Արտակարգ դրությունը եթե երկարաձգվի, շարունակենք փակ մնալ, դա կարող է լուրջ սոցիալական կոլապսի բերել. Միքայել Մելքումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

– Պարո՛ն Մելքումյան, ըստ ամենայնի, արտակարգ դրությունը Հայաստանում կերկարաձգվի: Տնտեսական առումով՝ ի՞նչ խնդիրների առջև ենք կանգնելու:

– Վարակակիրների մասին վերջին ցուցանիշները ցույց են տալիս, որ առանձնապես շատ ուրախանալու բան չկա, որովհետև այդքան վարակակիրներն իրենց հերթին որոշակի թվով մարդկանց պետք է վարակած լինեն: 

Բայց եթե շարունակել փակ մնալ, դա կարող է լուրջ սոցիալական կոլապսի բերել: Եթե հիշում եք՝ մարտի 14-ին, երբ առաջին անգամ արտակարգ դրություն էր հաստատվում, ես հարց ուղղեցի վարչապետին, թե ինչ սցենար է նախատեսվում: Սցենարը երկու ամսվա համար էր: 

Ես ասացի, որ չեմ կիսում այդ մոտեցումը, ավելի հոռետեսական սցենար եմ ենթադրում: Նա ասաց, որ այդ դեպքում ուրիշ մեթոդների պետք է անցնենք: 

Հիմա, ըստ երևույթին, պետք է երկու տեսանկյունից գնահատել իրավիճակը. մեկը, եթե բացում ենք, որին ես կողմ եմ, դրան զուգահեռ պետք է շատ կոշտ պատասխանատվության ինստիտուտներ ու ռեժիմ դնենք գործատուների առջև՝ կապված առողջապահական անվտանգության, սոցիալական հեռավորության և այլնի հետ: 

Եթե մենք լրիվ բացենք, և տեղի ունենա այն, ինչ հիմա է անում ժողովուրդը, մենք շատ տխուր ցուցանիշներ կունենանք: Իսկ մարդկանց կյանքը խաղալիք չէ, պետք է լուրջ գնահատումներ անենք: 

Երկրորդ՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է նաև այն պատճառով, որ եթե ընթացքում իրավիճակը վատթարանա, նորից խստացումներ մտցնեն: 

Այսինքն՝ այնպես չէ, որ մենք համոզված ենք, որ զարգացումներն անպայման դրական են լինելու: Երբ ես դեռ մարտի 14-ին հարցնում էի, թե պիկը երբ է գալու, մարդիկ նշում էին՝ 2-3 շաբաթ, բայց հիմա մենք դեռ պիկին չենք հասել: 

– Հակաճգնաժամային աջակցության բոլոր ծրագրերը նախատեսված էին մեկ ամսվա համար կամ մեկանգամյա էին: Հիմա, երբ ճգնաժամը ձգվում է, արդյոք դա սոցիալական ընդվզման նախադրյալներ չի՞ ստեղծում: 

– Գիտեք, որ մեր քաղաքական ուժը տվել է և՛ փաթեթներ, և՛ օրենքի նախագծեր: Օրինակ՝ դրանցից մեկը կարծես թե մերժվում է, որով առաջարկում ենք «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն անել, որ այն մարդկանց, որոնք միայնակ ծերեր, միայնակ հաշմանդամներ, միայնակ մայրեր են, որոնց ընտանիքներում եկամուտը կենսապահովման նվազագույն զամբյուղից ցածր է, երեք ամիս այդ տարբերությունը փոխհատուցել: 

Սա, մեր կարծիքով՝ կարևոր լուծումներից մեկն է: Կամ նույնը ասում ենք օրավարձով աշխատողների համար, խոցված ոլորտների համար հարկային արձակուրդ տրամադրելու մասով և այլն: 

Կարծում եմ՝ բիզնեսին աջակցությունը և սոցիալական աջակցությունը պետք է բալանսավորված լինեն: Ես ասել եմ, որ մեր օրական կորուստները վերջին երկու ամսում եղել են 40 մլն դոլար: 

Այդ հաշվարկը մի անգամ արել եմ: Իսկ այն ներարկումը, որ պետությունն արել է, խոսքը 80 մլրդ դրամի մասին է, օրական անում է մոտ 3-3,5 մլն դոլար: Դե տեսեք՝ 40 միլիոնը որտեղ, 3 միլիոնը որտեղ: 

Այդ բացը ո՞նց է լրացվելու: Այսինքն՝ պրոբլեմները առաջիկայում են լինելու, որովհետև մարդիկ դեռ 1-2 ամիս իրենց աշխատատեղերը կպահեն, գործատուներն իրենց խնայողությունների հաշվին մի բան կանեն, բայց եթե մարդիկ աշխատավարձ չստանան, չաշխատեն, ճգնաժամը պրոբլեմային է լինելու հուլիս-օգոստոսից հետո: 

