«Եթե Ադրբեջանը չուզենար զինադադար կնքել կամ այլընտրանք ունենար, չէր գնա հասնի Մոսկվա». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, արդեն փաստ է, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երեկ Մոսկվայում։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

– Ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, բայց դե Ադրբեջանը որոշ հատվածներում դեռևս փորձում է ինչ-որ քայլերի դիմել։ Դա միշտ այդ երկրի ոճն է եղել, նաև իներցիայով է գնում։ Իհարկե, Բաքուն փորձելու է այդ ամենը մեզ վրա բարդել, բայց ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, չի կարող չպահպանվել, որովհետև դա միջպետական, տարբեր մեծ երկրների միջնորդությամբ հաստատված զինադադար է։ 

– Այսինքն՝ հրադադարը պահպանվում է մասա՞մբ։

– Տեսեք՝ քաղաքական և աշխարհաքաղաքական առումով արդեն կա որոշում, որ ռազմական գործողությունները դադարեցվում են։

Այո՛, Ադրբեջանը ժամը 12-ից որոշ ժամանակ պակաս և 12-ից մի քիչ անց շարունակել է սադրիչ քայլերը, հիմա էլ որոշ տեղերում խախտում է հրադադարը, բայց ընդհանուր առմամբ որևէ մեկը չի հրաժարվել հրադադարից, և այն պահպանվելու է։

Ես ավելի քան համոզված եմ, որովհետև եթե չի պահպանվում, այլ մեխանիզմներ են մտնելու, այլ հարցեր են առաջանալու, այլ գործողություններ են հետևելու։ 

– Այսօր ավելի լարված է Հադրութի հատվածում, որտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։


– Այո՛, դիվերսիոն փորձը եղել է, բայց կարծում եմ՝ սա Ադրբեջանի ագրեսիայի վերջին մնացորդային երևույթներն են։ Որովհետև եթե նրանք չուզենային զինադադար կնքել կամ այլընտրանք ունենային, չէին գնա հասնի Մոսկվա և 10 ժամ չէին մտնի բանակցությունների մեջ։ Ոնց են բացատրելու դա, իրենց կասեն՝ չեք ուզում, ի սկզբանե մի եկեք բանակցելու։ Դրա համար ճիշտ չի որակել, որ զինադադար կնքվել է, բայց փաստացի չկա։ 

– Թուրքիայից էլ հայտարարություններ են հնչում ԱԳՆ-ի մակարդակով, որ շարունակում են աջակցել Ադրբեջանին։ Սա մտահոգիչ չէ՞ մեզ համար։

– Մտահոգիչ է, և մենք հիմա ունենք բոլորովին այլ Հարավային Կովկաս, քան եղել է 2 շաբաթ առաջ։ Այսինքն՝ Թուրքիան փաստորեն մտել է այս աշխարհաքաղաքական տարածք և դժվար թե կամավոր դուրս գա այստեղից։

Սա արդեն իրականություն է։ Նա կմնա Ադրբեջանում՝ մասնավորապես, Նախիջևանում բոլոր պատրվակներն օգտագործելով։ Թուրքական բանակի զինծառայողները կհագնեն ադրբեջանական զինված ուժերի համազգեստ, բայց կմնան Ադրբեջանում, և սա բոլորովին նոր իրավիճակ է, որ մարտահրավեր ու նոր վտանգներ է։

Սա նաև հնարավորություններ է մեզ համար, որովհետև ցանկացած մարտահրավեր ոչ միայն վտանգ է, այլ նաև հնարավորություն։ 

– Նախօրեին Ֆրանսիայի քաղաքներից մեկի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը և դիմեց երկրի կառավարությանը նույնը անելու կոչով։ Ֆրանսիան կարո՞ղ է լինել առաջին երկիրը կամ երկրներից մեկը, որը կճանաչի Արցախի անկախությունը։ 

– Մենք ողջունում ենք այդ գործընթացը։ Պետք է իրատես լինենք, հանկարծ իրականությունից չկտրվենք։ Ես չգիտեմ, թե տարբեր երկրներ երբ են ճանաչելու Արցախը կամ չեն ճանաչելու, դա ցույց կտա ժամանակը։

Մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք, բայց այն, որ տեղական, մունիցիպալ մակարդակներով ճանաչման գործընթացը նոր թափ է ստանալու, սա, ըստ երևույթին, արդեն ակնհայտ է։

– Ըստ ձեզ՝ ե՞րբ կլինի վերջնական զինադադարը, երբ այլևս չե՚ն լինի դիվերսիոն ներթափանցման փորձել, հրթիռակոծումներ։ Նաև՝ այս հումանիտար հրադադարը որքա՞ն ժամանակ է գործելու։

– Դուք մի՛ համարեք, որ սա միայն հումանիտար զինադադար է։ Անունն է այդպես, որովհետև դա հանրությանը մատուցելու լավագույն ձևն է, սա անժամկետ է։

Ո՞նց եք պատկերացնում, հզոր պետություններն Ադրբեջանի ագրեսիայի առաջին օրվանից բանակցում են, քայլեր են ձեռնարկում, կազմակերպում են հանդիպում, 10 ժամից ավելի բանակցում են, ու դրանից հետո 1 ժամո՞վ պետք է դադարեցնեն կրակը։

Դա լուրջ չէ։ Եթե այդ մեծ աշխատանքը կատարվել է, չեն կարող գալ ու մեկ օրով ռազմական գործողությունները դադարեցնել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ լուրջ հարված է լինելու Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին։ 

– Այդուհանդերձ, այսօր էլի Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռակոծումներ եղան։


– Այո՛, եղել են մինչև ժամը 12-ը, հետո հարաբերական անդորրը վերականգնվեց։ 

– Մարդիկ վերադառնում են իրենց տնե՞րը, թե՞ դեռ վաղ է խոսել այդ մասին։ 

– Վերադարձողներ կան, կարծում եմ՝ որոշ ժամանակ անց գործընթացը կսկսվի։ Իհարկե վերադառնալու են, ո՞նց կարող են չվերադառնալ։ 

– Բանակցությունները ո՞ր դեպքում կսկսվեն, և արդյոք շփման գծի փոփոխություն առհասարակ պե՞տք է լինի, թե՞ ոչ։ 

– Դա ցույց կտա ժամանակը, բայց, ընդհանուր առմամբ, մենք պետք է հասկանանք, որ թևակոխում ենք մի նոր ժամանակահատված, որտեղ լինելու է թեժ աշխարհաքաղաքական մրցակցություն մեր տարածաշրջանում, շատ թեժ։

Որովհետև Թուրքիայի մուտքն այստեղ արդեն իսկ նոր իրավիճակ է ստեղծում։ Իհարկե, բանակցային գործընթացը շարունակվելու է, բնական է, որ սկզբնական փուլում հասարակությունները պետք է շոկից, այդ ամեն ինչից դուրս գան, և հիմա խոսել ինչ-որ վերջնական կարգավիճակի մասին, շատ վաղաժամ է, հատկապես այս մթնոլորտում, երբ այդքան մարդ զոհվեց։

Դեռ շատ վաղաժամ է խոսել կարգավորման ինչ-որ սցենարների մասին։ Պետք է դեռևս մարդասիրական հարցերը լուծել, մարդիկ պետք է այդ վերքերից գոնե մի քիչ ապաքինվեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am