«Ամենաողորմելի վիճակում հայտնվել է Հայաստանը». Ստեփան Սաֆարյանը` ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի մասին

«Ամենաողորմելի վիճակում հայտնվել է Հայաստանը». Ստեփան Սաֆարյանը` ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի մասին
«Ամենաողորմելի վիճակում հայտնվել է Հայաստանը». Ստեփան Սաֆարյանը` ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի մասին

Քիչ առաջ ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով անցկացված բանաձեւին, որը ճանաչում է երկրի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական համարում Ղրիմում անցկացված հանրաքվեն, դեմ քվեարկած Հայաստանի դիրքորոշման շուրջ արդեն իսկ սկսել են մեկնաբանությունները: 
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը անդրադառնալով տեղի ունեցածին, նշել է, թե Հայաստանն հայտնվել է ամենաողորմելի վիճակում, քանի որ նույնիսկ չի կարողացել ձեռնպահ քվեարկել: 
Հիշեցնենք, որ քիչ առաջ Նյու Յորքում ընդունված բանաձեւին դեմ են քվեարկել 11 երկիր: Բանաձեւն ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն»-ը,  Հայաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել նաև բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։ Ի դեպ, ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանը ընդհանրապես չեն քվեարկել: Չի քվեարկել նաև Թուրքմենստանը:

«Թերեւս արժե, որ Ուկրաինայի հասարակությունն ու մեր ընկերները իմանան, որ մենք չենք կիսում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի իշխանությունների խայտառակ դիրքորոշումը: Ես ամաչում եմ, որ քվեարկությունից մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է, թե ձեռնպահ է քվեարկելու բանաձեւին, բայց անմիջապես հաջորդ օրը Հայաստանը ոչ միայն իրավունքի վրա թքած ունեցող երկրների խայտառակ կամպանիայի (Բելառուս, Բոլիվիա, Կուբա, ԿԺԴՀ, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդանը Սիրիա, Վենեսուելա եւ Զիմբաբվե) մեջ է հայտնվում, այլեւ անկանխատեսելի վարքագծով շարունակում է միջազգային հանրության շրջանում ամրապնդել անվստահելի գործընկերոջ իմիջը,-տեղի ունեցածին անդրադարձել է Ստեփան Սաֆարյան:

Ներողություն, Ուկրիանա եւ ուկրաինացի ժողովուրդ: Այսքանից հետո ո՞վ է բանի տեղ դնելու իրավունքի ու արդարության թեմայով ՀՀ պաշտոնատար անձանց տրտունջներին ու պահանջատիրությանը: Այդ քվեարկությունից հիմնական կողմերը գոհ են: Ռուսները գոհ են, որ չեն մեկուսացվել եւ առնվազն 10 երկրներ իրենց տակ են, ինչպես Լավրովն է ասում՝ բարոյական հաղթանակ են տարել, Արեւմուտքն ու Ուկրաինան գոհ են, որ Ղրիմի հանրաքվեն չի ճանաչվել:

Ամենաողորմելի վիճակում հայտնվել է Հայաստանը, որը այնքան անկախության ու ինքնիշխանության ռեսուրս չունի, որ կարողանա 58 երկրի նման գոնե ձեռնպահ քվեարկի»:

© Medialab.am