Օրինակ՝ ԱՄՆ-ն արդեն 17-18 մլն աշխատատեղ կորցրել է: Մենք չգիտենք, թե մեր աշխատատեղերի հետ ռեալ ինչ է կատարվում: Այնպես որ, ես դեռևս ոչ մի ուրախանալու բան չեմ տեսնում:

– Կորոնավիրուսով պայմանավորված այս անորոշությունների պայմաններում ի՞նչ պետք է անի պետությունը, որ կորուստները նվազագույնի հասցնի, այն դեպքում, երբ արդեն այսօր բնակչության մոտ 1/3-ը աղքատ են համարվում:

– Պետք է կարողանան լրջագույն միջոցներ, փոխառություններ ներգրավել: Հիմա ճիշտ ժամանակն է, որ դրսից ներգրավեն մեծածավալ միջոցներ: Երբ մենք անցյալ տարի ասում էինք՝ տարեկան 1,5-2 մլրդ դոլար պետք է մտնի Հայաստան, որ կոչվի տնտեսական զարգացում, հիմա պետք է փոխառություններ ներգրավել: 

Երկրորդ՝ մենք պետք է և՛ սոցիալական աջակցություն տանք մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, և՛ բիզնեսը զարգացնենք: Ես նշեցի, թե ինչքան է կորուստների և ներարկվող միջոցների տարբերությունը: 

Այդ ներարկումները պետք է կտրուկ ավելացնել: Երրորդ՝ բոլորի համար պետք է համահարթ հարկային արձակուրդ տրվի: Հարկային արձակուրդ ասելով չեմ ասում բոլորի համար, այլ այն ոլորտների, որոնք լրիվ խոցվել են: 

Հաջորդը՝ մենք առաջարկներ ենք արել, որ եթե խոսքը օրավարձով աշխատողների մասին է, ապա պետք է այդ մարդկանց գրանցեն, որ այդ մարդկանց էլ կարողանանք աջակցել:

 Հաջորդն այն է, որ առաջարկել ենք սահմանին դեղորայքի ու պարենի համար ավելացված արժեքի հարկը հետաձգել: Սա էլ լուծումներից մեկն է: Առաջարկել ենք սնանկացման շեմը բարձրացնել, որ ձեռնարկությունները չսնանկանան: 

Հիմա շեմը 1 մլն դրամ է, գոնե դարձնեն 2,5-3 մլն դրամ: Հաջողվեց օրական տույժերը կիսով չափ նվազեցնել, արգելադրման շեմը 500 հազար դրամից դարձրինք 1,5 մլն դրամ:

Այդ ամենից զատ, շատ կարևոր հարց է արագությունը, պետք է արագություն հաղորդել քայլերին: Այժմ կարծեմ ընդամենը 14 հազար տնտեսավարող սուբյեկտ է ստացել աջակցություն, իսկ մենք ունենք 92 հազար սուբյեկտ: Այսինքն՝ հարցը նաև արագության մեջ է:

– Արտագնա աշխատողների՝ խոպանչիների հարցն ինչպես պետք է լուծվի, որոնք մնացել են տանը նստած:

– Կառավարությունը բերեց նախաձեռնություն, որ 100 և ավելի օբյեկտներ տարբեր մարզերում վերանորոգվում են և պետք է ներգրավել մեծ թվով մարդկանց: Ես փորձում եմ այդ շինարարության ծավալները ճշտել, որպեսզի տեսնենք, թե քանի աշխատատեղ պետք է ներգրավեն այդտեղ: 

Առայժմ չեմ կարողանում ճշտել, թե քանի աշխատատեղ է նախատեսվում: Բայց, կարծում եմ, հիմա հենց այն պահն է, որ երկրում ինչ-որ պետք է կառուցել, սարքել, նորոգել՝ պետք է դրանք անել: 

Նույնը գյուղատնտեսության ոլորտում է, պետք է գնալ մարդկանց խորհրդատվություն անել, որովհետև գյուղացիներ կան, որ մի բան գիտեն, միգուցե ուրիշ բանով պետք է զբաղվեն: 

Հիմա պետք է պետությունն այդ խորհրդատվությունը կազմակերպի, ասի՝ էս քեզ փողը, սա կազմակերպիր, վերջում էլ քո ապրանքը առնելու եմ:

 Երաշխիքները պետք է պետությունը տա, որը կարծեմ լավ չի տալիս կամ ընդհանրապես այս պահին չի տալիս: 

Մանե Հարությունյան

MediaLab.am