուրք են համարում, երբ մարդիկ կան, որ հայտարարում են, թե Հայաստանը կարող է լինել առանց Արցախի, բայց առանց Ամուլսարի չի կարող, երբ մարդիկ իրենց ավելի բարձր են դասում, քան Արցախի պետականությունը, թույլ են տալիս Արցախի պետականության ատրիբուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչ է, դրանո՞վ է հայրենասիրությունը դրսևորվում։

Հայրենասիրությունը դա չէ, հայրենասիրությունը քրտնաջան աշխատանքն է, մեկը մյուսին հարգելն է և ոչ թե մեկը մյուսին էմոցիաներ արտահայտելը։ Մենք արդեն կայացած երկիր ենք։ Ի վերջո, Ադրբեջանի, Թուրքիայի այս ցանցի դեմ ենք դիմակայում տասնամյակներ շարունակ։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք մեր կարծիքն արտահայտենք և ասենք՝ մենք այսպես ենք մտածում, և սա յուրահատուկ ազդակ կլինի աշխարհին: Մենք վախենալու և թաքցնելու որևէ խնդիր չունենք։

– Դանիել Իոաննիսյանն ահազանգում է, որ Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախցի ընտրողների իրազեկման համար գումար է պահանջում։ Նա ասել է, որ Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն ինքը պետք է շահագրգռված լիներ այսօրինակ տեսանյութերի տարածմամբ, գումար է պահանջում այս տեսանյութերի հեռարձակման համար: Ի՞նչ խնդիր է առաջացել, և ինչո՞ւ է Արցախի հեռուստատեսությունը հրաժարվում։ Ի՞նչ է ձեզ հայտնի։

– Արցախի հանրային հեռուստատեսությունն ունի իր կանոնադրությունը, և կա օրենքի պահանջ։ Այստեղ որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել, և կարծում եմ, շուտով պարզաբանում կտա նաև Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Այստեղ քաղաքական կամ անձնավորված մոտեցում չկա, կա օրենք պահանջ։

Կրկնում եմ՝ այստեղ որևէ խտրականություն որևէ կազմակերպության համար չկա և չի կարող լինել, բայց կա օրենքի պահանջ։ Այստեղ որևէ քաղաքական խնդիր չի կարող առաջանալ, խնդիրը իրավական դաշտում է, և օրենքն է կարգավորում այդ ամենը։ Պարզաբանումը կլինի, բոլորի համար պարզ կլինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am