«Պարկերով կարտոֆիլ էին բերում, երեխաներին՝ խաղալիքներ, հագուստ, բոլորն օգնում էին»․ Ծարավ Աղբյուրում համախմբվել են՝ հանուն հայրենիքի

Վերջին օրերին Երևանի Ծարավ Աղբյուրի թաղամասի «Ֆուդ ֆոր ֆեմիլի» սրճարանում յուրօրինակ եռուզեռ է․ մարդիկ են մտնում՝ տարբեր տարիքի՝ ձեռքերին՝ հագուստ, կենցաղային իրեր, տարբեր պարագաներ: Սրճարանի խաղասրահում կանայք են նստած՝ ընդունում են հագուստները, իրերը, այնուհետև դասավորում են, փաթեթավորում: Թաղամասի բնակիչները եռանդուն կերպով համախմբվել են՝ օգնություն ցուցաբերելու Արցախից Երևան եկած քաղաքացիներին, որոնք ապաստան են գտել սրճարանի հարևանությամբ գտնվող ԵՊՀ հանրակացարաններում։

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող թեժ մարտերով պայմանավորված՝ Արցախից Հայաստան ժամանած 90 քաղաքացի ապաստան է ստացել ԵՊՀ հանրակացարաններում։

Ծարավ Աղբյուրի թաղամասի բնակիչները առաջին իսկ օրից ձեռնամուխ են եղել նրանց համար ապահովել առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ և կերակուր։

«Այս ամեն ինչը սկսվեց այն պահից, երբ իմացանք, որ ԵՊՀ հանրակացարանում կա արդեն 10 մարդ, որոնք սննդի կարիք ունեն: Մենք ասացինք՝ կկազմակերպենք, ես կապվեցի Լուիզայի հետ, առաջին բանը, որ մեր մտքով անցավ, այս սրճարանի բարյացակամ մարդիկ էին, հանձն առան մինչև 60 մարդու կերակրել: Մեկ-երկու օր առաջ արդեն իրենք Ֆեյսբուքում գրել էին, որ պատրաստ են 5-10 մարդ ընդունել, կերակրել, հարևաններն էլ միանգամից արձագանքեցին, ով ինչով կարողացավ՝ պարկերով կարտոֆիլ էին բերում, երեխաներին խաղալիքներ, հագուստ, ոնց կարողանում էին, բոլորն օգնում էին»,- «Մեդիալաբին» պատմում է բնակիչ Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանը

Թաղամասում գործող «Ֆուդ ֆոր ֆեմիլի» սրճարանի հիմնադիրները առաջին օրերին ապահովել են սնունդով, հաջորդիվ միացել են այլ ընկերություններ և ուտելիք են մատակարարում, իսկ թաղամասի բնակիչներ Աննա Գրիգորյանն ու Լուիզա Ավագյանը հոգում են բոլոր կազմակերպչական հարցերը՝ ճշտում, որ մարդն ինչի կարիք ունի, ինչ ապրանքի կարիք կա, տեղեկացնում են մյուս բնակիչներին և, բոլորով համախմբված՝ առավոտից մինչ ուշ գիշեր ներգրավված են հայրենակիցներին օգնելու գործում։

Բնակիչ Լուիզա Ավագյանի խոսքով՝ մարդկանց մեծ մասը իրենց տնից դուրս է եկել ու ինչ հագուստով եղել է՝ եկել է, ուրիշ բան չեն հասցրել իրենց հետ վերցնել։ 

Աջից՝ Լուիզա Ավագյանը

Լուիզան և Աննան այս օրերին մոռացել են թե իրենց տունը, թե մնացյալ այլ գործեր և փորձում են իրենց օգնությունը տրամադրել։ Ամբողջն օրն անցկացնում են սրճարանի տարածքում գտնվող խաղասրահում, որտեղ անընդհատ նոր հագուստ և իրեր են հավաքվում: Նրանք և նրանց միացած կամավոր մյուս բնակիչները դասավորում են իրերը և ըստ կարիքի բաժանում մարդկանց։

Աննան և Լուիզան պատմում են, որ ամբողջ թաղամասը մեկ մարդու պես ոտքի է կանգնել՝ սրճարանի հարևանությամբ գտնվող վարսահարդարման սրահը գեղեցկացնում է մարդկանց, մսամթերքի խանութը միս է տալիս, մեկ այլ խանութ տրամադրում է փաթեթներ հագուստների համար։

Աննան և Լուիզան ասում են, որ այս օրերին ամենապահանջված իրերը հիգիենայի պարագաներն են, ներքնաշորերը և կենցաղային պարագաները։

«Ֆուդ ֆոր ֆեմիլիի» սրճարանի ղեկավար Լուսինե Խաչատրյանի ամուսինն էլ վերջին օրերին զորակոչվել է բանակ: Թեև Խաչատրյանը մտքով ամուսնու հետ է, սակայն չի դադարում օգնել սրճարան անընդհատ ելումուտ անող կամավորներին ու Արցախից եկած հայրենակիցներին։

«Ֆուդ ֆոր ֆեմիլիի» սրճարանի ղեկավար Լուսինե Խաչատրյանը

«Երբ պատերազմական վիճակը ստեղծվեց, մենք որոշեցինք, որ Արցախից եկած մարդկանց օրվա հացի խնդիրը լուծենք: Ֆեյսբուքում գրել էինք, որ կարող ենք 5-10 հոգու սննդի հարց լուծել։ Այսօր միացել են նաև այլ ընկերություններ։ Նաև տարածքը տրամադրել ենք, որ այստեղ օգնությունը հավաքվի, հագուստի և մնացած պարագաների հարցը կոորդինացվի»,- ասում է Խաչատրյանը։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից եկած Մարիա Հովսեփյանին էլ սրճարանի ղեկավարն առաջարկել է միանալ սրճարանի աշխատանքներին և գումար վաստակել։ «Առաջարկել ենք, որ գան, նաև զբաղվածություն կլինի, կվճարվեն դրա համար։ Փառք Աստծո, այլ հաճախորդներ գալիս են, կարողանում ենք գումար վաստակել»,- ասում է Խաչատրյանը։

Մարիա Հովսեփյանն ու մայրը՝ Մայա Հովսեփյանը, Ստեփանակերտից ավտոբուս են նստել և եկել Երևան։ Հայրը և եղբայրը Ստեփանակերտում են մնացել։ Հայրը նախորդ պատերազմից երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել, եղբայրն էլ առողջական խնդիրներ ունի, մնացել են Ստեփանակետում, որ պետք լինի՝ գնան կռվի։

Մարիա Հովսեփյանն ու մայրը՝ Մայա Հովսեփյանը

«Ավտոբուսներով եկանք, ավտոբուսի վարորդը բերեց էստեղ, տեղավորվեցինք հանրակացարաններում, մի քանի շոր էինք վերցրել, մեզ էստեղ օգնություն տվեցին։ Թեյի գդալից սկսած՝ ամեն ինչ տալիս են»,- ասում է Մարիան։

Ասում է, որ Ստեփանակերտում տունը կանգուն է, դեռևս հարված չի եղել, հույս ունի, որ շուտով ամեն ինչ կավարտվի, և կվերադառնան տուն։

«Իրանց ուզածը մեր Ղարաբաղն ա, բայց իրանք դրան չեն հասնելու, քանի որ մենք սաղս Աստծուն աղոթում ենք, ու մեր քաջ տղաներն էնտեղ են, իրանք չեն կարա վերցնեն, էդ մերն ա, էն, ինչ մերն ա՝ մերն ա։ Եթե էս հեռախոսը ձերն ա, ես կարա՞մ ասեմ՝ իմն ա։ Էն հողը, որի վրա արյուն ա թափվել, չի կարա ուրիշինը լինի»,- հուզված ասում է Մարիան։

Մարիան համաձայնել է՝ քանի դեռ Երևանում է՝ աշխատանքի անցնել սրճարանում։ «Առաջին անգամ եմ նման աշխատանք անելու, աման եմ լվանալու, բայց իմ համար դա խնդիր չէ, աշխատածս գումարն էլ հետ եմ գցելու, որ ստեղից գնամ, առևտուր անեմ տան համար, մինչև կարգավորվի»,- հուզմունքն արդեն հաղթահարած նշում է Մարիան։

«Մեր հոգու խորքում ցավ կա, բայց սպասում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, ու սաղս գնալու ենք մեր տները»,- ասում է Մարիան։

Ծարավ Աղբյուրի բնակիչ Լուիզա Ավագյանն էլ հավելում է, որ ամեն ինչ արվում է, որ որևէ բանի կարիք չունենան առանց այն էլ իրենց հետ ոչինչ չբերած, տուն ու տեղը թողած հայրենակիցները։

«Կան շատ մարդիկ, որ ասում են՝ մի վերարկու վերցնեմ, տանեմ, հետո գալիս են, տեսնում են, թե էստեղ էդ մարդիկ հերթ են կանգնած, սպասում են, շոր են նայում, միանգամից նրանց ներաշխարհը խառնվում է, գնում են, ինչ կա-չկա՝ բերում են կամ սկսում են ինչ-որ ճանապարհներ ման գալ՝ ոնց օգնեն, ու այսպես մի մեծ շղթա է դառնում»,- նշում է Ավագյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am